«Օրենքի դիկտատուրայի» իլյուզիա

«Օրենքի դիկտատուրայի» իլյուզիա

Այսպիսով, սկսվեց «օրենքի դիկտատուրա» շոուն, որը մինչ այս բեմականացված շոուներից «ամենափայլունը» եւ վերջինը կլինի: Նպատակն «օրենքի դիկտատուրայի» պատրանք ստեղծելն է: Թեպետ «հպարտ» քաղաքացիներին բոլորովին չեն հուզում մոտ ժամանակներս սպասվող՝ երկրի համար «ցավոտ որոշումները» (ինչպե՞ս կարող են հուզել, եթե ոմանց անգամ իրենց եւ իրենց զավակների ֆիզիկական ոչնչացումը չի հուզում), ինչի մասին հայտարարվել է պաշտոնապես, այդուհանդերձ, մարդկանց պետք է ներշնչել, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են, անկախ այդ մարդկանց հավաքական կարծիքի վրա թքած ունենալուց:

Այդ շոուի «ծանր բեռն» առաջինն իր վրա վերցրեց Սուքիասյանների գերդաստանը, որը, այսպես կոչված, հեղափոխության գլխավոր շարժիչ ուժերից մեկն էր, ինչի մասին հրապարակավ հայտարարել է Խաչատուր Սուքիասյանը: Այս անձը հարգանքի արժանի է: Իր համար դժվարին մի ժամանակահատվածում, երբ հետապնդվում էր օրվա իշխանության կողմից, հայտարարեց, որ Վանո Սիրադեղյանն իր ընկերն է, չհեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Բացի նրանից, որ հավատարիմ ընկեր է, նաեւ ուրացող չէ. այսօրվա իր ունեցվածքով եւ «ձեռքբերումներով» նա պարտական է ՀՀՇ-ի առաջնորդներին: Իր գործողություններով նա ապացուցեց, որ «թասիբով» է: Այժմ, երբ «հեղափոխությունը» թեւակոխել է վճռական վերջին փուլ, երբ կբացահայտվի դրա առաքելությունը, նա ստանձնեց մի բարդ ու նուրբ օպերացիայի իրագործումը: Խոսքը վերաբերում է «օրենքի դիկտատուրայի» հաջողված պատմություն ստեղծելուն, որով էլ մեկնարկեց նույնանուն շոուն. ձերբակալվեց Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը:

Տասնամյակներ (բացառությամբ 90-ականները), Սուքիասյանների ձայնը չի լսվել, նրանք «գլուխները կախ» ստեղծել են իրենց իմպերիան: Համենայնդեպս, Խաչատուր Սուքիասյանը երբեք չէր ներքաշվի քրեական ռազբորկաների մեջ: Այդ ինչպե՞ս եղավ, որ այն ժամանակ, երբ նրա գերդաստանն արդեն դարձել է պետությանը «տիրություն» անող, հանկարծ հայտնվեց քրեական խրոնիկայում: Не верю! Impossible! Երեսպաշտություն, թե ինչ այլ որակում կարելի է տալ նրա այս հայտարարությանը. «Երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ եւ անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական եւ քաղաքական կարգավիճակից»:

Չես կարող չհավատալ այսպիսի «անկեղծ» խոսքին: Բայց ինչպե՞ս է ստացվել, որ «օրենքի առջեւ հավասարությունը» մեր հասարակությունը զերծ չի պահել սոցիալական սարսափելի անհավասարությունից; Չէ՞ որ, եթե ոչ բոլորի, ապա գոնե բնակչության 50-60 տոկոսի մեկնարկային պայմանները 1990-ականների սկզբին հավասար են եղել: Փաստորեն, օրենքը հարգել է 45-50 տոկոսը ու հայտնվել աղքատության գրկում: 

Ինչեւէ: Բա էլ ինչպե՞ս ապահովվեր հանրային մեծ հնչեղություն. «հպարտ» քաղաքացիները կշտապեն եզրակացնել, որ Փաշինյանը ճիշտ էր ասում, թե «օրենքի դիկտատուրա» է հաստատելու, «մենք իրա ոտքը պագնենք»:

Ուղղակի մեկ հարց. արդյոք Սուքիասյանների նմանները երբեւէ գիտակցե՞լ են, որ արտագաղթի նշանակալի մասի շարժառիթը սոցիալական անարդարությունը, կամայականությունները չեն, ոչ էլ երկրի անվտանգության գահավիժող մակարդակը, այլ իրենց, ջհանգիրյանների, մուկուչյանների ու նախկիններից շատերի նմանների ստեղծած գաղջ միջավայրն է: Միջավայր, որտեղ չնայած բազմաթիվ «փայլուն բաների» առկայությանը, բացակայում է մաքուր «մարդկային օդը»:

Այնպես որ, հայոց պետականության թշնամիները մենք ենք՝ ազգովի, ու ոչ մի «օրենքի դիկտատուրա» չի կարող կասեցնել անշրջելի գործընթացները: Գուցե միայն այլմոլորակայիններն ի զորու լինեն դա անել:

ՀԳ. 1995 թվականին վերապատրաստման նպատակով գտնվում էի Ֆրանսիայում: Այնպես ստացվեց, որ մի ֆրանսուհի մեկնելու էր Մոսկվա: Խնդրեցի հանդիպել իմ թեկնածուականի ղեկավարին՝ Արկադի Բասկինին, եւ փոխանցել մի փոքր նվեր: Բրիջիտ էր ֆրանսուհու անունը: Վերադառնալով Ֆրանսիա՝ նա ինձ փոխանցեց իմ ղեկավարի գրությունը. «Ես ուրախ եմ, որ Դուք, թեկուզեւ կարճ ժամանակ, հնարավորություն ունեք շնչելու մարդկային մաքուր օդը: Ձեզ, հավանաբար, այդտեղ դիմում են դ՛ Վարդանյան, ցանկալի է, որ նախկին խորհրդային տարածքում Ձեզ դիմեն՝ դոկտոր Վարդանյան»: Հարգանքն ու ակնածանքն իմ ղեկավարի հանդեպ, այլ ոչ գիտական բարձր աստիճանի հասնելու ձգտումը, ինձ ստիպեցին հետեւել նրա խորհրդին:

Գագիկ Վարդանյան