Զուտ մեկնաբանի՞ մոտեցում է

Զուտ մեկնաբանի՞ մոտեցում է

BBC-ի աղմկահարույց հրապարակումը ռուսական ուղղորդում ենթադրելուս առիթով Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղաքական խոսնակ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքում ինձ ծաղրանքով «վերլուծական մտքի տիտան» է անվանել: Կարդում էի այդ գրառումը եւ փորձում հասկանալ հեղինակին, երբ հանդիպեցի Regnum-ի մի հրապարակման՝ «Մոսկվան, Բաքուն եւ Ստեփանակերտը կարող են երեքով բանակցություններ սկսել»:

Վերլուծությունը կառուցված է պաշտոնական տեղեկատվության վրա, որ Ադրբեջան-Եվրոպական միություն բանակցությունները մտել են փակուղի, եւ աշնանը նախատեսված՝ ստրատեգիական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը տեղի չի ունենա: Այդ թեմայով վերջին օրերին վերլուծական մեծ ծավալի նյութ է հրապարակել ադրբեջանական մամուլը: Դատելով ամեն ինչից, տարաձայնություններն անհաղթահարելի են դարձել այն բանից հետո, երբ ԵՄ բանագնացները մերժել են համաձայնագրի նախաբանում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ամրագրելու պաշտոնական Բաքվի նախապայմանը: Եւ այս իրավիճակում, նաեւ նկատի ունենալով, որ Եվրամիությունից մերժված Թուրքիան սերտ կապեր, այդ թվում եւ՝ ռազմատեխնիկական, ունի Ռուսաստանի հետ, Regnum-ի հեղինակը, որ Ստեփանակերտում որոշակի շրջանակների համար ճշմարտության վերջին ատենախոսի համարում ունի, բաց տեքստով գրում է, որ տեսանելի հեռանկարի կտրվածքով Հարավային Կովկասում համադրվելու են ոչ թե Ռուսաստանի եւ Հայաստանի, թեեւ վերջինս ՀԱՊԿ անդամ է, այլ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը:

Ելակետային է դիտվում, որ Հայաստանը Վրաստանի հետ միասին կազմում է տարածաշրջանի արեւմտյան ազդեցության գոտի, որից Ադրբեջանը դուրս է մնում: Վերլուծականն ավարտվում է այս ընդհանրացմամբ. «Խնդիրն առայժմ այն է, որ ղարաբաղյան կարգավորման հարցերը չեն հանդիսանում Մոսկվայի եւ Բաքվի միջեւ երկկողմ քննարկումների առարկա՝ երկխոսությանը Ստեփանակերտի պոտենցիալ ներգրավմամբ: Այդ երկխոսության հաջողությունը կախված է նրանից, թե որքան հեռատես եւ ստեղծագործական կգործի այսուհետ եւս Ադրբեջանը, եթե նա հրաժարվի  մասնակցել հեռավոր Բրյուսելի հետ այսպես կոչված «եվրաինտեգրացիայի» աշխարհաքաղաքական սերիալին մասնակցությունից եւ որոշարկվի նոր դիրքորոշումներով: Զուր չէ, որ Աստվածաշնչում ասվում է, որ «պետք է սիրել մերձավորին, քանի որ հեռավորը երբեք չի սիրի»:

Սա զուտ մեկնաբանի՞ մոտեցում է: Կարծում եմ՝ ոչ: Գրեթե ակնհայտ է, որ մոսկովյան եթե ոչ բարձրագույն իշխանությունը, ապա առնվազն վերջինիս փորձագիտական սպասարկու որոշակի շրջանակներ խնդիր են դրել հասնելու Երեւան-Ստեփանակերտ քաղաքական խզման՝ Արցախը հնարավորինս թուրք-ռուս-ադրբեջանական ուրվագծվող պայմանավորվածությունների դաշտ բերելու նպատակադրվածությամբ: BBC-ի հրապարակումը նույն նպատակին չի՞ ծառայեցված: