«Հրապարակ»․ Ամեն ինչի համար փող կա, հանրային պաշտպանների համար չկա

«Արդարադատությունը՝ որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը խնդիր է բարձրաձայնել՝ խոսքն ուղղելով համաժողովին ներկա Նիկոլ Փաշինյանին, որ հանրային պաշտպաններից 11 հոգու այս տարի կրճատել են, ինչն ավելի է մեծացրել հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը։ Դեռ 2024-ին Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների թիվը պետությունը 15-ով ավելացրել էր, սակայն այս տարի՝ 2025-ին, ըստ տեղեկությունների, գումար չունենալու պատճառով 11 փաստաբանի հեռացրել են։
Նիկոլ Փաշինյանը, լսելով Մարինե Թովմասյանի դիտարկումները, ասել է. ինչքան էլ լինի հանրային պաշտպան՝ քիչ է, իրենք անընդհատ ուզելու են, եւ այդպիսով թեման փակել է։
2006 թվականից անվճարունակ քաղաքացիներն անվճար իրավաբանական օգնություն են ստանում ոչ միայն քրեական գործերով, այլ նաեւ որոշ դեպքերում՝ քաղաքացիական: Գրասենյակի փաստաբանները ծանրաբեռնված գրաֆիկով պաշտպանում են սոցիալապես անապահով մարդկանց շահերը դատարաններում: Իսկ պետությունը կրճատում է հանրային պաշտպանների հաստիքացուցակը, չնայած տարեցտարի նրանց վարած գործերի քանակն ավելանում է: Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության հարցը պարբերաբար բարձրացվում է: Այսօր էլ նույն խնդիրն է՝ արդյոք մեկ հանրային պաշտպանը կարո՞ղ է տարեկան մի քանի հարյուր գործ վարել` ապահովելով որակյալ աշխատանք:
Մարինե Թովմասյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ խնդիրը բարձրացնելուց հետո ինչ-որ քայլ արվե՞լ է՝ լուծելու համար։ Պատասխանեց՝ բացարձակ։ Փաշինյանի պատասխանը բավարարե՞լ է իրենց։ «Իհարկե՝ չի բավարարել։ Հանրային պաշտպանները շարունակելու են գերծանրաբեռնված աշխատել այս պայմաններում, եթե միջոցներ չձեռնարկվեն։ Պատկերացրեք, այնտեղ սահմանափակ էր, ես չկարողացա ամբողջությամբ ներկայացնել մեր հաշվետվությունը, հունվարի դրությամբ մինչեւ մարտ եռամսյակը երբ մենք ամփոփում էինք, պարզվեց, որ մի հանրային պաշտպանին 500 գործ է տարեկան բաժին հասնում, մինչ այդ 300-ով գոնե սահմանափակվում էինք, իսկ այս տեմպերով որ շարունակվի, 500-ի է հասնելու»։
Ըստ Թովմասյանի՝ Փաշինյանի պատասխանից ինքը հասկացել է, որ գումար չկա․ «Մենք բարձրաձայնեցինք, որ հանրային պաշտպանները դատական նիստերին չհասցնելով, կարող է եւս արդարադատության իրականացման ուշացման պատճառ լինեն․ կարող է նիստեր հետաձգվեն, նիստերն ուշ նշանակվեն, դա եւս կնպաստի։ Հիմա տենդենց կա, որ դատավորները հանրային պաշտպանի չգնալով` նկատողություն են տալիս, վարույթներից են հեռացնում, իհարկե՝ հանրային պաշտպանները բողոքարկում են, եւ դրական արձագանք էլ ունենք, որ վերաքննության կարգով բեկանվել է դատարանի որոշումը։ Այսինքն՝ հանրային պաշտպանը դատարանին ներկայացնում է, որ այս օրը, այս ժամին ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն, դատարանը հենց նույն ժամին, նույն օրը նիստ է նշանակում»։
Այս պահի դրությամբ Հանրային պաշտպանի գրասենյակում 60 փաստաբան է աշխատում, ինչը, ըստ իրենց, բավականին փոքր թիվ է` գործերի նման ծավալի պայմաններում։
Հարկ է նշել, որ պետության ղեկավարն ու բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց վայելքների համար միլիոններ են ծախսում պետական բյուջեից, անհիմն ծախսեր կատարում, գործուղումների մեկնում հեռավոր երկրներ եւ անգամ Հայաստանի տարածքում աշխատանքային այցի համար են պետբյուջեից գումար ստանում, մինչդեռ գիշեր-ցերեկ աշխատող Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների թիվը կրճատում են` փող չլինելու բացատրությամբ: Հետո էլ համաժողով են անում, թե` եկեք քննարկենք, թե ինչու է արդարադատությունն ուշանում, ինչու են դատաքննություններն անհարկի ձգձգվում։
Կարծիքներ