Փոխվարչապետի անտեղյակությունն արտակարգ դրության պես երկարաձգվում է 

Փոխվարչապետի անտեղյակությունն արտակարգ դրության պես երկարաձգվում է 

Հուլիսի 30-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվել են փրկարարական ծառայության միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող եւ կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգն ու պայմանները։
Տեխնիկական այս կարգավորումը բացահայտում է, որ փոխվարչապետ Ավինյանը տեղյակ չէ պետական կառավարման համակարգի կառուցվածքին։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքում կա փրկարար ծառայություն։ Հայաստանում չկա «փրկարարական ծառայություն» կոչվող պետական կառույց։ Ուշագրավ է, որ որոշման մեջ հղում է արվում «Փրկարար ծառայության մասին» օրենքին, բայց տեքստի մնացյալ  մասերում գրված է՝ փրկարարական ծառայություն։

Տիգրան Ավինյանի անտեղյակությունը երկարաձգվում է՝ ինչպես արտակարգ դրությունը։ Նրա՝ 2020 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ սահմանվել են փրկարար ծառայողի ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը եւ պայմանները, դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը։

Այս կարգում էլ «փրկարար ծառայություն» գրելու փոխարեն մի քանի անգամ գրված է՝ «փրկարարական ծառայություն»: Կրկնենք՝ Հայաստանում չկա «փրկարարական ծառայություն» անվանումով պետական կառույց: 

Հատուկ Տիգրան Ավինյանի համար տեղեկացնենք, որ Հայաստանում 2005 թվականից գործում է «Փրկարար ծառայության մասին» օրենք, որով հստակ սահմանված են «փրկարար ծառայություն», «հատուկ փրկարարական ջոկատ», «հրշեջ փրկարարական ջոկատ», «փրկարարական ծառայող» եւ այլ հասկացություններ։

Փաստորեն, ոլորտը համակարգող փոխվարչապետն ու նրա աշխատակազմը տեղյակ չեն իրենց վստահված համակարգից, կամ էլ պարզապես գործ ունենք համատարած անգրագիտության եւ անփութության հետ, որը տիրում է կառավարությունում եւ վերջինին ենթակա բոլոր ոլորտներում։