«Ժողովրդավարական» ճնշումներ ավագանու անդամների նկատմամբ

«Ժողովրդավարական» ճնշումներ ավագանու անդամների նկատմամբ

«Ժողովրդի իշխանության» 4-րդ տարում, նույն ժողովրդից իշխանություն ստացած քաղաքական խմբակի որոշ անդամներ ճնշումներ են իրականացնում ժողովրդի այլ ներկայացուցիչների նկատմամբ: Տվյալ դեպքում ճնշման տակ են ընկել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք փորձել են չդավաճանել իրենց հեղափոխական անցյալի արժեքներին:

«Տարածաշրջանային փայլուն աստղ» հորջորջված երկրում տեղի ունեցած նման իրադարձությունների մասին հասարակությանը տեղեկացրեց վերը նշված խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը: Երեւի արդեն նախկին, քանի որ միաժամանակ հայտարարեց խմբակցությունից դուրս գալու որոշման մասին: Փոքրիշատե ծանոթ լինելով արեւմտյան «ժողովրդավարությանը»՝ կարող եմ վկայել, որ այնտեղ բացառվում է նման երեւույթի առկայությունը: Ավելացնեմ, որ, ըստ պարոն Գեւորգյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տվյալ դեպքի առումով հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազություն: 

Իսկ հիմա մտածենք, թե ով կարող էր ճնշումներ իրականացնել իշխող կուսակցությունը ներկայացնող խմբակցության անդամների վրա: Բնականաբար, դա չէին կարող լինել ընդդիմադիրները, արտերկրացիները եւ ոչ էլ այլմոլորակայինները: Մնում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը կրող խմբակցության անդամները: Այսպիսով, ընդունեցինք, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին զանգահարել եւ սպառնալիքներ են բարձրաձայնել ԱԺ պատգամավորները: Ես, իհարկե, չեմ լսել այզ զանգերի բովանդակությունը, սակայն ճնշումն առանց սպառնալիքի չի լինում, այլապես այն ճնշում չի բնութագրվի: Այսպիսով, ավագանու անդամներին զանգահարած պատգամավորները կատարել են հանցագործություն: Իսկ հիմա երկրորդ հարցը՝ կարո՞ղ էին, արդյոք, տարբեր մարդիկ կատարել նույն հանցանքը՝ առանց իրար հետ հաղորդակցվելու: Ոչ, չէին կարող: 

Հանցագործությունը ռադիոյի գյուտի նման երեւույթ չէ, որ միաժամանակ ծագի մի քանիսի ուղեղում, որպեսզի հետագայում էլ վիճեն, թե ով է առաջինը կիրառել այն՝ իտալացի Մարկոնի՞ն, թե՞ ռուս Պապովը: Այսպիսով, ստացանք նաեւ երկրորդ հարցի պատասխանը, եւ մնաց երրորդ հարցը՝ ո՞վ է համակարգել հանցագործությունը կամ պատվիրել այն: Կարծում եմ, որ սա ամենահեշտ հարցն էր. հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում իշխանություն կրող միակ իրական անձը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն է: Եվ բացի դրանից, ո՞վ կարող էր համարձակվել իմփիչմենթի գործընթաց սկսել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ, որն անձամբ Նիկոլի կողմից ստացել էր «հրաշալի քաղաքական գործիչ» պատվավոր կոչումը: Բնականաբար, միայն ու միայն այն անձը, ով տվել էր այդ կոչումը, այսինքն, նույն ինքը՝ Նիկոլը: Ուրեմն, հանցագործության կազմակերպիչ է հանդիսացել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: 

Ես ենթադրում եմ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող, հեղափոխական Դանիել Իոաննիսյանը դժվար թե վերը նշված մանրամասնությամբ ներկայացրած լինի իր հաղորդումը: Ենթադրում եմ նաեւ, որ կարող էր նույնիսկ չկռահել քայլ առ քայլ վերլուծություն կատարելու անհրաժեշտության մասին: Ավելի քան վստահ եմ, որ հանցագործության մասին հաղորդում ստացած քննիչը չի էլ փորձելու կատարել նման վերլուծություն: Վերջինս որոշ ժամանակ հաղորդումը կպահի դարակում, իսկ այնուհետեւ հանցակազմի բացակայության հիմքով կմերժի քրգործ հարուցելու դիմումը: Բայց ենթադրում եմ նաեւ, որ դրանից որոշ ժամանակ անց, երբ երկրում տեղի ունենա իշխանափոխություն, տվյալ հաղորդումը, բազմաթիվ այլ հաղորդումների շարքում, կդառնա քրեական գործ հարուցելու հիմք: 

ՀԳ. Ի դեպ, Հայկ Մարությանի վերաբերյալ այդ պատմության առաջնային աղբյուրը Փաշինյան ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» առցանց պարբերականն էր (թերթը շուրջ մեկ տարի է, ինչ դադարել է հրապարակվելուց): Այսպիսով, ընդդիմադիր լրատվամիջոցներին որպես դեղին մամուլ բնութագրող քայլարածներն իմացան, թե որ լրատվականն է իրական դեղին մամուլը: Ինչի համար կարելի է շնորհավորել թե՛ այդ անձանց եւ թե՛ լրատվականին: