Վարչական դատարան դիմած գործերի 70-80 տոկոսը բավարարվում է

Վարչական դատարան դիմած գործերի 70-80 տոկոսը բավարարվում է

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեսաուղերձով է հանդես եկել՝ հրավիրելով մարդկանց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման։ Նախագիծն արդեն քննարկման առարկա է դարձել վարչական մասնագետների, իրավաբանների կողմից, նրանք այնտեղ մի շարք խնդիրներ են տեսել։ Մասնավորապես այն, որ գումարի գանձումն իրականացվելու է վարչական դատարան դիմելու պահին` առանց դատարանի վերջնական որոշման:
Փոփոխությունների մասին «Հրապարակը» զրուցել է «Կոնցեռն Դիալոգ» ընկերության փաստաբան Արամ Օրբելյանի հետ։

-Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխություններն ինչ խնդիրներ կարող են առաջացնել քաղաքացիների համար։ 

-Եկեք խմբի բաժանեմ խնդիրները․ Առաջինն այն է, որ այս օրենսդրությունն ամբողջական չէ, հերթական կիսատ-պռատ բանն ենք տեսնում, հետո գնում ենք քննարկելու, մեկ էլ ասում են՝ սա սրա վրա չի տարածվում, սա` սրա վրա տարածվում է։ Որպես նախաբան, ասեմ, թե առաջ ինչպես էր․ Եթե վարչական մարմինն ակտ է ընդունել, դու դիմում ես դատարան, որպեսզի այդ ակտը վերացնես, ավտոմատ այդ ակտը համարվում էր կասեցված, գործը քննվում էր, դրա արդյունքում, եթե հաստատվում էր, որ ակտը պետք է կասեցվեր` վերացվում էր, իսկ եթե գտնում էր, որ սխալ ակտ չէ, համապատասխանաբար ուժի մեջ էր մտնում եւ կիրառվում: Ասում էր՝ վարչական մարմնի ակտը եթե բողոքարկվել է, ապա ուժի մեջ չի կարող լինել, մի քանի բացառություններ էին սահմանել...եթե վարչական մարմինը դա ընդունելիս հիմնավորում էր, որ դա անհապաղ պետք է կատարվի։ Բերեմ օրինակ, Սննդի անվտանգության տեսչությունը ստուգում է, որ ռեստորանում սանիտարական պայմաններ չկան, չի թողնում աշխատի, պետք է դիմի, ասի՝ վարչական ակտը իմ նկատմամբ չկիրառվի։ Հիմա ամեն մի վարչական մարմին իր ցանկությամբ ասում է՝ կլինի՞ իմը չկասեցվի, ժամանակին բացառություններ էին սահմանել, փոխանակ ասեին՝ արգելում ենք բացառությունները, ասեին, որ, եթե սահմանված է բացառություն, եկեք այդ բացառությունը սարքենք կանոն եւ վարչական ակտերը չկասեցվեն, իսկ եթե ուզում ես կասեցվի` դիմի դատարան։ Հիմա ի՞նչ է ստացվում, դա նշանակում է, որ ամեն անգամ, երբ վարչական ակտ կլինի ընդունված, ես պետք է դիմեմ դատարան, վերջինիս ասեմ՝ կլինի՞ չկատարվի իմ հանդեպ, գործը քննելուց հետո կատարվի, ընդ որում, իրենք հիմա ասում են՝ դա վարչական բռնագանձումների վրա չի տարածվում ու իրականում գործող կառուցակարգերում անհամապատասխանություն կա՝ «փաստացի, հավանաբար» չի տարածվի։ Օրինակ բերեմ,  քաղաքացիների մեծ մասը, որոնք աղքատության շեմից քիչ ավելի գումար ունեն, ցանկացած տուգանքով եթե մտնեն դատարան, ասեն՝ հետաձգեք, կասեն՝ ինչի՞ հետաձգենք, քո համար դա անելանելի վիճակ չի ստեղծում, այդ 20 հազար դրամը վճարի՝ կհաղթես, ետ կստանաս, կամ կազմակերպությունների զգալի մասը կունենա խնդիր, որ այս տուգանքը վճարի, հետո եթե հաղթես` հետ կստանաս։ Կասեցնելու համար եթե դիմես, դատարանը կասի՝ քո վիճակն այնքան վատ չէ, որ չկարողանաս 20 հազար դրամը վճարես։ Սա բանավոր մեկնաբանում են, որ սրա վրա չի տարածվում, բայց ինչպես ես ասացի՝ այսօր չի տարածվում, վաղը կտարածվի, ուղիղ գրված չէ, որ բռնագանձումներն անմիջապես չեն գործում։ Մեկ այլ խնդիր էլ վերաբերում է նրան, որ փոխանակ պետությունը ռեսուրսներ ծախսի վարչական արդարադատությունն արդյունավետ դարձնի, փոխանակ դարձնի այնպես, որ վարչական դատարաններում գործերը 6 ամսում ավարտվեն, սահմանափակի վարչական մարմինների վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, որովհետեւ վերաքննիչում դա քաղաքացու իրավունքն է։ Պետք է պետական մարմիները հաշտվեն, որ եթե վարչական դատարանն ասաց՝ այս տուգանքը սխալ է, ուրեմն սխալ է։ Մի ստատիստիկա էլ կա․ դատարան դիմած գործերի 70-80 տոկոսը բավարարվում է, սա նշանակում է, որ դատարան դիմող քաղաքացիները չեն չարաշահում դատարան  դիմելու իրավունքը։ Մեծ քանականությամբ վարչական ակտեր չեն բողոքարկվում, իսկ բողոքարկվողների մեծ մասը բեկանվում են, այսինքն՝ մարդիկ հասկանում են որ ակտերը բողոքարկեն, որը՝ չէ։ Եթե մենք ունենայինք հակառակ պատկերը, որ ձեռի հետ բողոքում են, ժամանակ ձգելու համար, ես կասեի՝ հա, բայց մենք տեսում ենք հակառակը։ 

-Ճանապարհային երթեւկության կանոնների խախտման համար` պարեկների կողմից գրված տուգանքի ակտերի վրա էլ են այս փոփոխությունները տարածվո՞ւմ։

-Եթե պարեկը տուգանել է, օրինակ, 10 հազար դրամով, ստացվում է, որ, եթե ես չվճարեմ` որեւէ խնդիր չկա, համապատասխան վճարը չեն կարողանալու բռնագանձել, որովհետեւ դրա համար անհրաժեշտ է, որ այդ գումարը դառնա բողոքարկելի, բայց մի մեծ խնդիր կա․ անկախ դրանից բողոքարկելի է, թե չէ, տուգանային բալերը հանվելու են։ Այսինքն, եթե ստացվում է, որ ինձ տուգանելու են այնպիսի մի տուգանքով, որտեղով միավոր է հանվելու, փողը չեն կարողանալու բռնագանձել, բայց միավորը հանելու են, արդյունքում՝ ես բողոքարկելու եմ եւ ինչ որ պահից ասելու են` վարորդական վկայական չունես։