«Մայր Հայաստան» խմբակցությունից բարձրացան ամբիոն ու Վարդան Ղուկասյանի փաստաբանը դարձան
Երևանի ավագանին օրեր առաջ «զտում» իրականացրեց` ավագանու մանդատից զրկելով Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին և «Հանրային ձայն» խմբակցությունից Դոգական Անուշ Գինոսյանին և Անույշ Խուդավերդյանին: Վերջիններս, Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի վեճից հետո, դուրս էին եկել Հանրային ձայն խմբակցությունից եւ դարձել ավագանու անկախ անդամներ` ենթարկվելով Դոգին: Օրերս դատարանն անսպասելիորեն փոխեց միլիոնավոր դրամների խարդախության մեջ մեղադրվող Արտակ Գալստյանի խափանման միջոց կալանքը, այն փոխարինելով տնային կալանքով: Սա թերեւս Հանրային ձայնի` ՔՊ-ին մատուցած ծառայությունների դիմաց է արվում: Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետ ընտրվեց այս խմբակցության` ավագանու նիստին մասնակցության եւ քվորում ապահովելու շնորհիվ: Եթե չմասնակցեին եւ քվորում չլիներ, ըստ այդմ` քաղաքապետ չընտրվեր, ստիպված էին լինելու նոր ընտրություններ նշանակել:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանի հետ:
- Արտակ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Հնարավո՞ր է Գալստյանը մասնակցի ավագանու նիստերին, թե՞ դատարանը արգելել է: Ի դեպ, ընտրություններից մեկ տարի անց Գալստյանը ոչ մի նիստի չի մասնակցել, բայց նա ավագանու անդամ է` լիազորությունները դադարեցված չեն: Առհասարակ Գալստյանն ունի՞ նման ցանկություն, մտադրություն:
- Ցանկություն կա նրա կողմից, սակայն դատարանը չի թողնում, տնային կալանքը արգելում է նրան տնից դուրս գալ: Ասեմ ավելին` եթե բանտում գոնե տեսակցել հնարավոր էր Արտակ Գալստյանին, լրագրողները, ես կարողանում էին զրուցել նրա հետ, ապա հիմա դա էլ է արգելված: Տեսակցությունը բացառապես մտերիմ հարազատներին է թույլատրվում: Իհարկե, մենք մեր հնարավորության չափով ինչ-որ բան կփորձենք անել, միջնորդել, որ գոնե քաղաքապետարանը մի բան կարողանա անել, սակայն ներկա պահին ոչ մի գործիքակազմ չունենք: Ստացվում է, որ գործնական առումով սա ավելի վատ խափանման միջոց է, ուղղակի գոնե լավ է, որ իր տանը, իր անկողնու մեջ է քնում, գոնե իր ընտանիքի հետ է, սակայն ընտանիք ասվածն էլ է ճոխ` տղան դեռևս կալանքի տակ է, բայց ամեն դեպքում սա ավելի մարդկային, մեղմ ձև է, քան բանտում, չորս պատի մեջ գտնվելը:
- Վարդան Ղուկասյանի` Դոգի թիմից երկու կնոջ զրկեցին ավագանու լիազորություններից: Ի՞նչն էր խնդիրը:
- Ես` ինքս եմ նախաձեռնողներից մեկը եղել, որ նրանց զրկեն լիազորություններից: Դոգի ավագանիները, իրենք էլ են խոստովանել, ձայնագրություններ են հանել, ինչի համար օրենքով պատժվելու են, բացահայտեցին, որ իմ ու այդ անձնավորության` Դոգի միջև կոնֆլիկտը վաղուց է եղել, բայց այդ մասին չէինք խոսում, ջրի երես չէինք հանում: Անցած տարվա սեպտեմբերից կոնֆլիկտ ենք ունեցել ու հասել գագաթնակետին: Ես ավագանու անդամներին արգելում էի ինֆորմացիա տրամադրել նրան, որպեսզի նա չվարկաբեկի, ընտանիքներ չքանդի: Երևի ծանոթ եք նրա լկտիություններին: Որոշները դա շանտաժ համարեցին, բայց փաստեցին, որ ես միշտ եմ ասել` մի շփվեք նրա հետ և նրան ինֆորմացիա մի տվեք: Ինձ համար այդ բառերով մարդկանց մասին խոսելը միշտ անընդունելի է եղել, դրա համար էլ մենք բախման գնացինք: Ինչ վերաբերում է ավագանու անդամներին, նրանք ընդհանրապես գործ չէին անում, քանի որ մենք սենյակ ունենք ֆրակցիայում, ունենք հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ, մեզ շատ ակտիվ դիմում էին տարբեր մարդիկ, ովքեր անգամ շփոթության մեջ էին, զանգում, հարցնում էին` սա Դոգի՞ խմբակցությունից է, նրանք մեզ բան էին խոստացել, ամեն դեպքում մենք նրանց ընդառաջում էինք, նրանց հարցերը լուծում: Բազմաթիվ հարցեր ենք լուծել այս ընթացքում: «Հանրային ձայնի» քվե ստացած ցանկացած անդամ պարտավոր է իր աշխատանքն անել լավ, այդ երկու կինը ոչ գալիս էին նիստերին, ոչ քվեարկության էին մասնակցում, համապատասխան նախաձեռնությամբ հանդես եկանք և նրանք զրկվեցին մանդատներից: Որոշ անդամներ նիստի ընթացքում դարձան Վարդան Ղուկասյանի փաստաբանները, շատ ուժեղ զարմացած եմ: Ունենք այն, ինչ ունենք:
- Ձեր թիմին և իշխող ՔՊ-ին մարդիկ արդեն նույնացնում են, կարո՞ղ ենք արձանագրել, որ դուք մեկ թիմ եք արդեն, ուղղակի անուններն են տարբեր:
- Քաղաքականության մեջ ինձ համար առաջնայինը ազնիվ լինելն ու մարդկությունը ոչ մի պարագայում չկորցնելն է: Առաջինը պետք է մարդ լինես, նոր քաղաքական գործիչ: Ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում: Քոչարյանական «Մայր Հայաստան» խմբակցությունից, որը «Հայաստան» խմբակցություն ունի Ազգային ժողովում, եթե մեկը չբարձրանար ու ամբիոնից Վարդան Ղուկասյանի փաստաբանը չդառնար, ես այս մասին չէի խոսի: «Քաղաքացիական պայմանագրի» հետ բարիդրացիական հարաբերություն ունեցողները վառ երևում են ԱԺ-ում: Թող համեմատականներ տանեն, տեսնեն` մեզնից ով է ՔՊ-ի հետ: Մենք նախաձեռնություններով ենք հանդես գալիս, հարցեր ենք լուծում, իսկ ի՞նչ են անում իրենք: Մի անգամ էլ ՔՊ-ից մեկը ասաց, որ նման ընդդիմություն ունենալն Աստծո պարգև է ու հրաշք: Ցավոք, Երևան քաղաքի ավագանիում այդ հրաշքը տեղի չի ունենում, բոլորն են տեսնում, թե ինչ նախաձեռնություններով ենք հանդես գալիս:
- Ի՞նչ նախաձեռնություններով:
- Օրինակ` կիրակի օրերը կարմիր գծերը անվճար են: Հուսով եմ մեր փոքրիկ հաղթանակը կգնահատեն երևանիցները: Տրանսպորտի հետ կապված էլ, ռեֆորմը դեռ կյանքի չի կոչվում, որովհետև որոշ ռեֆորմներ, որոնք մեր կողմից են դրվել, չեն կարողանում լուծումներ ստանալ:
- Ի՞նչ ռեֆորմներ:
- Արտոնություններ թոշակառուներին, հիմա քննարկվում է, թե ինչ խմբեր են ներառվելու:
- Բայց ձեր շնորհիվ նույն կարմիր գծերը, տրանսպորտը թանկացան, հիմա հաղթանակներից եք խոսում: Ինչպե՞ս մարդիկ սա հասկանան:
- Մենք կոնստրուկտիվ օպոզիցիա ենք, որը միայն բոյկոտ չի անում, նաև քննարկումներ է իրականացնում, արգումենտացիա, առողջ քննադատություն: Մեր ուզածին հասնում ենք այդկերպ` աշխատանքով:
Կարծիքներ