Աթոռն ավելի թանկ է, քան հայրենի՞քը. ՔՊ-ական համայնքապետերի վերաբերմունքը հող հանձնելուն 

Աթոռն ավելի թանկ է, քան հայրենի՞քը. ՔՊ-ական համայնքապետերի վերաբերմունքը հող հանձնելուն 

Արցախը հանձնելուց հետո ՀՀ իշխանությունը ձեռնամուխ է եղել Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործին: Փաշինյանի վերջին այցը Տավուշ և նրա «առաջարկները» տավուշցիների շրջանում շոկ են առաջացրել, նույնիսկ իր հավատարիմ թիմակիցներն ուշքի չեն գալիս: Եթե Փաշինյանը գնա միակողմանի զիջմանը՝ Բաքվին նվիրելով Տավուշի մարզի 4 գյուղերը, ակնհայտ է, որ Բաքվի բռնապետի ախորժակը կբացվի, հաջորդիվ պահանջելու է տարածքներ Վայոց Ձորի մարզից, Գեղարքունիքից և իհարկե՝ Սյունիքից: 

Մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ կարծիքի են, օրինակ, սահմանից հեռու Կոտայքի մարզի ՔՊ-ական համայնքապետերը Տավուշից հողերի հանձման մասին: Նրանց պատասխաններից մեզ կրկին պարզ դարձավ, որ ոմանց համար իրենց աթոռն ավելի թանկ է, քան հայրենիքի տարածքները: 

Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, ով հեղափոխությունից հետո է անցել ՔՊ շարքերը եւ «Ակունքո՛ւմ, ապագա կա» կարգախոսով մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին ու ընտրվել խոշորացված համայնքի ղեկավար, մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես 10 օր ա երկրում չեմ, ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս»: Ձեզ չի՞ մտահոգում, որ Տավուշի 4 գյուղերը հանձնելու են Ադրբեջանին. «Ես հեռախոսով, այդ հարցին չեմ պատասխանի»: 

Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանն ասաց, որ հարմար պահ չի այդ հարցին պատասխանելու համար, ավելի ուշ կպատասխանի: 

Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանը պատասխանեց. «Ես հիվանդանոցում պառկած եմ, այդ հարցը տալու ժամանա՞կն է»:

Հրազդան համայնքի ղեկավար, ՔՊ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Սեւակ Միքայելյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ գերադասեց լռել: Հավանաբար հասկացավ, որ Սասուն Միքայելյանի որդին չի կարող հավանություն տալ հանձնելուն, բայց աթոռը թանկ է` չի էլ կարող հակադրվել հող հանձնող իշխանություններին: 

«Այդ հարցը ինչի՞ եք ինձ տալիս, ես Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետն եմ, իմ առջեւ դրված խնդիրներն եմ կատարում քաղաքում»,- ասաց Ծաղկաձոր համայնքի համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը: 

Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանն էլ պատասխանեց. «Հիմա ես համալսարանում դասի եմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել»: