Այն ժամանակ էլ գտնվեցին մարդիկ, ովքեր ասացին՝ յոլա գնանք «Իտալացի աղջկա երգով»

Այն ժամանակ էլ գտնվեցին մարդիկ, ովքեր ասացին՝ յոլա գնանք «Իտալացի աղջկա երգով»

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին տեղեկացրել էր, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն Արամ Խաչատրյանի երաժշտության համար տեքստի մրցույթ է հայտարարում։ 2 ամիս անց այդ աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները, եւ Ա․ Խաչատրյանի երաժշտության հիման վրա գրված նոր օրհներգի տարբերակը կհանձնվի հանրությանը։ Այդկերպ ձեւավորելով հանրային կարծիք, պարզ կդառնա՝ արժե՞ հիմնը փոխել, թե՞ ոչ։      

Աշխատանքային խմբում ընդգրկված է նաեւ դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, ում դիտարկմամբ՝ սա ոչ թե օրհներգի փոփոխություն է, այլ՝ վերականգնում, որովհետեւ ժամանակին ներկայիս օրհներգը «ներմուծվել է ապօրինաբար»․ «Եվ, փաստորեն, ԽՍՀՄ փլուզումից հետո որոշել են փլուզել նաեւ Արամ Խաչատրյանի հիմնը, բայց դրա խոսքերը, որ գրվել են ժամանակի եւ կոմունիստական գաղափարախոսությամբ, այսօր անընդունելի են։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը զորեղ է եւ աշխարհիկ, հասկանալի տիեզերքին, դրա համար բնական ենք համարում դրա վերականգնումը»։  

Նա ծիծաղելի է համարում այն հակափաստարկները, ըստ որոնց՝ այսօր ավելի առաջնահերթ խնդիրներ կան․ «Այդ հարցն այսօր չի բարձրացվում, որ դրանով փորձեն շեղել, դա 30 տարի է՝ հասարակության, մտավորականության օրակարգում է, կարող է իրե՞նք տեղյակ չեն, բա նախորդ իշխանություններն այդ 30 տարում ինչո՞ւ չէին շեղվում։ Բացի դրանից, կյանքում շատ պրոցեսներ միաժամանակ են կատարվում։ Կան բաներ, որ չի լինի հերթով կատարել, նույնիսկ պատերազմի ժամանակ չի կարելի ասել՝ հաց պետք չէ թխել, կամ՝ մի ամուսնացեք, որովհետեւ դրա ժամանակը չէ։ Ինչպե՞ս կարելի է կյանքը հերթով ապրել կամ հերթագայությամբ, հետո՝ դա չի շեղում հիմնախնդիրներից։ Ամեն ինչ պետք է արվի միաժամանակ։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն հիմա բոլորս պետք է լինեինք խրամատներում։ Գոյություն ունի աշխատանքի բաժանում, այդ հարցով կզբաղվեն երաժիշտները»։ 

Դանիել Երաժիշտը սպեկուլյացիա է համարում այն փաստարկը, թե «Մեր հայրենիքը» հիմնի ներքո պատերազմ ենք հաղթել, եւ չարժե դրան դիպչել. «Եթե Սարդարապատում կռվել են այդ երգով, այդ դեպքում թող այսօր էլ Սարդարապատում կռված հին զենքերով կռվեն։ Իրենք վերցնում են ժամանակային գործոնը, բայց իրենցից ավելի հինը կա։ Օրինակ՝ Ավարայրում էլ երգել են սաղմոսներ, ի՞նչ է ստացվում, իրենց զոհերն ավելի՞ զոհ են, քան նախորդները։ Իրենք իրենց հակասում են ողորմելի կերպով։ Արամ Խաչատրյանը 1944-ին երբ գրեց այդ գործը, այդ պահին նա ոչ այնքան մտածում էր կոմունիզմի մասին, այլ որ 2-րդ համաշխարհային պատերազմի արդյունքներից կախված էր լինելու նաեւ հայ ժողովրդի ճակատագիրը, Արամ Խաչատրյանն այդ հիմնով իր դարդն էր լացում»։

Օրհներգը միայն մեզ համար չէ եւ ոչ էլ ներքին հայաստանյան խնդիր է, դա աշխարհին ներկայացնում է մեր ժողովրդի, պետության դեմքը. «Եթե ներկայացնում ես, պիտի հաղթանակը, վեհը ներկայացնես։ Խաչատրյանի հիմնը, նրա հերոսականությունը լսելով՝ անգամ դրսում ոտքի կկանգնեն, իսկ իտալացի աղջկա քնքուշ երգից ոչ ոք չի խանդավառվի ու ոտքի չի կանգնի։ Այսինքն, այն ժամանակ էլ գտնվել են մարդիկ, ովքեր ասել են՝ օրհներգ գրելու ժամանակը չէ, եկեք յոլա գնանք «Իտալացի աղջկա երգով», ու այդպիսի արդյունք է ստացվել, բայց եթե այն ժամանակ գրվեր Ա․ Խաչատրյանի նման օրհներգ, փոխելու կարիք չէր լինի»։

Դանիել Երաժիշտը կուզեր, որ հայտարարված տեքստերի մրցույթում հնարավորինս ամբողջական պատկեր լիներ․ «Որ զգացվի, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Ես չեմ ուզում՝ որպես ժյուրիի անդամ, կաշկանդել բանաստեղծներին, որոնք պատրաստվում են գրել, բայց մենք ունենք պատկերացումներ, չափանիշներ, որոնցով ղեկավարվելով՝ կընտրենք լավագույնը։ Այս հարցում վրիպում չի կարող լինել։ Ավելին, ասա՝ ինչպիսին է օրհներգդ, ասեմ՝ ինչպիսին է քո ժողովուրդը»։ 

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում է՝ իրենք չեն դիտարկելու հիմնի փոփոխության հարցը, հանձնախմբի աշխատանքն է լինելու՝ նայել հիմնի համար ուղարկված տեքստերը։ «Պետք է նաեւ ճաշակավոր մարդիկ լինեն, որ այդ մարդու երաժշտությանը մի թույլ տեքստ չկպցվի, եւ եւս մի քանի տասնամյակ այդպես չգնա։ Իսկ թե հետագայում հիմնը կփոխեն, թե ոչ, դա արդեն իմ խնդիրը չէ, մեր առջեւ նման խնդիր դրված չէ»,-ասում է նա ու նկատում, որ հիմնի փոփոխության հարցը վերջին տարիներին երաժիշտները պարբերաբար առաջ են քաշել․ «Կարծում եմ՝ դա երաժշտական խնդիր է։ Պետք է այնպես անել, որ այդ երաժշտությունը չառկախվի թույլ տեքստերից, որովհետեւ ով ասես, տեքստ է գրում, ինչքան գիտեմ, որոշ տեքստեր արդեն ներկայացրել են թանգարան։ Իսկ որոշողը լինելու է ժողովուրդը, ես ինձ չեմ վերապահում ժողովրդի անունից խոսելու իրավունք»։ 

Արամ Խաչատրյանի հիմնի համար հայրենասիրական հզոր տեքստ է պետք՝ կարծում է գրականագետ Ֆելիքս Բախչինյանը, իսկ մրցույթի ավարտից հետո հիմնը կփոխեն, թե չեն փոխի, դրա հետ իրենք արդեն գործ չունեն. «Ես եւ Գրողների միության նախագահը հանձնաժողովում ենք, որպեսզի տեքստերը նայենք, իսկ հիմնի առումով մենք ո՞վ ենք, որ հիմն փոխենք, դա փոխում են պետական կառույցները։ Ռուսաստանում հիմնը փոխեցին եւ այնտեղից հանեցին համահեղինակներից մեկի՝ Գաբրիել Էլ-Ռեգիստանի անունը, ով հայ էր, եւ թողեցին միայն Միխալկովի անունը, որովհետեւ նա տեր ուներ, նրա տղան ճանաչված կինոռեժիսոր է, իսկ Ռեգիստանը հայ էր՝ Ուզբեկստանից։ Ես այսօր ավելի շատ կուզեի, որ Էլ-Ռեգիստանի անունը վերականգնվեր՝ որպես ռուսական հիմնի համահեղինակներից մեկի»։ 

Ինչ վերաբերում է հիմնի համար գրվելիք տեքստերի բովանդակությանը, ապա կուզեր, որ լուրջ հայրենասիրական տեքստ լիներ. «Եվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կարողանար պահպանել այդ տեքստը՝ հրաշալի երաժշտության հետ։ Գրամոլներն այնքան շատ են, որ ինձ թվում է՝ հազարից ավել տեքստ կլինի, ու դա շատ ծանր աշխատանք է լինելու՝ այդ բոլորը նայել, որովհետեւ եթե չնայես, մեկը կգտնվի, ով կբողոքի, որ իր տեքստը չեն նայել»։