Կարմիր բերետավորներից ազատման զեկուցագրեր չեն ստացվել․ ոստիկանություն

Կարմիր բերետավորներից ազատման զեկուցագրեր չեն ստացվել․ ոստիկանություն

Երեկ Եռաբլուրում պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության զորքերի՝ կարմիրբերատվորների արած վայրագությունները սուր քննադատության արժանացան ոչ միայն ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների, անհատ քաղաքացիների, այլև նախկին ոստիկանների կողմից ևս։ Այսօր հայտնի դարձավ նաև, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարականով ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նշանակված է ծառայողական քննություն։ Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուր պանթեոնում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել մոտ 30 ծնողի, որոնցից մեկի մատն էին կոտրել, մյուսի թևը վնասել։ 

Սրան զուգահեռ սոցիլական ցանցերում և մամուլում տարբեր մարդիկ կոչ էին անում ոստիկաններին համակարգից դուրս գալ, Նիկոլ Փաշինյանի ապօրինի և անպատվաբեր հրամանները չկատարել, նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, որ որոշ կարմիրբերետավորներ դիմում են գրել ու հեռացել են համակարգից։ Մենք ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե երեկվա դեպքերից հետո արդյոք կա՞ն աշխատանքից ազատման դիմում գրած կարմիրբերետավորներ, սակայն ոստիկանությունից պատասխանեցին, որ այս պահի դրությամբ ազատման զեկուցագրեր ոստիկանություն չեն ստացվել։