«Նոր Հայաստան»` Նիկոլ Փաշինյանի հեռուստաընկերությունը

«Նոր Հայաստան»` Նիկոլ Փաշինյանի հեռուստաընկերությունը

Երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում գումարված հանձնաժողովի նիստին քննարկվել է նաեւ ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ-ի՝ 2019 թվականի հունիսյան եթերում հեռարձակված մանկական հաղորդումներն առանց ժեստերի լեզվով թարգմանության կամ հայերեն լուսագրով հեռարձակելու պատճառով հանձնաժողովի հարուցած վարչական վարույթը կարճելու մասին հարցը:

Ընկերության ներկայացրած պարզաբանումներն եւ բացատրություններն ուսումնասիրելով՝ հանձնաժողովի անդամները միաձայն որոշում են կայացրել վարույթը կարճելու վերաբերյալ: Իսկ ընկերությունից էլ հայտնել են, որ այդ հաղորդումները եղել են կրկնություն։ Ինչպես հայտնի է՝ արդեն հունիսից ընկերության աշխատակազմին՝ լրագրողներին, օպերատորներին, ցտեսություն էին հայտնել, փոխտնօրեններից երկուսը՝ Արա Ալոյանն ու Արամ Հովհաննիսյանը, հեռացել էին դեռ դեկտեմբերին, եւ փաստացի ղեկավար կազմից մնացել է միայն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի որդին՝ Կարեն Սարգսյանը, եւ  հեռուստաընկերության կողմից Յութուբ գցված հաղորդումները կրկնություն են․ այդ հաճախականությունը լիցենզավորված է, եւ ընկերությունը պարտավորված է այդ բացը դատարկ չթողնել։

Տեւական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ ընկերությունը պատրաստվում են գնել ԱՄՆ-ում բնակվող Բագրատ եւ Վահագն Սարգսյան եղբայրները, որոնք դեռ վաղ 2000-ականներին Հայաստանում զրոյից մասնավոր ընկերություն ստեղծելու հաջողված փորձ ունեն։ «Հրապարակին» այս ընթացքում որոշ մանրամասներ հայտնի դարձան հնարավոր գործարքի գնի, մտադրությունների եւ այլ նրբությունների մասին։ Մասնավորապես, որ հեռուստաընկերությունը պետք է ունենա «Նոր Հայաստան» անվանումը, որը լինելու է Նիկոլ Փաշինյանին աջակցող հեռուստաընկերություն, որը տեղակայվելու է կա՛մ նախկին  «Արմեն Ակոբ» հեռուստաընկերության՝ «Կինո Հայաստանի» շենքում, կա՛մ մի որեւէ այլ վայրում, նախկին Հ3-ի շենքում։

«Կինո Հայաստանի» «կինոյի գծով» պատասխանատու ներկայացած աշխատակցուհին սա կտրականապես հերքեց, եւ ավելին՝ բացառեց, որ այդ մասին բանակցություններ լինեին, եւ ինքը տեղյակ չլիներ։ Այնուամենայնիվ, «ՄՈ ԹԻՎԻ»-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ հեռուստաընկերության նոր սեփականատերը չի գործելու Աբովյան փողոցում գտնվող նախկին շենքում, որտեղ տեղակայված է նաեւ ՕԵԿ-ը։ Տեղեկացանք նաեւ, որ գործարքը դեռ ավարտված չէ, չնայած բանակցությունները շարունակվում են․ Սարգսյան եղբայրները Հայաստանում չեն, բայց գործարքի պայմանները քննարկվում են իրավաբանների միջոցով։