Մի կողմից գեղական շուստրիության տրամաբանություն, մյուս կողմից` նման քայլեր

Մի կողմից գեղական շուստրիության տրամաբանություն, մյուս կողմից` նման քայլեր

Հայաստանի ամերիկյան համալսարանը $1,8 մլն դրամաշնորհ է ստացել «առաջադեմ կենսաբանության և շրջակա միջավայրի գիտությունների լաբորատորիա» հիմնելու համար։ Դրամաշնորհը հատկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Արտասահմանում ամերիկյան դպրոցներ և հիվանդանոցներ» (ԱԱԴՀ) ծրագրի կողմից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ լաբորատորիայի հիմնումը «կնպաստի համալսարանում գիտահետազոտական աշխատանքի զարգացմանը կենսաբանական և բնապահպանական գիտությունների ոլորտում, ինչպես նաև կհզորացնի համալսարանում առկա տվյալների և համակարգչային գիտությունների ներուժ»: Տարիներ առաջ Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների թեման մեծ աղմուկի տեղիք էր տվել, հատկապես ընդվզում էին Ռուսաստանյան իշխանությունները: Այդ մասին խոսել է անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մարիա Զախարովան և այլք: Զախարովան չէր բացառել, որ այդ լաբորատորիաներում հնարավոր է, որ «աշխատանքներ են տարվում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների, այդ թվում՝ ռազմական նպատակներով ստեղծելու և փոփոխելու ուղղությամբ»:

Հայաստանում անցյալում 6 նման լաբորատորիաներ էին գործում, հիմա փաստորեն` եւս մեկն է ստեղծվում:

Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ, ով խորացել է այս թեմայի մեջ: 

- Հայաստանում ամերիկյան համալսարանը ոգևորված է կենսաբանական լաբորատորիա ստեղծելու համար գրանտ ստանալու հանգամանքից: Կենսաբանական այս լաբորատորիաներն ի՞նչ են իրենցից ներկայացնում: Ինչո՞ւ է նորից նման բիոլաբորատորիա ստեղծվում Հայաստանում: Կենսաբանական լաբորատորիաների առկայությունը Հայաստանում Ռուսաստանում շատ վատ է ընկալվում, իսկ Փաշինյանը կարծես ուզում է բարելավել հարաբերությունները….

- Նախ ասեմ, որ ես շատ հեռու եմ այն տեսակետից, որ Հայաստանի իշխանությունները հիմա պրոռուսական կեցվածք ունեն, կամ ցանկանում են հարաբերությունները ՌԴ-ի հետ կարգավորել: Այս ամենն անում են Ռուսաստանին հերթական անգամ գեղական շուստրիությամբ խաբելու համար: Այլ հարց է, թե ինչու են ռուսները այս ինքնախաբեությանը տրվում: Գուցե իրենց համար էլ կան այլ առաջնահերթություններ, գուցե Ռուսաստանն իրեն այնքան էլ ուժեղ չի զգում, որպեսզի կտրուկ հակադարձումների գնա, սակայն փաստն այն է, որ տրվում են ինքնախաբեությունների: Այս իշխանություններն իրենց էությամբ հակառուսական են, իսկ եթե ավելի խորքային նայենք` պարզապես հակահայկական են: Շատ լարված իրավիճակ է միջազգային քաղաքական ասպարեզում և դեռ շատ երկար ժամանակ է այս լարվածությունը պահպանվելու: Կան մրցակցող ուժեր, այդ ուժերից մեկը` Միացյալ նախահանգներն իր դաշնակիցների հետ խնդիր է դրել ամեն հնարավոր ձևերով ու միջոցներով թուլացնել ՌԴ-ն: Այն, որ Հայաստանում ստեղծվում են նման կենսաբանական լաբորատորիաներ, պատահականություն չէ: Ռուսաստանը Խորհրդային միության ժառանգորդն է, լավագույն անվտանգության համակարգը նրանցն է: Ռուսները շատ լավ գիտեն, թե ինչ ասել է կենսաբանական լաբորատորիա: Հայաստանի օրվա խամաճիկային իշխանության թույլտվությամբ մեր երկիրը վերածվել է «պռախադնոյ դվոռ»-ի: Ամերիկյան իշխանությունները Հայաստանում անում են այն, ինչ ցանկանում են, առանց որևէ դիմադրության: Հայաստանը վերածում են հակառուսական պլացդարմի, այս լաբորատորիաները դրա վառ ապացույցն են: Կենսաբանական զենքերից զատ, Ռուսաստանին Ամերիկան կենսաբանական անվտանգության առումով է ուզում ճնշել: Ըստ ռուսական աղբյուրների` նման բիոլաբորատորիաները կատարում են գենետիկ ուսումնասիրություններ, փորձում են այնպիսի կենսաբանական հարվածային միջոցներ ստեղծել, որ հենց Ռուսաստանի բնիկ ժողովրդին խոցեն: Ըստ ռուսական բաց աղբյուրների` ռուս ժողովրդի գենետիկան ուսումնասիրության ենթարկելով համապատասխան ուղղվածությամբ բակտերիաներ են ստեղծում, հիվանդություններ տարածում: Իսկ ի՞նչ է նշանակում նման արհեստական հիվանդությունների տարածումը, նշանակում է` երկիրը թուլացնել, հարվածել դեմոգրաֆիային, հարվածել երկրի տնտեսությանը: Ոչ մի լավ բանի չի կարող այն հանգեցնել և պատահական չէ, որ ռուսները պարբերաբար պահանջում են, որպեսզի առնվազն մուտք ունենան Հայաստանում տեղակայված բիոլաբորատորիաներ: Մենք տեսնում ենք, որ մի կողմից գեղական շուստրիության տրամաբանությամբ վարչապետ կոչեցյալը հանդիպումներ ունեցավ Մոսկվայում, լուսանկարներ հրապարակեց մեզ` բոլորիս խայտառակ անելով և այդ ամենի ֆոնին տեղի են ունենում նման պրոցեսներ: Ռուսներն ամեն ինչ շատ լավ էլ հասկանում են, սակայն հավանաբար դեռևս պատրաստ չեն հակադրվելու: Այս ամենը Հայաստանը վերածում է ընդգծված հակառուսական պլացդարմի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Բուն հարցից շեղվելով ասեմ, որ իրանական աղբյուրները տարածել են մի վտանգավոր տեղեկություն, առ այն, որ Սյունիքի մարզում ՀՀ իշխանությունները թույլատրել են ամերիկյան ուժերին, որպեսզի կայանների միջոցով վերահսկեն իրանական հրթիռների արձակմանը: Պատկերացնո՞ւմ եք մենք խոսում ենք աշխարհաքաղաքական բարդ հարցերից, սակայն առնվազն Իրանի նման հուսալի բարեկամի և դաշնակցի հանդեպ նման քայլերի ենք գնում: Աստված մի արասցե, եթե իրավիճակը սահմանին սրվի, Իրանն է այն հուսալի դաշնակիցը, որը կարող է աջակցել հայկական կողմին: Առ այս պահը Ալիևն իր հակահայ ու ծավալապաշտական ամբիցիաներին հագուրդ չի տալիս Իրանի կտրուկ մոտեցման պատճառով: Հայաստանի իշխանություններն այժմ կտրուկ քայլեր են սկսել նաև Իրանի դեմ: Իրանին ոչ միայն սա կարող է դուր չգալ, այլև կարող է մեզ թշնամի դարձնել: Այս իշխանություններից ավելի սարսափելի բան դժվար է ընկալելը: Նրանք քանի կան, մենք ոչ մի բանից չպետք է զարմանանք: Հայաստանը Արևմուտքի շահերը սպասարկող մի անհասկանալի պետություն է դարձել, որն այլևս չունի որևիցե դաշնակից:

- Իսկ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են կատարում:

- Ձևավորում են հատուկ հիվանդությունների բակտերիաներ, որոնք ինչ-որ ձևով` արտահոսքի միջոցով դուրս են գալիս և խնդիրներ առաջացնում: Ի դեպ երբ վարարեց Դեբեդ գետը տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանում մի գաղտնի բիոլաբորատորիայի գործողության արդյունքում է դա եղել: Ըստ շատ հավաստի աղբյուրների` գետի վարարումից օրեր առաջ նախազգուշացում է արվել, սակայն միևնույն ժամանակ այն կանխելու համար ոչինչ չի արվել: Ես կարող եմ որպես փորձագետ ենթադրել, որ արհեստականորեն այնպես էին արել, որ վարարի գետը և իքս հիվանդություն առաջացնող բակտերիա տարածվի, ամերիկյան մասնագետներն էլ նստեն ու նայեն, թե իրենց ստեղծած լաբորատորիան Հայաստանում ինչպիսի «հերոսություններ» է անում: Սա հավանական սցենար է: Եկեք չմոռանանք, որ շատ լուրջ վարկած կա, որ Քովիդ 19-ը նույնպես վնասված լաբորատորիաներից մեկի արդյունքում է տարածվել: Սրանք լրիվ տրամաբանական վարկածներ են: Հայաստանը փորձադաշտի կարգավիճակում է հայտնվել:

- Ամերիկյան համալսարանը ինչո՞ւ է նման հարցերին միջամտում:

- Նման լաբորատորիաները պետք է լինեն քողարկված: Որպեսզի բառի բուն իմաստով չընկալվեն որպես գաղտնի կենսաբանական աղետներ ստեղծող լաբորատորիաներ, ներկայացնում են իբրև մի լավ բան են անում, քողարկելով իրական նպատակները: Ինչ անուն ասես կարող են դնել, բայց բուն նպատակը հակառուսական հերթական քայլ անելն ու ՌԴ-ին թուլացնելն է: Հայաստանը վերածվել է գլոբալ հակառուսականություն տարածող տարածքի: Մեր պետությունն այնպիսի վիճակում է այսօր, անգամ դժվարանում եմ այն ինքնիշխան պետություն անվանել: