Եվրոպական ֆիլմեր, երիտասարդ դեսպաններ՝ Երեւանում ու մարզերում

Եվրոպական ֆիլմեր, երիտասարդ դեսպաններ՝ Երեւանում ու մարզերում

Եվրոպայի օրը՝ իր բազմաբնույթ միջոցառումներով, այս տարի եւս անցկացվելու է թե՛ Երեւանում, թե՛ մարզերում։ Երեւանում՝ Կինոյի տանը մայիսի 17-23-ը տեղի կունենա Եվրոպական ֆիլմերի փառատոն՝ կինոցուցադրությունների շաբաթ։ Առանձնացված 13 մրցանակակիր եվրոպական լավագույն ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն եւ հայերեն ենթագրերով։ Մուտքն անվճար է եւ բաց հանրության համար։

Եվրոպայի օրվա շրջանակում երիտասարդ եվրոպական դեսպանները կանցկացնեն միջոցառումներ մարզերում՝ համայնքային կյանքին վերաբերող թեմաներով: Նախատեսվող զանազան միջոցառումները կառուցված են «Հմտությունների տարի» միջազգային թեմայի շուրջ: 

Սյունիքում միջոցառումները կանցկացվեն «ԴիմակայունՍյունիք» (#ResilientSyunik) խորագրի ներքո՝ Կապանում եւ Գորիսում, այս տարվա սկզբին մեկնարկած «Թիմ Եվրոպա նախաձեռնությունն» իրականացնող թիմի մասնակցությամբ։ Մայիսի 18-ին, ժամը 15:30-ին Կապանում կանցկացվի մարզում «Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում իրականացվող ծրագրերի մասնակցությամբ բացօթյա տոնավաճառ․ կներկայացվեն այդ ծրագրերի արդյունքները եւ դրանց ազդեցությունը սյունեցիների կյանքի վրա: Հաջորդ օրը՝ մայիսի 19-ին, Գորիսում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ։ Առաջին քննարկման թիրախը մարզի սոցիալական ոլորտի աշխատողներն են, իսկ երկրորդը՝ երիտասարդները։