Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)

Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)
Վանա թագավորությունից մինչև քրդաբնակ Վան (ֆոտոշարք)

Յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ իր կյանքում պետք է լինի Արեւմտյան Հայաստանում։ Անգամ ինձ նման պրագմատիկ, ապուպապերով Արեւելահայաստանից սերված մեկը մեր պատմական հողում շրջագայելիս տարաբնույթ, իրարամերժ, սենտիմենտալ զգացումներ էր ապրում։ Շնորհակալ եմ Համահայկական խաղերին եւ դրա կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, մայիսի 30-ից հունիսի 7-ը տեւած այդ անմոռանալի ուղեւորության համար, որը սկսվեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից, աննախադեպ՝ Երեւան-Վան չվերթով, շարունակվեց Ադանայով ու Մուսա լեռով, ապա Մուշով, Իգդիրով, Կարսով ու Անիով ավարտվեց։

Մեր ուղեւորությունը կազմակերպած ԵՊՀ թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը, ով համալսարանում դասախոսի աշխատանքին զուգահեռ տարիներ առաջ որոշել է զբաղվել Արեւմտյան Հայաստան «տուրեր» կազմակերպելով, նախկինում էլ է բազմաթիվ անգամներ փորձել չարտերային թռիչքներ կազմակերպել դեպի Վան, սակայն քաղաքական իրավիճակը նպաստավոր չի եղել՝ ինքնաթիռներ առայսօր թռել են միայն զբոսաշրջային վայրեր՝ Ստամբուլ, Անթալիա, Անկարա։ Եվ միայն 2019-ի մայիսի 30-ին իրագործվեց այդ բաղձալի թռիչքը դեպի Վան։ Համահայկական խաղերի պատվիրակությունը, որի մեջ նաեւ սփյուռքահայեր կային, թռիչքից ընդամենը 30 րոպե անց ամպերի միջից նկատեց գեղեցիկ՝ մեր Սեւանից 3-4 անգամ մեծ վճիտ լիճը, որը մեր պապերի համար եղել է սիմվոլ, ոգեշնչման առարկա, արյան ու արցունքի, հերոսամարտի թատերաբեմ։ 4 կղզի կա այսօր լճում, որից ամենանշանավորը Աղթամարն է, որը թուրքերը երբեմն աղավաղված են արտաբերում եւ գրում՝ Ակդամար՝ սպիտակ (ճերմակ) երակներ իմաստով՝ Վանա լճի ջրի մեջ օրվա տարբեր ժամերին արեւի շողերից առաջացած սպիտակ գծերի պատճառով։ 
Բայց մինչ լիճ եւ կղզի հասնելը, մի քանի խոսք Վան քաղաքի մասին։ 

Վանի օդանավակայանը փոքրիկ շենք է, մեր վայրէջքի պահին այստեղ ոչ ոք չկար՝ ո՛չ այլ ինքնաթիռ, ո՛չ հերթ, ո՛չ անձնագրային ռեժիմի հետ կապված քաշքշուկ։ Թեեւ մեր պաշտոնական պատվիրակությանը գրեթե ամենուր երկրում լավ էին ընդունում, եւ բյուրոկրատական քաշքշուկների չհանդիպեցինք։ Քաղաքն ունի 50 հազար բնակչություն։ Հայկական գրեթե ոչինչ շինությունների տեսքով պահպանված չէ։ Այս տարածքն այժմ ամբողջությամբ քրդաբնակ է, իսկ մարտի 31-ի ընտրություններում քրդական կուսակցության ներկայացուցիչներն են քաղաքապետ ընտրվել։ Ի դեպ, մենք 5 տարբեր քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպեցինք, որտեղ բոլորում զույգ քաղաքապետեր էին ընտրվել՝ կին եւ տղամարդ։ Անգամ կատակում էին՝ որ մեկին բռնեն, մյուսը մնա՝ աշխատի։ Ազգությամբ քուրդ պաշտոնյաները շատ բարեհաճ ու սիրալիր էին հայերիս նկատմամբ, գրեթե ամենուր ջերմ ընդունելության էինք արժանանում։ Հատկապես՝ Վանի քաղաքապետերի կողմից։

Նրանք պատմեցին, որ մեծ դժվարությամբ են ընտրվել․ իշխող կուսակցությունը՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում»-ը, բոլոր հնարավոր քայլերին դիմել է նրանց հաղթանակը խոչընդոտելու համար, սակայն չի հաջողել։ Ամեն դեպքում՝ Վանում, Իգդիրում, Մուշում, Կարսում քուրդ քաղաքապետեր են՝ քրդական կուսակցության անդամներ, որոնք հայերին իրենց դաշնակիցն են համարում։ Վանի քաղաքապետերը բողոքեցին նախկին քաղաքային իշխանությունից, որը պարտքերի մեջ թաղված է թողել քաղաքապետարանը, իսկ Կարսի նախկին՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքապետն անգամ վայրագություն էր արել եւ հիմնահատակ քանդել Չարենցի տունը, որը յուրահատուկ սրբատեղի էր հայերի համար, որոնք Կարս այցելելիս անպայման լինում էին այնտեղ։ Կարսի նոր քաղաքապետը խոստացավ մտածել նաեւ այդ ուղղությամբ։

Առհասարակ, քրդաբնակ տարածքներում շրջագայելիս մեր խմբի որոշ անդամներ, հատկապես պատմաբանները, հաճախ էին ռոմանտիկայի գիրկն ընկնում եւ ֆանտաստիկ ծրագրեր կազմում՝ այ, քրդերը կհզորանան, կշատանան, ինքնավարություն ձեռք կբերեն, այս տարածքում պետություն կստեղծեն, հետո՝ եթե մենք բարիդրացիական հարաբերություններ ունենանք նրանց հետ, հնարավոր կլինի մեր հողերը «վերադարձնել»։ Դժվար էր, անշուշտ, «հայի երազների» վրա սառը ջուր լցնելը, բայց մի բան պարզ էր, որ 100 տարի անց էլ ժամանակակից հայերը բացարձակապես չեն տարբերվում իրենց նախնիներից, որոնք անցյալում երկիր են կորցրել եւ 21-րդ դարում ավելի իրատես չեն, քան 20-րդ դարասկզբին էին։ Թեեւ, իհարկե, քրդերի եւ Հայաստանին սահմանակից տարածքներում պաշտոնավարող թուրքական իշխանությունների հետ նորմալ, հարեւանային հարաբերություններ ձեւավորելը դիվանագիտական, տնտեսական, քաղաքական առումով անհրաժեշտ եւ միանգամայն ողջունելի վարքագիծ է։

Վանի քաղաքապետերի հետ պաշտոնական հանդիպումից հետո նրանք մեզ այցելեցին նաեւ հյուրանոցում, ընթրեցին մեզ հետ, սեղանի շուրջ երկար ու հանգամանալից զրույց ունեցան, ապա խոստացան մտածել Համահայկական խաղերին Հայաստան այցելելու մասին։ Ի դեպ, Իշխան Զաքարյանը գրեթե բոլորին հրավիրում էր Հայաստան՝ խոստանալով հոգալ նրանց ուղեւորության ծախսերը, եւ մեծ հույսեր էր կապում, որ Հայաստանում բազմաթիվ հարցեր կլուծվեն, սառույցը կհալվի, եւ արդյունքում պետության համար օգտակար գործ արած կլինենք։ Մի բան էլ՝ բոլոր հանդիպումները, բնականաբար, գտնվում էին թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության ներքո եւ հատկապես քուրդ պաշտոնյաներին աչալուրջ հետեւում էին։ Իսկ Հայաստան ժամանելուց հետո տեղեկացանք, որ Կարսում ազգությամբ ադրբեջանցի ուսանողները Կարսի քաղաքապետարանի առաջ բողոքի ակցիաներ են արել՝ «ագրեսոր հայերին» ընդունելու կապակցությամբ, հաքին․ազ-ն էլ լուսաբանել էր այդ ակցիաները։ Բայց անգամ այդ խոչընդոտները հետ չէին պահել մեր պատմական հայկական քաղաքների այսօրվա քաղաքապետերին՝ մեր խմբի հետ հանդիպելուց։ Ի դեպ, միայն մի հանդիպման ժամանակ՝ Իգդիրի քաղաքապետը հիշեց ղարաբաղյան կոնֆլիկտը եւ ակնարկեց, որ Հայաստանի հետ ջերմ, բարեկամական հարաբերությունների հաստատման միակ խոչընդոտը չկարգավորված կոնֆլիկտն է, իսկ իրենք Թուրքիայի մեծ քաղաքականությանը դեմ գնալ չեն կարող։ Նա ասաց․ «Մենք ուզում ենք սահմանը բացվի, բայց մեր երկու կողմն էլ պետք է ջանք գործադրեն, որ խնդիրը խաղաղ լուծվի, պատերազմը վերջանա, խաղաղություն հաստատվի, որ մեր անգույն ժամանակները գույն ստանան»։

Բայց ամենից անկախն ու ինքնուրույնը, իմ տպավորությամբ, Վանի քաղաքապետերն էին, որոնք իրենց խոսքում շեշտեցին՝ մենք Թուրքիայի դրոշի ներքո ենք ապրում-գործում, սակայն այս տարածքում մենք ենք ապրում եւ մեր ինքնությունը պետք է ամեն գնով պահպանենք, իսկ 100 տարի առաջվա պատմությունը մեր ժառանգությունն է, եւ մենք ապրում ենք դրանով՝ չենք ժխտում այն ու անչափ ուրախ ենք ձեր այցելությամբ։ Ավելին՝ մենք ճակատագրով միմյանց նման ժողովուրդներ ենք եւ կիսելու բան չունենք ձեզ հետ, մենք պետք է զարգացնենք ձեզ հետ մեր հարաբերությունները։ Փոխադարձ «կոմպլիմենտներից» հետո նաեւ նվերներ փոխանակվեցին։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ հայկական պատվիրակությունը կարպետից պատրաստված պայուսակ, իսկ քուրդ քաղաքապետերը մեր պատվիրակությանը Վանում հյուսած կարպետներ նվիրեցին։ 

Համահայկական խաղերի կազմկոմիտեն Վանում առաջարկ արեց՝ հաջորդ համահայկական խաղերի մի մասը կազմակերպել Վանում, մյուս մասը՝ Հայաստանում, եւ մտածել Երեւան-Վան մշտական չվերթ կազմակերպելու մասին։ Առաջարկները Վանի իշխանություններին դուր եկան, մնում է, որ շարունակություն ունենան։

Շարունակելի