Ադրբեջանցիները կովերը ետ են վերադարձրել․ ընթանում են բանակցություններ

Ադրբեջանցիները կովերը ետ են վերադարձրել․ ընթանում են բանակցություններ

Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներն ամեն րոպե բախվում են ադրբեջանական կողմի սադրանքներին։ Տեղեկացանք, որ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի կովերը օրերս հատել էին սահմանը և անցել թշնամու տարածք։ Ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել գյուղացիներին ետ բերել անասուններին։ Կովերն այսօր վերադարձվել են տերերին՝ համայնքի ղեկավարի եւ ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում։

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը hraparak.am-ին դեպքից մանրամասներ պատմեց․

«3 բնակչի անասուններ ուրբաթ օրն էին անցել իրենց կողմը։ Մառախուղ է եղել, բացի այդ խոտածածկն այնտեղ բարձր է, այդպես անցել էին իրենց կողմը, վարչական ղեկավարն անմիջապես տեղեկացրեց, ես էլ զեկուցեցի ռուսական կայազորին, եւ այսօր 7 կով հետ վերադարձվեց։ 8-ն էին, բայց քանի որ ինձ 7-ն էին ասել, այդքան էի զեկուցել, իրենք էլ այդքանը հետ վերադարձրեցին» ։ Ներսես Շադունցից հետաքրքրվեցինք նաև այսօրվա իրադարձություններից՝ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել և ևս երեք կիլոմետր առաջ է եկել դեպի Վերիշեն բնակավայր, Սյունիքի մարզպետն ու որոշ համայնքապետեր՝ ռուս խաղաղապահների հետ այնտեղ  բանակցություններ են վարում։

«Դա  Գորիսի Սև լճի տարածքն է, 60կմ ձգվող սահման ունենք, իսկ լիճը մեր վարչական տարածքից 6կմ է հեռու: Բանակցությունները դեռ ընթանում են, հիմա արդեն մութ է, կարծում եմ կշարունակվի առավոտյան։ Հիմա ձյունը հալել է եւ ըստ հակառակորդի՝ իրենց ձեռքի տակ եղած քարտեզներով պետք է այնտեղ տեղակայվեն։ Մեր ձեռքի տակ էլ երկու քարտեզ կա, եւ լճի 25 տոկոսն է միայն իրենց պատկանում, 75-ը մերն է, ու էնպես չէ, որ ձեռքներս ծալած նստելու ենք, էստեղ ոչ մեկ էդպես չի պատրաստվում անել, մեր 1-ին կորպուսն էլ պատրաստ կանգնած է, փառք ու պատիվ մեր զինվորներին»,- ասաց Տեղի համայնքապետը՝ հուսադրելով բոլորիս․ «Ամեն ինչ լավ է լինելու, էդ էր պակաս, որ վատ լինի, մնում է՝ ուղղակի էս ամեն ինչից դասեր քաղենք, խելքներս գլուխներս հավաքենք»։