2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ. Փաշինյան
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացումը: Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ կառավարության ղեկավարը:
Նա նշեց, որ Հայաստանում 2022-ի բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով. դրանք կկազմեն 347 մլրդ դրամ:
«Այսօր ներկայացնում ենք կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որ կոչված է ամուր հիմքեր ստեղծելու հնգամյա ծրագրի իրագործման համար: 2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն բանի, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021-ի համար արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ` 651 հազար 141 վճարվող աշխատատեղ:
«Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբևէ չի եղել: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3 տոկոսով»,-ասաց նա:
Խոսեց նաև բարձր՝ 6.4 տոկոս գնաճի ֆոնի մասին և ընդգծեց, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով: Էականորեն՝ ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, ընդ որում աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը:
Շինարարության ծավալները ընթացիկ տարում ևս աճել են (7 տոկոսով), ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել է ավելի քան 5 տոկոս:
«Այս գործոնները 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, մանավանդ, որ արդեն իսկ մեկնարկել են և, հուսով եմ, հաջողությամբ ավարտին կհասցվեն մի քանի խոշոր ներդրումանին ծրագրեր, որոնց առաջնային թիրախը ՀՀ-ն հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի մշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»,-ասաց նա:
2022-ի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով:
«Ծախսերը կազմում են 2 տրիլիոն 190 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմաբ ավել է 10 տոկոսով, 2020-ի նկատմամբ՝ 16 տոկոսով: 2022-ի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 53 տոկոսով»,-ասաց Փաշինյանը:
Կարծիքներ