Չարդարացված պահանջներ

Չարդարացված պահանջներ

Քննադատության եւ մանրախնդրության, բանավեճի ու հայհոյախոսության, առողջ հակադրման եւ հիվանդագին յազվության միջեւ երբեմն սահմանը շատ նուրբ է, եւ շատերն այդ սահմանը չեն գիտակցում։ Եվ մեկ էլ տեսնում ես՝ ընդդիմադիր հայացքներով մեկը դառնում է անտակտ ու գռեհիկ հայհոյախոս, իսկ տեղին քննադատությունը վերածվում է ձվի մեջ մազ ման գալու։ Այս անցումները հատկապես նկատելի են խորհրդարանում, որտեղ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները ստիպված են նստել նույն դահլիճում, աշխատել միմյանց հետ եւ երբեմն էլ ողջամիտ համաձայնությունների գնալ, որ ԱԺ-ն կրկեսի չվերածվի։

Այս օրերին խորհրդարանի աշխատանքին հետեւողները շատ մեծ պահանջներ ունեն այս մարմնից, ես կասեի՝ չարդարացված պահանջներ։ Որովհետեւ մի կողմից պարզ է, որ որքան էլ մեծամասնության ներկայացուցիչները հոխորտան ու պոռոտախոսեն, իրենք երկրում ոչինչ չեն որոշում։ Եվ օդում կախված են մնում այն կասկածները, որ տիկնիկավարը, որը նստած է կառավարության շենքում, շուրջօրյա կառավարում է իրականացնում, եւ Իրանի նախագահի ինաուգուրացիայի ժամանակ հեռախոսի մեջ խորասուզված լինելն էլ գուցե դրա վկայությունն է։ Իսկ ինչ-որ բան պահանջել այն մարդկանցից, որոնք ոտով-գլխով կախված են մեկ այլ անձից, որի քայլերի եւ մտքերի ընթացքը մեր երկրին 3 տարում ոչ մի լավ բան չի բերել, առնվազն մանկամտություն է։ Մյուս կողմից՝ մանկամտություն է նաեւ մեծ պահանջներ ներկայացնել ընդդիմությանը, որն այս պահին, բացի ԱԺ խոսափողից, այլ գործիքակազմ չի տնօրինում։ Ո՛չ օրենքների ընդունման հարցում կարող է դեր խաղալ, ո՛չ քաղաքական որոշումների։ Ընդամենը կարող է բոյկոտել ու խանգարել ինչ-ինչ պրոցեսների։ Ասենք՝ շարունակ դիմել Սահմանադրական դատարան եւ ձգձգել որոշումների՝ ուժի մեջ մտնելը։ Վերջ։