«Ինտերվիդենիե». քանի՞ երկիր է մտադիր մասնակցել Պուտինի վավերացրած մրցույթին

«Ինտերվիդենիե» երաժշտական մրցույթը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 20-21-ը, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին ռուսաստանցի լրագրողներին ասել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ բազմակողմանի հումանիտար համագործակցության և մշակութային կապերի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ալիմովը հայտարարել էր, որ մրցույթը կանցկացվի Մոսկվայի մարզի «Live Արենա»-ում։
««Ինտերվիդենիե» մրցույթն իսկապես կանցկացվի «Live Արենա»-ում: Կարծում եմ, որ այն կկայանա սեպտեմբերի վերջին տասնօրյակում: Կարծում եմ, դա կլինի սեպտեմբերի 20-21-ին: Սակայն ճշգրիտ ամսաթիվը հիմա ասել չեմ կարող», – ասել է Շվիդկոյը, ով Տոկիոյում բացել է Ճապոնիայում ռուսական մշակույթի փառատոնը:
Նրա խոսքով` աշխարհի ավելի քան 20 երկիր է ցանկություն հայտնել մասնակցելու «Ինտերվիդենիե» երաժշտական մրցույթին։
«Այսօր 25 և ավելի երկրներ ցանկություն են հայտնել մասնակցելու: Բայց այստեղ պետք է հասկանալ, որ նման մրցույթն առավելագույն քանակ ունի: Եվ այս դեպքում պետք չէ կողմնորոշվել միայն քանակով, քանի որ 25-ից ավելի մասնակից երկրները գրեթե անհնար է իրականացնել, իմ տեսանկյունից: Դա առավելագույն թվերն են, որոնց վրա ես կանգ կառնեի»,– ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Ինչպես նշել է Շվիդկոյը, «Ինտերվիդենիե» երաժշտական մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչը հավանաբար կորոշվի մայիսի 9-ից հետո։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2025 թվականին Մոսկվայում և Մոսկվայի մարզում «Ինտերվիդենիե» միջազգային երաժշտական մրցույթ անցկացնելու մասին։
Կարծիքներ