Անբարո քարոզչություն

Անբարո քարոզչություն

Ի՞նչ դեֆորմացիաներ է կրել հայ մարդը անկախացումից հետո ձգված 30 տարիների եւ հատկապես` վերջին 6 տարվա ընթացքում: Արժեքային համակարգի, գիտակցության, մենթալիտետի, ազգային հոգեկերտվածքի ի՜նչ փոփոխություններ են արձանագրվել այս 3 տասնամյակում: Երբեմն թվում է, թե նա ուղղակի անճանաչելի է դարձել: Փոխվել են նրա պահանջներն ու պատկերացումները, մարդկային որակներն ու ձգտումները, կենսակերպն ու վարվեցողությունը:

Ո՞վ կսպասեր, որ որեւէ հայ մարդու համար երբեւէ կարող է առանց վիզայի Եվրոպա մեկնելն ավելի կարեւոր լինել, քան, ասենք, Արցախի անկախությունը: Կամ՝ 30 տարի կառուցված, շենացված, բարեկարգված ճանապարհները, գյուղերն ու քաղաքները, դպրոցներն ու մշակութային շինությունները կարող են մի ակնթարթում հանձնվել թշնամուն, եւ նա հանգիստ կարող է ասել. «Դե, Գուգլ մապով Ադրբեջանինն է` պետք է հանձնեին»: Ինչպե՜ս կարող էր իր ընտանիքը, ընկերներին, զավակներին պաշտող, օջախ սիրող, փորձանքի մեջ ընկածին կարեկցող, հյուրասեր հայն իր արցախցի հայրենակիցներին համարել օտար, նրանց չկարեկցել, ձեռք չմեկնել:

Իհարկե, բոլոր հայերը չեն այդպիսին, բայց անգամ եթե մեկ այդպիսի հայ կա, ես հրաժարվում եմ դա հասկանալ: Ինչպես հրաժարվում եմ հասկանալ իշխանության մեջ գտնվողներին, որոնք ծածուկ կամ բացահայտ խրախուսում, հրահրում են անուղեղ, անհայրենիք ինֆուզորիայի այդ վարքը: Այն իշխանությանը, որը մի կողմից ատելություն է տարածում մեր հայրենակիցների հանդեպ, մյուս կողմից, հանդուրժողականություն` թշնամու հանդեպ: Մի կողմից, համայն հայության հայրենիքն է մաս-մաս հանձնում թշնամուն, մյուս կողմից՝ նորանոր զիջումների համար հող նախապատրաստում` անբարո քարոզչությամբ, մարդկանց ուղեղները լվանալով, ազգային մտածողությունն արմատախիլ անելով: