Պետք է ձեւավորել նոր, ինստիտուցիոնալ սփյուռք

Պետք է ձեւավորել նոր, ինստիտուցիոնալ սփյուռք

«Մենք պետք է հիշենք, որ կենսական նշանակության գամով ենք կապված, եւ սփյուռքն առանց Հայաստանի երկար կյանք չի կարող ունենալ: Առաջնահերթություն պետք է դիտարկել սփյուռքի հետ կապերի վերականգնումն ու դրանք ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Միացյալ հայրենիք» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը։

«Հայերի նման միաձույլ, միեւնույն խառնվածքով, նույն լեզվի իմացությամբ, իհարկե` սփյուռքի պարագայում դա 100 տոկոսանոց չէ, միեւնույն արժեհամակարգով, միեւնույն պատկերացումներով, գենետիկ պատկանելության համահունչությամբ բացարձակ՝ էլ ուրիշ ոչ մի տեղ միասնականություն չպետք է լինի, եթե այստեղ միասնականություն չկա»,- նշեց մեր զրուցակիցը։

«Ուրիշ ելք չկա՝ բոլորս մեկ նավի մեջ ենք․ Հայաստանի Հանրապետության նավը պետք է հաղթահարի այդ փոթորկուն իրավիճակն օվկիանոսում, պետք է նավի միջից ջուրը դուրս թափենք, կարգուկանոն մտցնենք նավի մեջ եւ պողպատե ձեռքերով դուրս բերենք Հայաստանի Հանրապետություն կոչվող նավն այդ փոթորկուն վիճակից։ Մոտ երեսուն տարի իշխանությունները չեն կարողացել դաստիարակել այն էլիտան, որն անհրաժեշտ է այսպիսի բացառիկ պահերին։ Այսօր պատմական անցման պահ է, եւ այստեղ անհրաժեշտ է այն էլիտան, որն ի վիճակի է հենց այդպիսի հպմամբ` պողպատե, բռնել այդ ղեկը եւ թույլ չտալ, որ շուռ գա այդ նավը»։ Հայաստանի իշխանությունները մինչ այս այդպիսի մակրոմտածողություն չեն ունեցել, եւ շատ բան այդ առումով կորսված է, սակայն ոչ անդառնալի՝ կարծում է նա։

Անդրադառնալով 2020 թվականից հետո Հայաստանի՝ պատերազմական ակտիվ իրավիճակում գտնվելու հանգամանքին, Խաչատրյանը նշում է, որ, բացի ճգնաժամային իրավիճակ լինելուց, պատերազմը շատ հնարավորություններ է տալիս՝ կտրուկ վերելքի եւ սովորական ընթացքի փոխարեն արագացմամբ հաղթահարելու գոյություն ունեցող խնդիրները։

«Իհարկե, 44-օրյա պատերազմի արդյունքում պարիտետային, այսինքն՝ համապատասխան կշռով իրար հակադրված ուժերը փոխվեցին։ Հայաստանը կորցրեց տարածաշրջանում իր՝ յուրօրինակ ուժի կենտրոն լինելը, եւ, ըստ էության, շարունակական ճնշումը դեռ կա։ Բայց մեզ համար հասկանալի է, որ ինչ-որ տեղ դա Ադրբեջանի ցանկությունը չէ՝ հավատացնում եմ Ձեզ, որովհետեւ նա դա կատարում է վախի ինչ-որ աստիճանով, այսինքն՝ զանգվածային գործողությունները, որոնք 44-օրյայի առաջին օրերին կային, այսօր բացակայում են։ Ադրբեջանի զորամիավորումներից մարդիկ եւ սպաներ գործում են այսօր Ուկրաինայում եւ Ուկրաինայի բանակում․ դրանց նույնիսկ դոկումենտալ կադրերը կան։ Ինչո՞ւ է այս ամենն արվում, որովհետեւ բոլոր այն ուժերը, ովքեր սատարել են Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ, նշեմ, որ մեր կուսակցությունը համոզված է, որ դա կոալիցիոն արշավանք էր, որը կազմակերպված էր շատ լուրջ ուժերի կողմից, իրենց պահանջներն են դնում Ադրբեջանի առաջ»,- ասաց Խաչատրյանը։

Այլապես Թուրքիան եւ Ադրբեջանը միայնակ չէին կարողանա հաջողությամբ ավարտել 44-օրյա պատերազմը, եթե դրա հետեւում կանգնած չլինեին լուրջ խաղացողներ։ Եվ ստեղծված այս իրավիճակում ի հայտ են գալիս հնարավոր դաշնակիցներ, եւ առաջնահերթություն է այդ դաշնակիցների հետ համաձայնության գալը։ Խաչատրյանը նշում է, որ նոր դաշնակիցների հետ համաձայնության գալու հարցում ներկա իշխանությունների մոտ բացակայում է մակրոմտածողությունը։ Հայաստանը կարող է հանդես գալ Մերձավոր Արեւելքում ագրեսիան բացառելու ուղղությամբ ուժային կենտրոն ստեղծելու առաջարկով, որի կենտրոնը կլինի ոչ Հայաստանում։ Հայերը միակ ժողովուրդն են, որ ունակ է դա անել՝ լինի Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Սիրիան, թե Իրանն ու Իրաքը։ Այդպիսով Հայաստանը կկարողանա վերականգնել իր այն համարումը, որը կորցրել է 44-օրյա պատերազմի արդյունքում՝ համոզված է Խաչատրյանը։
Նա կարեւորում է դաշնակցային հարաբերությունների հաստատումը Չինաստանի, Հնդկաստանի հետ, քանի որ մասնավորապես Հնդկաստանը հնդեվրոպական երկիր է՝ հայ ազգի հետ ունեցած հին, կայուն կապերով։

«Լավ պետք է հասկանալ, որ բոլոր զարգացումների արդյունքը պետք է լինի նոր, ինստիտուցիոնալ մակարդակի սփյուռքը, ոչ թե այն ցիրուցան սփյուռքը, որի մասին մենք խոսում ենք որպես ցանցային, հորիզոնական կապերի համակարգ։ Հորիզոնական կապերը կարող են միայն էքստենսիվ լինել․ ինտենսիվ, ճշգրիտ գործողությունների համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ, հիերարխիկ կառույցներ»,- նշեց Վարդան Խաչատրյանը։

«Միացյալ հայրենիք» կուսակցության փոխնախագահը շեշտեց, որ Ազգային ժողովում սփյուռքի տարբեր հատվածների ներկայացուցիչներ եւս պետք է ներկայացված լինեն, ընդ որում՝ սկզբի համար դա կարող է լինել 8-10 աթոռ, եւ այդ ներկայացուցիչները պետք է անընդհատ փոխվեն, որպեսզի կարողանան ներկայացնել տարբեր աշխարհագրական հատվածներում՝ տարբեր շերտերի հայկական սփյուռքի տեսակետներն ու խնդիրները։

Անդրադառնալով կաթողիկոս-նախագահներ ձեւաչափին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այս ձեւաչափի անդամներն ի սկզբանե չդրսեւորեցին միասնականություն, ձեւավորված կարծիք եւ հաջորդական քայլեր՝ դեպի որեւէ կարեւորագույն թիրախ տանող։

Տարածված տեղեկությունների առնչությամբ էլ, թե նոյեմբերի 9-ին Փաշինյանը կարող է ստորագրել խաղաղության պայմանագիրը, Խաչատրյանն ասաց, որ ոչ ոք չգիտի՝ այդ պայմանագիրը կկնքվի՞, թե՞ ոչ, բայց մենք պետք է հարցադրում անենք, թե այսպիսի մեծ, տեկտոնիկ անցման պայմաններում, որին գնում է ներկայիս աշխարհը, կարելի՞ է արդյոք գնալ նման կոշտ պայմանավորվածությունների, երբ այսքան փոփոխություններ են կատարվում աշխարհում։
Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, ապա Չինաստանը շատ ավելի ռադիկալ հայտարարություն արեց, քան մյուս պետություններն ու նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը։ Վերջիններս հստակ հասկացրին, որ այստեղ կա նաեւ պատմական խնդիր, եւ հասկանալի է, որ այս հնագույն կայսրապետությունը հայտարարում է այն մասին, որ վաղնջական  ժամանակներից այս տարածքում ապրել են հայեր, եւ ժամանակակից քաղաքակրթությունն անհնար է պատկերացնել առանց հայերի։