«Լիդիան»-ը պահանջում է Սերգեյ Բագրատյանի գույքի եւ հաշիվների վրա կալանք դնել

«Լիդիան»-ը պահանջում է Սերգեյ Բագրատյանի գույքի եւ հաշիվների վրա կալանք դնել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում սկսվեց «Լիդիան Արմենիա» ընկերության հայցի քննությունն ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի։ Նիստն անմիջապես հետաձգվեց՝ Բագրատյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի միջնորդությամբ, քանի որ վերջինս նոր է ներգրավվել գործում, եւ ժամանակ է հարկավոր գործի նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին։ Մեզ հետ զրույցում «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքումյանը նշեց՝ ընկերության կողմից 2 հայց կա ընդդեմ Ս․Բագրատյանի։

Այս հայցով նրանք դատարանին պահանջ են ներկայացրել՝ Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած պատգամավորների ճանաչողական հանդիպման ընթացքում Բագրատյանի կողմից ներկայացված «զրպատություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և դատական ծախսի հարցի լուծման մասին»։ Ընկերությունը հայց է ներկայացրել պատգամավորի դեմ հետեւյալ նախադասության համար․ «Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, լուրջ չէ, որ մենք լուրջ վերաբերվենք։ Նախորդ իշխանությունները իրենցից կաշառք են վերցրել»։

Ըստ ներկայացուցչի՝ Բագրատյանը ներկայացել է դատարան եւ ասել, որ ինքը «Լիդիանին» նկատի չի ունեցել․ «Մենք մի նիստ արեցինք հուլիս ամսին, ասեց՝ այո, նման արտահայտություն արել եմ, բայց իրենց չի վերաբերվում։ Օրինաստեղծ աշխատանքով զբաղվող պատգամավորը պետք է իրավական պատասխանատվության զգացում ունենա եւ չհնչեցնի նմանատիպ արտահայտություններ, որոնք, ըստ էության, զրպարտություն են»։ Նրանք Բագրատյանից պահաջում են 2 միլիոն դրամ փոխհատուցում։ Հայցվոր կողմը դատարանից պահանջում է նաեւ, որ Բագրատյանի հաշիվների եւ գույքի վրա կալանք դրվի՝ որպես հայցի ապահովման միջոց, նաեւ արգելվի նրա կողմից ընկերության բարի համբավը արատավորող փաստացի տվյալների տարածումը։

Սերգեյ Բագրատյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն էլ նշեց, որ պատրաստվում են առարկել վերջին միջնորդության դեմ․ «Մեր կարծիքով՝ հայցն անհիմն է ու ենթակա մերժման, քանի որ Բագրատյանի արտահայտությունները չեն վերաբերել կոնկրետ հայցվորին, այլ վերաբերել են հանքարդյունաբերության ոլորտում նախկինում առկա չարաշահումներին։ Ընդ որում, իր արտահայտությունները ունեն բացարձակապես գնահատողական դատողության չափանիշներին բավարարող շեմ, ինչն էլ իր հեթրին հիմնված է հանքարդյունաբերության հարցերով մի շարք հայտնի և անհայտ քրեական գործերի մասով տարբեր անձանց ցուցմունքներով, իր և բազմաթիվ այլ անձանց մոտ ձևավորված կարծիքով։ Նշված արտահայտությունների՝ զրպարտություն դիտելը ինքնին միջամտություն է ՀՀ Սահմանադրությամբ կարծիք արտահայտելու ազատությանը»։ 

Նշենք, որ երկրորդ հայցով «Լիդիան Արմենիան» դատարանից կրկին պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ հերքել զրպարտություն համարվող տվյալներն, ինչպես նաև գումար փոխհատուցել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար, որպես փոխհատուցում պահանջում են 1 միլիոն դրամ։ Երկրորդ հայցը ներկայացվել է հետեւյալ խոսքերի համար․ «Շինարարության ընթացքում կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպվել, մինչդեռ հայ մասնագետների գնահատմամբ՝ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի քան 20 միլիոն դոլար։ Ընդամենը 48 տեխնիկա և 2 կատլավան է փորված, և հաշվում են մեր պետության վրա 400 միլիոն դոլար ու մտածում, որ այդպես կարող են շանտաժի ենթարկել մեր կառավարությանը ու մեր ժողովրդին ծանր դրության մեջ դնել»։ 

Այս հայցադիմումը դատարան է մուտք եղել սեպտեմբերի 24–ին և մակագրվել Երևան քաղաքի դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։