Երբ քո երկիրը սարքել ես առուծախի առարկա, մյուսները փորձելու են օգտվել այդ առուծախից Ջուլֆալակյան

Երբ քո երկիրը սարքել ես առուծախի առարկա, մյուսները փորձելու են օգտվել այդ առուծախից Ջուլֆալակյան

«Հրապարակի» զրուցակիցը միջազգայնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն է»

-Պարոն Ջուլֆալակյան, Երևանում ՀԱՊԿ նիստը տեղի ունեցավ, Հայաստանին օգնություն տրամադրելու հարցի վերաբերյալ համաձայնություն այդպես էլ չեղավ։ Այսպիսով հույսերը, որ կառույցը Հայաստանին կօգնի, ավելի նվազեցին։ 

- Երբ մենակ քաղաքական թիմ, կամ կոնկրետ մեկ քաղաքական գործիչ գալիս է իշխանության և առաջին իսկ օրվանից թիրախ է դարձնում մի միջազգային կառույց, որի անդամն է ինքը հանդիսանում, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ն և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, առաջին իսկ օրվանից թիրախ է դարձրել այդ կազմակերպությանը բացասական իմաստով՝ հարվածներ մեկը մյուսի հետևից՝ տարբեր ծանրության։ Եկեք հիշենք, թե ՀԱՊԿ-ի ստեղծման օրվանից որ մի պետության ղեկավարն է այդքան թիրախավորել այդ կառույցը։ Ես նման օրինակ չեմ կարող ասել, հաստատ միայն Հայաստանն է եղել, տվյալ դեպքում այս մի ղեկավարը՝ գործող վարչապետը։ Տարիներ շարունակ նման գործունեություն ծավալելուց հետո ակնկալել, որ այդ կառույցից դու ստանալու ես աջակցություն կամ օգնություն, կարծում եմ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով, ոչ մի առումով ճիշտ չէ։ Չմոռանանք, որ ՀԱՊԿ անդամները մեզնից ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում, տեսնում են, թե ինչպիսի վերաբերմունք է նրանց հանդեպ այդ կոնկրետ քաղաքական գործչի կողմից, և հակառակը, թե ինչպես է ՀԱՊԿ-ի հանդեպ տրամադրված մեր թշնամի երկրի ղեկավարը, և այդ ամենը համադրելով, իհարկե, վերջում ստանում ենք այն պատասխանը, այն իրականությունը, ինչը ստացանք։ Որպեսզի մեր ընթերցողներին շատ ավելի պարզ լինի, իրավիճակը պրոեկտենք առօրյա կյանք․ պատկերացրեք տղամարդկանց մի խումբ, ընկերություն, որտեղ ծանրակշիռ մեծամասնությունը գիտի, որ անդամներից մեկը եկել է այլ օրակարգով, այսինքն՝ եկել է ոչ թե ընկերություն անելու, այլ ներսից այդ ընկերությունը, միասնությունը քանդելու, հարված հասցնելու։ Հիմա մեր ընթերցողների մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ են պահում իրենց շարքերում այդ մեկին․ տարբեր ապտճառներով․․․։ Նախ՝ սա քաղաքականություն է, սովորական կյանքը չէ, որ միանգամից պատժես ու ընկերությունից դուրս հանես, պետք է ջանքեր գործադրեն ու պահեն, որովհետև մի անձի մասին չէ խոսքը, այլ պետության։ Պետք է հասկանանք, որ բոլոր քաղաքական գործիչներն ու մեր ողջ ազգը չէ, որ այդ կարծիքին է, ինչ տվյալ քաղաքական գործիչը։ Իհրակե, կան նաև պետական շահեր այդ անդամ պետությունների կողմից, որոնք, կախված այդ պահին դրանց կարևորությունից, համապատասխան քայլեր են անում։ Ցավոք, կարող է հասնել մի իրավիճակի, երբ համբերության բաժակը այնքան լցվի, որ պատիժը կամ պատասխանը կարող է լինել շատ ավելի ծանր, թեպետ մենք արդեն առնչվել ենք դրա հետ, երբ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված ռազմական աջակցությունը չի եղել այնպիսին, ինչպիսին որ մենք ակնկալել ենք, կամ ինչպես որ գրված է։ Դրա համար բացարձակ անսպասելի չէր ինձ համար, դեռ ավելին՝ այսպիսի վարքագծի պայմաններում, ինչպիսին իշխող քաղաքական ուժն է դրսևորում, վստահ եմ, որ գնալով շատ ավելի անտարբեր են լինելու մեր և մեր խնդիրների հանդեպ։ Կրկնում եմ՝ անել այդքան բացասական քայլեր և սպասել դրական պատասխան բոլոր առումներով է անարդար։ Դու պետք է ճիշտ քայլեր անես, որ հետո էլ ճիշտ պատասխաններ ստանաս։ Ինչո՞ւ եմ ես վերջերս քիչ հարցազրույցներ տալիս ու հրապարակային քիչ ելույթներ ունենում․ որովհետև հետևյալ միտքն է մոտս․ եթե մարդը 1, 10, 100 հանցագործություն է անում, և մենք անընդհատ վերլուծում ենք այդ հանցագործությունները՝ անպատիժ թողնելով այդ մի քանի տասնյակ հանցագործությունները, որոնք շատ ավելի մեծ են, քան այն, ինչ հիմա կատարվում է, մի բան էլ հակառակը՝ այդ անձը մնում է իշխանության, հնարավորություն ենք տալիս, որ նա շարունակի մյուս հանցագործությունները անել, ուրեմն այլևս մեկնաբանել, այլևս վերլուծել այդ ամենը, կարծում եմ, ժամանակի կորուստ է։ Չէ՞ որ ապացուցված սխալներ ենք տեսնում, ապացուցված տեսնում ենք ինչ-որ տեղ դավադրություններ, ինչ-որ տեղ, եթե շատ խորանանք, գուցե բացահայտենք դավաճանություններ, և հենց իրենք են իրենց բերանով ասում, իրենք են ընդունում դա։ Միթե կարելի է նման հայտարարություններից հետո, երբ ասում է՝ «ես եմ գլխավոր պատասխանատուն, բայց ոչ գլխավոր մեղավորը», այդ պատասխանատվությունը հետո չկրել։ Ի՞նչ պատասխանատվություն է կրել․․․։ Կամ ասում է՝ «այո, կարող էի կանգնեցնել պատերազմը, բայց չեմ կանգնեցրել», «այո, կարող էի այսքան մարդու կյանք խնայել, բայց չեմ արել»․․․։ Հասկանում եք՝ սրանք ապացուցված են արդեն, սրանք ենթադրություններ չեն, դրանք այդ քայլերի հեղինակի՝ սեփական բառերով ընդունումն է։ Երբ դու դրա համար պատիժ չես կրում, պատասխանատվության չես ենթարկվում, մի բան էլ մնում ես իշխանության և անում ես պայմանական 101-րդ սխալը, այլևս մեկնաբանելը դառնում է անիմաստ ժամանակի կորուստ։ Դրա համար, երբ հիմա ասում են՝ վայ, ՀԱՊԿ-ն էլ ձախողեց, վայ, գնաց ՄԱԿ-ում էլ ձախողեց, Հայաստան- Ռուսաստան կամ Արևմուտք- Հայաստան հարաբերություններում ձախողեց , ինչի՞ց ենք զարմանում, սա օրինաչափություն է, այդ ծրագրով է այս մարդը եկել։ Ես հաճախ հարցին հարցով եմ պատասխանում, ասում եմ՝ ցույց տվեք ոլորտ, որտեղ հաջողել են, եթե կգտնեք, ուրեմն շարունակենք խոսել։ Երբ դու անվտանգության, առողջապահության խնդիր ունես, բուհերը տեսեք ինչ է կատարվում, միայն բուհեր փակելու մասին են խոսում։

-Ասում են՝ ասֆալտ ենք արել, այգի ենք բարեկարգել․․․

- Ապրեք, այդ տարրական մակարդակին ենք հասել։ Կեցցեք, շատ կարևոր բան ասացիք։ Այո, անընդհատ ասֆալտ- ասֆալտ- ասֆալտ․․․, և հարց է առաջանում, այդ ի՞նչ որակի եք ասֆալտն անում, որ ամեն տարի շատ տեղերում նորից կրկնվում է։ Եթե մեր հանրության պահանջը իր իշխանություններից այդպիսին է, որ կարելի է նշածս այդքան ճակատագրական խնդիրների, թերացումների վրա աչք փակել, և գոհ լինել, որ այգի է հիմնվել ու ասֆալտ է արվել, ուրեմն մենք այստեղ հակասություններ ունենք։ Իմ պահանջներն այդպիսին չեն իմ երկրի իշխանություններից, և ակնկալիքները լրիվ այլ են։ Կամ այս պահին ես եմ ինքս ինձ խաբում՝ ունենալով նման բարձր ակնկալիքներ մեր հանրությունից, կամ հանրությունը ուղղակի այդպիսին է ցավոք սրտի։

-Ալիևը երեկ հայտարարեց, թե ռուսական կողմի հետ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, եթե դա իրականում այդպես է, ապա դա չի՞ նշանակում, որ Ռուսաստանն էլ է համաձայնել միջանցքին։ Այդ դեպքում Հայաստանը ի՞նչ կարող է անել։

- Ես ուղղակի վստահ եմ, որ գործող իշխանությունները բացարձակապես չեն պաշտպանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը ։ Ելնելով իմ այդ մոտեցումից՝ ես չեմ կարող ակնկալել, որ այլ պետությունները մեր շահերը կարող են պաշտպանել։ Եթե քո երկրի իշխանությունը չի պաշտպանում քո երկրի շահերը, ինչո՞ւ պետք է այլ պետությունները պաշտպանեն, և հակառակը՝ երբ տեսնում ենք, որ նույնիսկ մեր շահերին հակասող բաներ են անում մեր այսօրվա իշխանությունները, այդ դեպքում ումի՞ց նեղանամ, ո՞վ է մեզ պարտք, եթե դու ինքդ քո շահերը չես պաշտպանում , ինչո՞ւ պիտի ուրիշները պաշտպանեն։ Երբ տեսնում են, որ դու քո երկրիրը հանել ես վաճառքի, մի ամբողջ պետություն դարձրել ես առուծախի առարկա, մյուսներն էլ՝ լինի ռազմավարական դաշնակից, գործընկեր, չեզոք պետություն թե թշնամի, փորձելու են օգտվել այդ առուծախից։ Դու ես առաջինը այդ քայլը արել, և ակնկալել, որ Հայաստանի իշխանություններից շատ Հայաստանի շահերը պաշտպանելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի իշխանությունները, խեղկատակություն է միջազգային հարաբերություններում։ Ինչո՞ւ պիտի անեն, պաշտպանելու են այնքան, ինչքան իրենց պետական շահը ունեն։ Այստեղ է շատ կարևոր, որ մեր իշխանությունները կարողանային այդ շահերի վրա խաղալ ու առաջ տանել Հայաստանի Հանրապետության շահը, ոչ թե նույն Արևմուտքի, Ռուսաստանի կամ մնացածի։ Հիմա ունենք այն, ինչ ունենք, և ուղղակի վստահ եմ, ինձ մոտ այս հարցը կասկած չի առաջացնում, որ եթե մենք կարողանանք ձերբազատվել այս իշխանություններից, բայց չլինի այդ նույն իշխանության վերարտադրությունը մեկ այլ քաղաքական գործչի դեմքով, այլ լինի այս իշխանությանը արմատապես հակառակ իշխանություն, վստահ եմ, որ չի լինի այն, ինչ այսօր ունենք, լինելու են շատ ավելի լավ պայմաններ, և դա լինելու է շատ պարզ, տարրական բացատրությամբ․ որովհետև լինելու է իշխանություն, որը պաշտպանելու է Հայաստանի շահերը, այս իշխանությունը չի պաշտպանում Հայաստանի Հանրապետության շահերը։