«Հրապարակ».Սիփան Փաշինյանը՝ «Վիճակախաղերի մասին» օրենքի եւ մարիխուանայի ընդհանուր օգտագործման մասին

«Հրապարակ».Սիփան Փաշինյանը՝ «Վիճակախաղերի մասին» օրենքի եւ մարիխուանայի ընդհանուր օգտագործման մասին
Սիփան Փաշինյան

Մի տեսակ պասիվացել եք, ինչո՞ւ․ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանին՝ վարչապետի եղբորորդուն։ «Չէ, էդպես չի, որոշ օրենքների նախագծերի համահեղինակ եմ»: Երեկ Ձեր թիմակիցների կողմից մերժվեց Ձեր համահեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագիծը, ասում են` դրանով ցանկանում էիք ճամփա բացել «Վիվառոյի» համար։ «Չկա նման բան, մենք ցանկանում ենք, որ մարդիկ ազարտի մեջ ընկած` միլիոններով պարտքեր չկուտակեն, նիսյայի ցուցակներ չլինեն, եւ հետո` մենք անխտիր բոլորինն ենք փակելու»:

Ի դեպ, եվրոպական դեսպանները բավականին կտրուկ արտահայտվեցին տրանսգենդերի իրավունքների պաշտպանության մասով, դուք սեռերի «ազատականացման» խնդրին դե՞մ եք, թե՞ կողմ։ «Ձեր նշած, այսպես ասած` «ազատականացմանը» դեմ եմ, սակայն գտնում եմ, որ բոլորն այս երկրի քաղաքացիներ են, եւ պետք է պաշտպանել նրանց իրավունքները, ինչպես ասաց վարչապետը»:

Ըստ օդում կախված լուրերի` հաջորդ թրենդը լինելու է մարիխուանան, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը դրան։ Ասում են՝ մի կողմից վիճակախաղերի օրենքով ուզում եք փրկել քաղաքացուն, մյուս կողմից նրանց նոր փորձությունների եք տանում։ «Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում. կան տարբեր կարծիքներ, տարբեր ինֆորմացիաներ, ժամանակին Դուք ինձ «ասող» էիք անվանում, էսօր ասում եք` «չասող» եմ։ Բոլոր դեպքերում, իմ վերաբերմունքը մարիխուանայի ընդհանուր կիրառմանը, անշուշտ, բացասական է»: Իսկ եթե բժշկական օգտագործման համար նախագիծ բերվի՞, դե՞մ կլինեք։  «Երբ բերվի նախագիծը, այդ ժամանակ կխոսենք»: