Պատերազմին դեմ արտահայտվողների կյանքը դժոխքի կվերածեն

Պատերազմին դեմ արտահայտվողների կյանքը դժոխքի կվերածեն

Ռուսաստանում ամենայն հավանականությամբ կընդունվի նոր օրենք, որը «էքստրեմիստ եւ ահաբեկիչ» կճանաչի բոլոր այն քաղաքացիներին, որոնց իշխանությունները կհամարեն «ատելության մոտիվներով» հանցագործությունների կատարման մասնակից կամ կապ ունեցող։ Ընդ որում, Росфинмониторинг-ի ռեեստրում կհայտնվեն ոչ միայն դատապարտվածները, այլ նաեւ՝ քննության ներքո գտնվողները, ներառյալ՝ կասկածյալները, որոնց մեղքը դեռ ապացուցված չէ։ Օրենքի նախագիծը մշակվել է ՌԴ դաշնային կառավարության կողմից, որպես նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի կատարում։ Նախագիծն արդեն գտնվում է Պետդումայում։

Կառավարությունն առաջարկում է «ծայրահեղականների եւ ահաբեկիչների» ռեեստրում ներառել նաեւ Ռուսաստանի ԶՈՒ-ն վարկաբեկողներին կամ բանակի մասին կեղծ լուրեր տարածողներին։ Նույն գործողությունը կիրականացվի նաեւ մի շարք այլ հոդվածներով նախատեսված հանցատեսակների մեջ կասկածվողների եւ դատապարտվածների հանդեպ։ Նախագծում ասվում է, որ ռեսստրում կարող են ներառվել նաեւ նրանք, ովքեր այլ հանցագործություններ են կատարել քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության, որեւէ սոցիալական խմբի հանդեպ ունեցած ատելության մոտիվներով։ Նշված ռեեստրում հայտնվածներին կարգելվի կատարել ամսական 10 հազար ռուբլին գերազանցող ֆինանսական գործարքներ, օգտվել բանկային քարտերից, տիրապետել եւ ժառանգել ունեցվածք, ստանալ թոշակ, նպաստ եւ կրթաթոշակ։

Նման կարգավիճակ ունեցողները դժվարություններ կունենան աշխատանքի տեղավորման հարցում, քանի որ ընկերությունների մեծ մասը պարզապես կխուսափեն նման կարգավիճակ ունեցող մարդկանց աշխատանքի վերցնելուց։ Դժվարություն կլինի նաեւ փաստաբան ունենալը, քանի որ խնդիրներ կլինեն նրա վճարման հետ կապված։ Հայտնի է, որ այս տարվա առաջին կիսամյակում վերոնշյալ ռեսստրում ներառվել է ռեկորդային թվով մարդ՝ 669 անձ։ Վերջին հինգ տարվա համար սա առավելագույն ցուցանիշն է։ Անցյալ տարվա ընթացքում ռեեստրում ներառվել էր 1826 անձ եւ երկու կազմակերպություն։