Վանեցյանի հայցն ընդդեմ Փաշինյանի լրատվամիջոցի․ ինչ տեղի ունեցավ գործով առաջին նիստին

Վանեցյանի հայցն ընդդեմ Փաշինյանի լրատվամիջոցի․ ինչ տեղի ունեցավ գործով առաջին նիստին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com լրատվամիջոցի գործով նիստը։

Նիստն, ըստ էության, չկայացավ լրատվամիջոցի ներկայացուցչի բացակայության պատճառով։

Վանեցյանի ներկայացուցիչները միջնորդեցին դատարանին էլեկտրոնային տարբերակով ծանուցել նիստի անցկացման օրվա, վայրի եւ ժամին մասին, ինչը բավարարվեց։

Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին։

Դատական նիստի ավարտից հետո Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն ասաց, որ նույն հասցեով, որով դատարանը ծանուցել էր նիստի մասին, իրենք հերքման  տեքստն են ուղարկել եւ ստացել պատասխան․ «Բացի դրանից նաեւ այլ դատավարական փաստաթղթեր են ուղարկվել այդ հասցեով։ Ակնհայտ է, որ «Հայկական ժամանակը» չունենալով պատասխան մեր հայցին՝ փորձում է ձգձգել, որովհետեւ, եթե այսքան լրատվամիջոց տեղյակ է այս դատական նիստի մասին եւ եկել է, ակնհայտ է, որ «ՀԺ»-ն տեղեկացված է դրա մասին։ Նրանք  իրենց շինծու տեղեկատվ ությունը տարածելով չէին գիտակցում, որ գալու է այդ ժամանակը, երբ պետք է պատասխան տան։ Որդեգրել են դատական նիստերը ձգձգելու տարբերակը»։

Նա նշեց, որ կան դատավորներ, որոնց չեն կարող ճնշել եւ իրենց համար հաճելի որոշումներ ստանալ, միգուցե սա է նրանց կաշկանդում եւ փորձում են ձգձգել։ 

Մեր հարցին, թե Աննա Փիլոսյանը ընդդիմադիրների շարքերից հանդես եկող իրավապաշտպանի կինն է, դա կարո՞ղ է մյուս կողմը վիճարկել, պատասխանեց․ «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ այս դատավորն այն դատավորն է եղել, որ անօրինական որոշումներ է կայացրել։ Մենք ինքնաբացարկի միջնորդություններ չներկայացրինք։ Թե ճնշումներ կլինեն, չեն լինի, դատավորը կգնա ճնշումների՞, դա ես պատասխանել չեմ կարող»։

Լուսինե Սահակյանը նաեւ ավելացրեց, որ «ՀԺ»-ի հրապարակումն այն աստիճան շինծու է, որ չի պատկերացնում ՀՀ-ում մեկ իրական դատավոր, որը կարող է հակառակ դատական ակտ կայացնել, բացի հայցը բավարարելուց։  

Նշենք, որ հայցադիմումով ներկայացվել է նաեւ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով եւ դատարանի կողմից այդ պահանջը բավարարելու դեպքում,  ոչ նյութական վնասի փոխհատուցման ամբողջ գումարն ուղղվելու է բարեգործության։ 

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդված, որում ասվում է, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ հայտնվել են փաստեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եւ դստեր` Մարիամ Փաշինյանի, դեմ քարոզչական արշավ է իրականացվում, այդ քարոզարշավն  իրականացնող լրատվամիջոցներին էլ ուղղորդում է  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ հայցադիմումով ներկայացվել է նաեւ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով եւ դատարանի կողմից այդ պահանջը բավարարելու դեպքում, ոչ նյութական վնասի փոխհատուցման ամբողջ գումարն ուղղվելու է բարեգործության։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդված, որում ասվում է, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ հայտնվել են փաստեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եւ դստեր` Մարիամ Փաշինյանի, դեմ քարոզչական արշավ է իրականացվում, այդ քարոզարշավն իրականացնող լրատվամիջոցներին էլ ուղղորդում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։