Ինչո՞ւ չկենտրոնանալ այդ նպատակի վրա

Ինչո՞ւ չկենտրոնանալ այդ նպատակի վրա

Երեւանի ճանապարհին՝ Գետավանի գազալցակայանում պատահաբար հանդիպեցի Ալեքս Քանանյանին եւ Արմեն Աղայանին: Բարեւեցինք, խոսեցինք: Ալեքսին գիտեմ 2005թ.-ից, ԱԺ ընտրություններին իմ վստահված անձն է եղել Քարվաճառում: Որքան էլ հիմա մեր հայացքները տարբեր են, մտավորականի նրա որակի նկատմամբ հարգանքս չի պակասել: Ասաց, որ Ստեփանակերտ է շտապում՝ ԱՀ պետնախարարի հետ հանդիպման: Միմյանց ողջություն մաղթեցինք ու բաժանվեցինք: Մեկ-երկու կիլոմետր չհեռացած՝ վարորդին խնդրեցի, որ մի փոքր դանդաղեցնի ընթացքը: Գեղեցիկ տեսարան էր՝ ձմեռային Թարթառն իր ամբողջ հմայքով: Լուսանկարեցինք: Նույն օրը տեղադրեցի ֆեյսբուքում՝ իբրեւ ապացույց, որ փոքր հէկ-երն ամենեւին էլ չեն չորացրել Թարթառը՝ ինչպես պնդում են Քանանյանն ու նրա մի խումբ համակիրները: Երեւանում հանդիպեցի վաղեմի ծանոթներից մեկին: Զարմացած էր, որ այնքան տարի քաղաքականության մեջ լինելով՝ մնացել եմ նույն իդեալիստը եւ հավատում եմ, որ Քանանյանով սկսված շարժումը բնապահպանական է: «Չտեսա՞ր՝ «Լրագիրն» օգտագործել էր «հեղափոխություն» բնորոշումը: Ճիշտ է՝ «կանաչ»: Բայց բանալի-բառն այս դեպքում «հեղափոխությունն» է»:

Նույնը լսեցի այսօր Ստեփանակերտում՝ մի քաղաքական գործչից, որ ավելի խորացրեց թեման եւ վստահաբար պնդեց, որ խնդրո առարկան ոչ թե բնապահպանությունն է, այլ՝ թե ովքեր են հէկ-երի սեփականատեր, ինչ միջոցներով են կառուցել, ինչ հարաբերությունների մեջ են «Արցախէներգո»-ի հետ, որ էլեկտրաէներգիան գնում է նրանցից, ապա վաճառում սպառողներին: Ըստ երեւույթին, սա հարցի ավելի խոր եւ առարկայական ընկալում է: Արցախում նախընտրական շրջան է: Բայց նախագահի թեկնածուներից ու՞մ, ո՞ր քաղաքական ուժի շահերն է սպասարկում «կանաչ հեղափոխությունը»: Ո՞վ է խառնում իրավիճակը: Ի՞նչ նպատակ է դրվել: Ֆեյսբուքում ստեփանակերտցի մի ուսուցչուհի կես-ռուսերեն, կես-ղարաբաղյան բարբառով գրառում է արել այն տրամաբանությամբ, որ ընտրությունների կարգախոսը պիտի լինի՝ таланацы верадардзнел бюдже: Պետք է խոստովանել, որ այդ խնդիրը ոչ մի հեղափոխություն չի լուծել: Առնվազն՝ հետխորհրդային տարածքում, որովհետեւ այն, ինչ «թալան» է ընկալվում որոշակի խավերի ու խմբերի կողմից, շատ հաճախ հիմնավորվում է: Ինչպես ռուսեներն են ասում՝ չոր արդյունքում մնում է մարդկային հիասթափությունը: Ուրեմն ինչու՞ խաղալ ընտրազանգվածի սոցիալական դժգոհության վրա: Ինչու՞ վերամբարձ կոչեր հնչեցնել, դնել ի սկզբանե պոպուլիստական նշաձողեր: Ոչ ոք այլմոլորակային չէ:  2000թվականից ի վեր Արցախում տնտեսական դաշտն արմատապես ազատականացել է: Ստեփանակերտում, Շուշիում հարյուրավոր հաջողակ գործարարներ կան, գյուղական բնակավայրերում կայանում են ֆերմերային տնտեսությունները: Այդ քաղաքականությունը շարունակելու, արդիականացնելու եւ զարգացնելու դեպքում առաջիկա հինգ-տասը տարիներին Արցախում վերջնականապես ձեւավորվելու է միջին-ինքնավաբ  խավը: Նա քաղաքականապես ավելի անկաշկանդ եւ ազատամիտ  է լինելու: Ինչու՞ չկենտրոնանալ այդ իրագործելի նպատակի վրա: