Դա հարգանքի ժեստ էր. քովիդով վարակված համայնքապետի ԺՊ-ն քարոզարշավի է մասնակցել

Դա հարգանքի ժեստ էր. քովիդով վարակված համայնքապետի ԺՊ-ն քարոզարշավի է մասնակցել

Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա Ավագյանը, կորոնավիրուսով վարակված, նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել։

Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը այդ մի օրն է դուրս եկել` դիմակով. «Ես հիմա մի հատ էլ հավելյալ թեստ կտամ, ես տաքություն չունեմ։ Իսկ այդ օրը, որ իմ գյուղն էր, դիստանցիա պահելով՝ դուրս եմ եկել։ Ես ընդհանրապես քարոզարշավին չեմ մասնակցել։ Նոյեմբերի 30-ին ՔՊ-ի քարոզարշավն էր. Կարեն Աբազյանի գլխավորությամբ եկել էին գյուղ»։

-Վստա՞հ եք, որ այդ օրը որեւէ մեկին չեք վարակել։

-Այո։ Որովհետեւ թեկուզ այդքան մարդկանց մեջ հեռու կանգնել եմ, մարդիկ նորմալ են, ոչ մի նախանշան չունեն։ Այսինքն` այս հիվանդությունը անցել է իմ։

-Բայց Դուք թեստի բացասական պատասխանն էլ չունեիք այդ օրը։

-Հիմա ես հավելյալ թեստ կտամ։ Ես ոչ մի նախանշան չեմ ունեցել, դիմակով կանգնել եմ։

-Ձեզ «վերևներից» հրահանգե՞լ են ներկա լինել։

-Չէ, չէ, նման բա  չկա։ Հիմա եթե մյուս ուժն էլ գա, ես կգնամ։ Դա որպես հարգանքի ժեստ, որ գյուղ են մտնում։

-Ձեզ չէի՞ն հասկանա, որ վարակակիր եք՝ եթե ներկա չլինեիք։ Այդքան հորդորում են իշխանությունները` պահպանել հակահամաճարակային կանոնները։ Պարոն Աբազյանը կնեղանա՞ր։

-Չէ, չէր նեղանա։

-Իսկ Ձեզ չե՞ն նախատել, որ այդպես մտել եք մարդկանց մեջ։

-Ես չգիտեմ`ով պիտի նախատեր։ Կարեն Աբազյանն ինձ ասաց` պարտադիր չի ներկա լինես։

-Պարոն Աբազյանը քարոզարշավի օ՞րն ասաց։

-Իրենք, որ եկան, ես դուրս եկա, ասաց`պարտադիր չի մասնակցես։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Նոյեմբերյանում ՏԻՄ ընտրություններ են, իշխանության թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Կարեն Աբազյանն է։ Հիշեցնենք նաեւ, որ ժամանակին օրենքում փոփոխություն կատարվեց՝ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց կողմից մեկուսացման կաննոները չպահպանելու համար, իսկ միտումնավոր կերպով մարդկանց վարակելն անգամ քրեական պատժի ենթակա արարք ճանաչվեց։