Իրար «ծեփված» ուղեւորներից QR կոդ չի պահանջվում, սրճարանի այցելուից պահանջվում է

Իրար «ծեփված» ուղեւորներից QR կոդ չի պահանջվում, սրճարանի այցելուից պահանջվում է

Այս պահին հայտնի է, որ 2022թ․ հունվարի 1-ից QR կոդեր են գործելու թատրոններ եւ ռեստորան-սրճարաններ այցելելու համար։ Այսինքն՝ մարդը կարող է մուտք գործել այդ հաստատություններ, եթե պատվաստման մասին վկայող QR կոդ ունի։ Այդ ցանկն ավելի ուշ առավել հստակ կներկայացվի, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ այդ ցանկում չեն լինելու առեւտրի կենտրոնները՝ զանազան «մոլերը», այլ հաստատություններ։ Եվ, իհարկե, չսխալվեցինք, որովհետեւ նախարար Անահիտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Բայց եթե մենք այլ խանութ այս պահին չենք ներառում, լավ չեմ հասկանում, թե, օրինակ, «Դալմա մոլը» կամ «Երեւան մոլն» ինչով է տարբերվում այլ խանութից»։

Իսկ, օրինակ, այդ «մոլերում» գործող սննդի օբյեկտներում QR կոդ կպահանջվի՞։ Հասարակական տրանսպորտում եւս, գոնե այս պահի դրությամբ, պատվաստման կոդ չի պահանջվելու։ Մինչդեռ տրանսպորտը, իրավամբ, Հայաստանում վարակի տարածման «ամենահուսալի» աղբյուրն է։ «Պիկ ժամին», օրինակ, Նորքի զանգվածներից իջնող կամ բարձրացող յուրաքանչյուր ոք կվկայի, որ լեփ-լեցուն ավտոբուսներ, երթուղայիններ են աշխատում՝ մինչեւ դուռ ու ապակի ծեփված։ Առողջապահության նախարարն ասում է․ «Մենք որոշում ենք կայացրել, որ դեռ հանրային սննդի եւ այլ վայրերում ենք պահանջելու, տրանսպորտի հարցը դեռ լրացուցիչ քննարկման է։ Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»։ Անահիտ Ավանեսյանն անձամբ կողմ է նաեւ տրանսպորտում պատվաստման կոդերը պահանջելուն։

Ինչպես հիշում ենք՝ նախարարն օգտագործեց «հանրային սննդի եւ այլ վայրեր» արտահայտությունը։ Ի՞նչ է նշանակում «այլ վայրեր»-ը։ Անահիտ Ավանեսյան․ «Այդ ցանկը երբ ամբողջանա, անպայման կհրապարակենք։ Այս պահին խոսքը միայն հետեւյալի մասին է․ հանրային սննդի վայրեր եւ մշակութային, համերգային նման միջոցառումներ»։ Դատարանները, օրինակ, հասարակական վայրերի թվո՞ւմ են, որտեղ դահլիճներում երբեմն մի քանի տասնյակ մարդ է հրապարակային դատերին մասնակցում։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ ոչ, այս պահին դատարանները կամ այլ պետական մարմիններ չեն դիտարկվում։

Ռեստորաների միությունը հայտարարություն էր տարածել, իսկ Ռեստորատորների միության նախագահ Աշոտ Բարսեղյանը հայտարարել էր, որ նախարարի հրամանին չեն ենթարկվելու, բողոքարկելու են։ Նրան հարցրինք՝ նախարար Ավանեսյանն արձագանքե՞լ է իրենց բողոքին։ «Նախարարն արձագանքել է, ասում է՝ սաղ լավ է, Հայաստանը ծաղկուն երկիր ա, քովիդի դեմ պայքարը հաղթահարված է, մի միլիոն հոգի պատվաստվել է, խնդիր չկա, ու մենք վնաս չենք կրի։

Հիմա իմ մոտ 2 հարց է առաջանում․ եթե տիկին նախարարը վստահ է, եթե էդ աստիճանի վստահ է, ապա առաջարկում ենք հենց վաղն առավոտյան կառավարության նիստին հանել որոշում, որ եթե հանկարծ վնաս կրենք, ապա պետությունը փոխհատուցելու է՝ աշխատավարձերի եւ վարձերի տեսքով։ Որովհետեւ առողջապահության նախարարը վստահ է՝ ոչ էկոնոմիկայի, այլ առողջապահության նախարարը, որը վստահ չէ, թե քանի զոհ ունենք պատերազմի ընթացքում, բայց վստահ է, որ հասարակական սննդի ոլորտը վնասներ չի կրելու»։ Աշոտ Բարսեղյանն ուրախ է եւ շնորհավորում է Անահիտ Ավանեսյանին, որ Հայաստանում շուրջ 1 միլիոն մարդ պատվաստված է։ Բայց եթե ամեն ինչ այդքան փայլուն է, հարց է տալիս՝ ինչո՞ւ են ոլորտը դնում հավելյալ ռիսկերի տակ։ Առանց այն էլ նոր-նոր փորձում են ուշքի գալ 2020-ի լոքդաուններից։ Եվ, ինչպես միշտ, նախարարությունը շատ հմտորեն շրջանցում է հասարակական տրանսպորտը։

Մենք առողջապահության իրավաբան նախարարին հարցրինք՝ ինչպե՞ս եք երաշխավորում այլ ոլորտի համար, որ ամեն ինչ լավ է լինելու։ «Տեսեք, իմ առաջնահերթությունը, խնդիրը եւ ամբողջ ներուժն ուղղված է մեր ժողովրդի առողջությունն ու կյանքը պաշտպանելուն, եւ դա այնպիսի արժեք է, այնպիսի կարեւորության հարց է, որ այն չի կարող սակարկվել։ Ու քանի որ այս պահին էլ մեր պատվաստումների թիվն այնպիսին է, որ արդեն իսկ ունենք պատվաստվածների մեծ շերտ, եւ կարծում եմ, որ ռեստորանների այցելուների արդեն իսկ մեծ մասը պատվաստված են։ Եվ այնպիսի մի թիվ չունենք, որ հենց դրա պատճառով չեն գալու ռեստորան»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նկատի ունի, որ ռեստորանների այցելուները պատվաստված զանգվածն են, չպատվաստվածները ռեստորան չեն այցելում։

Մյուս կողմից անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված այն, որ, ի տարբերություն 20-25 օր առաջվա, երբ օրական 2 հազարից ավելի հիվանդացության դեպք էր գրանցվում, հիմա այդ թիվն իջել է 500-600-ի, բայց հունվարի 1-ից ավելի մեղմ համաճարակային պայմաններ սահմանելու փոխարեն խստացումների կարիք կա։