«Առաջարկ եղավ, ես էլ չմերժեցի»․ ով է առողջապահության ԾԻԳԻ նոր տնօրենը

«Առաջարկ եղավ, ես էլ չմերժեցի»․ ով է առողջապահության ԾԻԳԻ նոր տնօրենը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Քրիստինե Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամաբ նոր տնօրեն է նշանակվել Շավարշ Գրիգորյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի՝ Սևանի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնը։ Գրիգորյանը Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն էր նշանակվել բոլորովին վերջերս՝ մոտ 5 ամիս առաջ, և բավականին ուշագրավ էր նաև այդ նշանակումը։ Բանն այն է, որ նա չունի բժշկական կրթություն, մասնագիտությամբ տնտեսագետ է, և հոգեբուժական հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի 2 թեկնածուներն էլ հաղթել էին, սակայն նշանակվել էր Գրիգորյանը, մինչդեռ մյուս թեկնածուն ուներ բժշկական կրթություն։ Գրիգորյանը նախկինում եղել է Լևոն Ալթունյանի օգնականը, սակայն Արսեն Թորոսյանի մտերիմն է ու թիմակիցը։ Եւ դրանով էր բացատրվում նրա նշանակվելը Սեւանի կենտրոնում։
Մենք կապվեցինք Շավարշ Գրիգորյանի հետ, եւ հարցրեցինք, թե ինչպե՞ս եղավ առաջարկը և ինչո՞ւ որոշեց փոխել աշխատանքը․
«Չեմ կարող պատասխանել, ինձ եղել է առաջարկ, ես առաջարկը չեմ մերժել։ Առաջարկը հետաքրքիր հնչեց, նոր բնագավառ, նոր գործ»,-պատասխանեց Գրիգորյանը։ 

Հարցրինք նաև, թե տեղյակ է՝ Քրիստինե Սարգսյանի հեռացման պատճառներ մասին, ասաց, որ տեղյակ չէ։ Կարող ենք ենթադրել, որ այս կադրային փոփոխությունն էլ է կատարվել Արսեն Թորոսյանի՝ համակարգի մասին պատկերացումների շրջանակներում։ Նա հին կադրերին հանելու եւ նրանց յուրայիններով փոխարինելու հսկա ծրագիր ունի, որն իրականացնում է իր նշանակման առաջին իսկ օրվանից։