Հերթական ծախսը. դիզայնի համար`3 միլիոն 80 հազար դրամ

Հերթական ծախսը. դիզայնի համար`3 միլիոն 80 հազար դրամ

ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող անձը և ինքնությունը հաստատող փաստաթղթերի` նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի ընտրության նպատակով ոստիկանությունը մրցույթ է հայտարարում ՝ սկսած հոկտեմբերի 15-ից՝ մեկամսյա ժամկետով:

Մրցույթն անցկացնում է ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը` նույն հրամանով սահմանված կարգով: Մրցութային ֆոնդը կազմում է 3 միլիոն 80 հազար դրամ:

Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև:

Մրցույթին մասնակցել կարող են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, որոնք մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք):

«Աշխատանքները (դիզայներական լուծումները) պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա:

Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին (անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջները):

Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսահամար) վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն: