Դատավորին ուզում են պատժել 8 տարի առաջ կայացված ՄԻԵԴ վճռի համար

Դատավորին ուզում են պատժել 8 տարի առաջ կայացված ՄԻԵԴ վճռի համար

Այսօր՝ հունվարի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդում կկայանա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ նիստը։ Անտոնյանի դեմ դիմում է ներկայացրել արդարադատության նախարարությունը, նրան ուզում են կարգապահական պատասխանատվության ենթարկել 2007-ին կայացրած որոշման համար, որից հետո քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ ՄԻԵԴ-ը 2015-ին՝ մոտ 8 տարի առաջ, արձանագրել է քաղաքացու իրավունքների խախտում։ Այսինքն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության են ուզում ենթարկել 8 տարի առաջ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա, այլ կերպ ասած՝ արդարադատության նախարարությունում պատմության էջերն են փորփրել, որպեսզի Անտոնյանին պատասխանատվության ենթարկեն։ Խոսքն «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին է։

Այս գործով դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, ով գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով՝ Վճռաբեկը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը եւ գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Ստացվում է, որ Սուրեն Անտոնյանին կարգապահական տույժի ենթարկելն արդարադատության նախարարության համար այնքան կարեւոր է եղել, որ 2007 թվականին նրա կայացրած այս որոշմանն են հասել` պեղել գտել։
Սուրեն Անտոնյանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչով է պայմանավորված, որ արդարադատության նախարարությունը պատմության էջերն է սկսել փորփրել ու իր դեմ կարգապահական վարույթ հարուցել։ «2022-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ են եղել, 2015-ին ՄԻԵԴ վճիռ է եղել, դրա հիման վրա են հարուցել»,- պատասխանեց Անտոնյանը։

Դիտարկմանը, որ արդարադատության նախարարությունը հենց այնպես կարգապահական վարույթներ չի սկսում, եւ հարցին, թե իր հետ որեւէ խնդի՞ր ունեն, ինքը թիրախո՞ւմ է, Անտոնյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել, վաղը 10-ին է լինելու նիստը, փաստաբանն այնտեղ է լինելու, կարող եք լրացուցիչ հարցեր տալ»։

Իրավաբանության մեջ հայտնի սկզբունք կա, որ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ ունենալ չեն կարող, սակայն 2022 թվականին Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները նախարարությանը թույլ են տալիս դատավորի կողմից նախկինում կայացված որոշումներից ու վճիռներից կառչել, դրանց հիման վրա վարույթներ հարուցել, ինչը նաեւ սահմանադրական իրավունքի խախտում է։

Անտոնյանից դիրքորոշում հարցրինք այս հարցի կապակցությամբ։ «Այո, դա ոչ միայն Դուք գիտեք, այլեւ դա սահմանադրական պահանջ է։ Երբ 2022 թվականին Դատական օրենսգրքում փոփոխություններ արեցին, դրա մասին բոլորն էլ ասել են, եւ այս առումով երկիրը մտածելու բան ունի, քանի որ բախվելու է նույն իրավիճակին, ինչը որ Սամվել Մնացականյանի գործով Եվրադատարանի վճռով արձանագրվեց։ Դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցրել էին, եւ դա բողոքարկման ենթակա չէր եղել, այդ նույն հակասահմանադրական վիճակին են առնչվելու»,- պատասխանեց Անտոնյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցվել էին արդարադատության խորհրդի կողմից, եւ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէր, ինչպես այժմ բողոքարկման ենթակա չեն ԲԴԽ որոշումները։ Մնացականյանը դիմել էր ՄԻԵԴ, եւ Եվրադատարանն արձանագրել էր, որ դատավորի իրավունքները խախտվել են, ու ՀՀ-ին պարտավորեցրել էր Սամվել Մնացականյանի ժառանգներին վճարել 3 հազար 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ 1600 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցում: Սակայն ցավալի է, որ ՄԻԵԴ-ն իր վճիռը կայացրել էր Սամվել Մնացականյանի մահից հետո, եւ հաղթանակի լուրը լսել էր ոչ թե անձամբ դատավորը, այլ նրա ընտանիքը, իսկ փոխհատուցման գումարը ստացել էր նրա այրին:

Բարձրագույն դատական խորհուրդը վերջերս կասեցրեց նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Անտոնյանին հարցրինք՝ իր կարծիքով՝ ի՞նչ գործընթաց է սկսվել դատավորների դեմ։ Անտոնյանը, սակայն, ասաց, որ հարցին պատասխանել չի կարող։ Կարելի է հասկանալ դատավորին` իր գործի քննությունից առաջ նա թերեւս չի ուզում առավել շիկացնել իրավիճակը: