Իրենց նպատակը Սյունիքով սուվերեն միջանցք ձեռք բերելն է

Իրենց նպատակը Սյունիքով սուվերեն միջանցք ձեռք բերելն է

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

 -Ընդդիմությունը ապրիլից հանրահավաքներ կազմակերպեց, երթեր արեց՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման և Արցախի։ Այսօր ակտիվություն չի նկատվում, ինչո՞ւ։

- Ընդդիմությունն այսօր բացի իշխանափոխության պահանջից կոնկրետ հետագա գործողությունների հստակ ծրագիր  չունի։ Այդ է պատճառը, որ հիմա պասիվ են։ Կարծում եմ, որ առաջիկայում՝ արդեն ամսվա վերջին և հաջորդ ամսվա սկզբին ավելի կակտիվացնի իր գործունեությունը, հատկապես հաշվի առնելով այն էմոցիոնալ ֆոնը, որ տիրելու է Հայաստանում և Արցախում` օգոստոսի 25-ից հետո։

- Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ Հայաստանից պահանջեց հստակ ժամանակացույց՝ միջանցքի բացման հետ կապված, և ուշացման դեպքում նորից սպառնաց հնարավոր  պատերազմով։ Ինչո՞ւ է Հայաստանը լռում Ալիևի հերթական հոխորտանքներից հետո։

- Որովհետև ենթադրում եմ, որ Ալիևի և Փաշինյանի միջև բանավոր պայմանավորվածություններ կան։  Եվ Ալիևը շտապեցնում, ակնարկում է այդ մասին և պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը կատարի իր խոստումները։ Բայց սա ընդամենը ենթադրություն է, փաստեր չունեմ: Ուղղակի այլ բացատրություն պարզապես չեմ տեսնում։ Իշխանական թևը չի կարող որևէ հայտարարությամբ հանդես գալ, որովհետև ամեն ինչ  խոստացել է, և հիմա ստիպված լուռ  կատարում է։ Որևէ հակազդող քայլ Ադրբեջանին կարող է իրականացնել միայն իշխանությունը։ Ոչ ոք՝ ոչ ընդդիմադիր ուժերը, կամ որ ասում են, թող հասարակությունը համախմբվի և դուրս գա պայքարի, ոչ էլ հասարակությունը չեն կարող դա անել։ Հետևաբար, եթե  Հայաստանը պիտի ինչ-որ քայլեր անի և քայլերի ծրագիր ունի, դրա համար առաջին հերթին պետք է իշխանափոխություն լինի, որպեսզի նոր իշխանությունները պետականորեն իրականացնեն այդ քայլերը։

- Վերջին օրերին սահմանին իրավիճակը լարված է, իսկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները կարող են հատել Հայաստանի սահմանը, և սա այն դեպքում, երբ չունենք դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ։

- Ես կարծում եմ, պատճառն այն է, որ իրականում այդ խաղաղությունը մեզանից բացի ոչ մեկին պետք չի։ Այդ խաղաղությունը պետք չի ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, և ոչ էլ Ռուսաստանին։ Իսկ մենք դա պարտադրելու որևէ  ուժ և կարողություն չունենք, այսինքն, խաղաղության դարաշրջանը  իմ խորին համոզմամբ պատրանք է, որը կամ չի բացվելու, կամ, եթե բացվի դրա դիմաց այնպիսի ահռելի գին են պահանջելու մեզանից, որ մենք այդ գինը չենք վճարելու։ Եվ վաղ թե ուշ ստիպված ենք լինելու անհավասար պայմաններում մտնելու նոր պատերազմի մեջ։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ադրբեջանցիների երթևեկությունը։ Որքանով անվտանգ կլինի ճանապարհի հարակից բնակավայրերում ապրող մարդկանց կյանքը։ Որքանով վերահսկելի կլինեն նրանք, արդյոք չեն հանգրվանի որևէ մի տեղ։ Եվ ընդհանրապես ինչ սպասել սահմանի բացումից։

- Կարծում եմ, որ դա շատ անորոշ հեռանկարի խնդիր է, ու ես չեմ կարծում, թե դա տեղի կունենա, որովհետև Ադրբեջանին այդ ճանապարհները պետք չեն ընդհանրապես։ Երբ, որ Ադրբեջանը խոսում է ճանապարհների մասին, նրանց ճանապարհը չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է սուվերեն միջանցքը։ Որովհետև այդ ճանապարհներով ադրբեջանցիները, եթե ցանկություն ունենային, միշտ էլ միջպետական պայմանագրերով  կարող էին օգտագործել։  Մենք պիտի հասկանանք, որ մենք չենք Ադրբեջանին շրջափակման ենթարկել, այլ հակառակը ՝ Ադրբեջանն է մեզ շրջափակման ենթարկել։ Այսինքն՝ այդ ճանապարհները մենք չէինք փակել, այլ՝ իրենք էին փակել, ինչպես հիմա Իջևան-Ղազախը։ Բայց չեմ կարծում, թե այդտեղ այդպիսի վտանգ կա, որ իրենք կգան կմնան, որովհետև իրենց նպատակը դա չի, այլ՝ Սյունիքով սուվերեն միջանցք ձեռք բերելն է։ Եթե նրանց չհաջողվի դա՝ Հայաստանը կշարունակի մնալ շրջափակման մեջ։ Հետևաբար ձեր ասած Վարդենիսով, Իջևանով ոչ մի ադրբեջանցի էլ չի մտնի Հայաստան։

- Ինչպես հաղթել ֆեսյբուքյան պատերազմում` բոլորը, ընդհուպ մինչև քաղաքագետներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ տեսակետներ են հրապարակում, տեսանյութեր, որոնք օգնում են թշնամուն լավ հասկանալ թե մեր բարոյահոգեբանական վիճակը, թե ստանալ կարևոր իրենց համար տեղեկություններ։

- 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանում ֆեյսբուքը արգելափակված էր։ Մեզանում հակառակը՝ ակտիվություն էր։ Դա անկասկած բացասական ձևով է անդրադարձել բոլոր գործընթացների վրա։ Այսինքն, մենք պիտի հասկանանք, որ ֆեյսբուքը կարող է միայն  լինել գաղափարների գեներացման, առողջ բանավեճերի հարթակ, ինչը,  ցավոք սրտի, մեզանում այդպես չէ։ Մեզանում դա ինքնահաստատվելու, ինքնափիառվելու հարթակ է, որը էլ ավելի է պառակտում մեր հասարակությանը՝ բաժանում սև ու սպիտակների, և, այո, ձեր ասած բազմաթիվ  գաղտնիքներ է տարածում, մի խոսքով բացասական դերակատարում ունի։ Այստեղ խնդիրը նաև լրատվական դաշտինն է, նկատի ունեմ լուրջ լրատվական դաշտինը։ Որովհետև եթե լրատվական դաշտում առողջ մրցակցություն չկա, այդ ամեն ինչը՝ նույնիսկ հայհոյանքները տեղափոխվում են  ֆեյսբուք, դա շատ ցավալի է, և խոսում  է մեր հասարակության ցածր մակարդակի, ցածր պատասխանատվության մասին։