Ничего личного?

Ничего личного?

Դատական համակարգը, որպես կանոն, գործադիրի դուրը չի գալիս: Բայց մի բան է հակակրանքը, ու բոլորովին այլ բան՝ ակտիվ պայքարը դատարանների անկախության դեմ: Մեր երկրում այդ հակակրանքը վերաճել է ակտիվ գործողությունների՝ անկախ դատավորների, դատական իշխանության լիազորությունների եւ դատավորների օրինական իրավունքների դեմ: Իշխանությանը հատկապես մտահոգում է հետեւյալ միջազգային սկզբունքը. դատավորի կենսաթոշակը հնարավորինս մոտեցնել իր՝ որպես դատավորի, ստացած վերջին աշխատավարձի չափին, ինչն արտացոլված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1994 թվականի հանձնարարականում, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված` «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայում եւ այլ միջազգային փաստաթղթերում:

Դատական համակարգի հետեւողական հետապնդումները եւ կոռուպցիոն չապացուցված մեղադրանքներն իրենց գործն արել են, հանրությանը չեն հետաքրքրում դատական խնդիրները: Ավելին, արդարադատության խնդիրներն անտեսում են նույնիսկ որոշ, այսպես կոչված, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը կարծում է, որ կենսաթոշակները պետք է դատավորներին հատկացնեն այն բանից հետո, երբ ստուգվի՝ արդյոք տվյալ դատավորն ընդհանրապես արժանի՞ է թոշակի, եթե տարիներ շարունակ կաշառք է վերցրել քաղաքացիներից ու կայացրել անարդար վճիռներ/դատավճիռներ: Դատավորներին կենսաթոշակ նշանակելու միջազգային սկզբունքներն անտեսվել են դեռեւս 2014 թվականին, երբ ընդունվեց օրենք, որը սահմանում էր դատավորի կենսաթոշակի երկու կարգ:

Մի դեպքում 10 տարի դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց համար, մյուս դեպքում՝ դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց համար, որոնց պաշտոնավարման 10 տարին լրացել է այդ օրենքն ընդունելուց հետո: Տարբերակված մոտեցումը դժգոհություն էր առաջացրել թոշակի անցած դատավորների մոտ: Նրանք վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումներ էին ներկայացրել վարչական դատարան։ Վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել էր դատավորների պահանջները: Հետո կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար հայտարարած նոր ռեժիմը որոշեց կրճատել դատավորների թոշակը՝ դրանով խախտելով նրանց սոցիալական բնույթի լեգիտիմ սպասումները ու, փաստորեն, դրդելով կոռուպցիայի՝ դեռեւս գործող դատավորներին: 

Կառավարությունն անհարկի շքեղություն է համարում թոշակառու դատավորներին «մեծ» փող վճարելը, քանի որ պետությունն ունի բավարար գումար միայն պետական պաշտոնյաների պարգեւավճարների համար: 

2019 թվականի հուլիսին իշխանությունը կատարեց լրացումներ եւ փոփոխություններ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքի՝ դատավորներին վերաբերող դրույթները: Կենսաթոշակի անցնող դատավորները կրկին հայցեր ներկայացրին վարչական դատարան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կամ սոցիալական ծառայության դեմ: Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2019թ. հոկտեմբերի 30-ը: Սակայն Սահմանադրական դատարանի այդ որոշման կատարումը դեռեւս գտնվում է քննարկման փուլում: 

Այսինքն՝ չկա դատավորին կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ գործող իրավական նորմ: Նման երեւույթ ժողովրդավարական երկրներում երեւի դեռ չէր եղել: Ընդ որում, այս խայտառակության մասին լռում են բոլորը, անգամ Մարդու իրավունքների պաշտպանը՝ պաշտոնաթող դատավորներին, հավանաբար, ՀՀ քաղաքացիներ չհաշվելով, ովքեր նույնպես ունեն իրենց օրինական իրավունքների պաշտպանության կարիք: Ես նույնպես լռում էի՝ լինելով լրագրող եւ մեկուկես տարի առանց կենսաթոշակի թոշակառուի կին: Վերջապես հասկացա, որ «ոչինչ անձնական» (ничего личного) արտահայտությունը պարզապես բլեֆ է: Անձնականը մշտապես առկա է, ու այլ կերպ չի կարող լինել: Այլ հարց է՝ անձնականն օրինակա՞ն է։

Ջուլիա Ամիրխանյան