ԶՊՄԿ-ն թոքերի արհեստական շնչառության նոր սերնդի սարքեր ու բժշկական պարագաներ է նվիրել Սյունիքի ԲԿ-ներին

ԶՊՄԿ-ն թոքերի արհեստական շնչառության նոր սերնդի սարքեր ու բժշկական պարագաներ է նվիրել Սյունիքի ԲԿ-ներին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ձեռք է բերել նոր սերնդի բազմաֆունկցիոնալ թոքերի արհեստական շնչառությan Hamilton C-6 սարքեր, նաև մի շարք հարակից բժշկական պարագաներ, որոնք նվիրել է Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններին։ 

«Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին ենք հանձնում ենք բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այն, ինչ այսօր հանձնում ենք բժշկական կենտրոններին, դեռ ամբողջը չէ», - ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը։

Թոքերի արհեստական շնչառությունն ապահովող նորագույն սարքն ինքնուրույն վերլուծում է հիվանդի վիճակն ու որոշում շնչառությունն ապահովելու լավագույն ռեժիմը:

Կապանի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ասլանյանի խոսքով՝ Հայաստանում սա երրորդ նման սարքն է, այն թանկարժեք է և յուրաքանչյուր կլինիկա չի կարող իրեն թույլ տալ ունենալ։

«Կորոնավիրուսային պնևմոնիաների և շնչառական անբավարարության ժամանակ բոլոր երկրների տվյալներով ամենակարևորը ճիշտ օդափոխություն ապահովելն է։ Դրանով մենք կարողանում ենք ավելի մեծ հնարավորություն տալ, որ հիվանդը կարողանա հետագայում դուրս գալ այդ վիճակից և ինքնուրույն շնչել», - ասաց Հովհաննես Ասլանյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ ձեռք է բերվել Hamilton C-6 նոր սերնդի բազմաֆունկցիոնալ սարք, որն անհատույց հանձնվել է Կապանի բժշկական կենտրոնին, հուսալով, որ այն պետք չի գա։

«Օդափոխության սարքերի հիմնական մասը դեռ ճանապարհին է և Հայաստան հասնելուն պես անհատույց կտրամադրվի բժշկական կենտրոններին», - ասաց Սամվել Ալեքսանյանը։

Շուրջ 24 մլն դրամ արժողությամբ տեխնիկայից բացի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը բժշկական կենտրոններին նվիրաբերել է նաև մի շարք հարակից բժշկական պարագաներ, որոնց հիմնական մասը ձեռք է բերվել արտերկրից։