Վեթթի՞նգ, թե՞ վենդետա

Վեթթի՞նգ, թե՞ վենդետա

Ինչո՞ւ է ինձ թվում, թե «վեթթինգ» բառն ավելի շատ վենդետա է հիշեցնում, քան դատաիրավական բարեփոխումներ, իսկ հրաժարականների այս շքահանդեսը, որը սկսվեց ԵՊՀ ռեկտորի գնալով, եւ որն այդքան ցնծություն է պատճառել իշխանություններին եւ մեր հասարակության մի մասին, այնքան էլ կամավոր չէ, եթե չասենք՝ ճիշտ հակառակը․ պարտադրված է։ Իսկ ընտրովի պաշտոններում անձանց հրաժարական պարտադրելը նույնն է, որ բռնանաս ընտրական գործընթացի վրա եւ վերացնես ընտրություն կոչվող ինստիտուտը։

Երբ ժամանակին ՀՀԿ-ն ոչնչացրեց բուհերի ռեկտորներ ընտրելու ավանդույթը, եւ այն մրցակցայինից վերածվեց նշանակովի պրոցեսի, մենք բազմաթիվ հոդվածներ գրեցինք այդ մասին։ Տասնյակ հոդվածներ գրեցինք նաեւ այն ժամանակ, երբ ապօրինաբար հեռացվեց պաշտոնից Բրյուսովի ռեկտոր Սուրեն Զոլյանը։ Ի դեպ, այն ժամանակ ուսանողական եւ դասախոսական մեծ շարժում սկսվեց՝ ի պաշտպանություն Զոլյանի։ 

Սակայն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այդպես էր որոշել, եւ հետագայում էլ դատարանի նկատմամբ ճնշում գործադրվեց, եւ Զոլյանի հայցը մերժվեց։ Բայց ինչո՞վ էր Արմեն Աշոտյանի արածը տարբերվում Արայիկ Հարությունյանի արածից, երբ ուժով, զոռով, բռնությամբ հասան Արամ Սիմոնյանի հեռացմանը։ 

Կամ՝ ինչո՞վ էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանին պարտադրված հրաժարականը տարբերվում այսօր Գագիկ Հարությունյանին պարտադրված հրաժարականից։ Թերեւս ավելի անօրինական էր, քանի որ նույն օրը նրա եղբայրն էլ հրաժեշտ տվեց ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին։ Նոր իշխանությունները պետք է գիտակցեն, որ անօրինական մեթոդներով օրինականություն չես հաստատի։ Եթե ոտնահարվում են նախկին պաշտոնյաների իրավունքները, մի օր անխուսափելիորեն գալու է նոր իշխանությունների իրավունքների ոտնահարման եւ անցյալը հիշելու ժամանակը։