Դիրքը, որտեղ որդիս է եղել, անցել է նրանց․ ինչու ՊՆ-ն նախահարձակ չի եղել, որ էդ դիրքերը հետ վերցվի

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Ծնողները համապատասխան մարմիններից հստակ տեղեկություն են պահանջում, որտեղ են իրենց երեխաները, ինչու մինչև այս պահը որևէ լուր նրանց չի փոխանցվել իրենց որդիների վերաբերյալ։
«Դիմել եմ բոլոր կառույցներից։ Ոչ մեկ կոնկրետ քայլ չի ձեռնարկել։ Մենք առողջ երեխա ենք տվել, որ սահման պահի, հայրենիքը պաշտպանի, որ էսօր սենց անելանելի վիճակում հայտնվե՞նք։ Շատ անորոշ վիճակ է, շատ։ Այդուահանդերձ, ես պատրաստ եմ էս վիճակով անգամ լինել մեր տղերքի, զինվորի ու սպաների կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Ղազարյան Սերյոժայի հայրը։
«Որդիս 1,5 տարվա ծառայող է։ Որպես ծնող, իհարկե, ընդունում եմ, որ դա իր պարտքն է, որ ծառայի հայրենիքին, իր պարտքը տա։ Վերջին զանգը որդուցս եղել է ամսի 13-ին, առավոտյան ժամը 05։53։ Այո, այն դիրքը, որտեղ որդիս եղել է, անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ես դիմում եմ Պաշտպանության նախարարությանը։ Ինչու նախահարձակ չեք եղել, որ էդ դիրքերը նորից հետ վերցվի։ Կամ ըստ իրավիճակի ինչու նահանջ չեն տվել, որ էդքան վիրավորներ, զոհեր, գերիներ չունենաք»,- հավելեց նա։
Կարծիքներ