Ի՞նչ է ակնարկում վճռաբեկ դատարանի նախագահը

Ի՞նչ է ակնարկում վճռաբեկ դատարանի նախագահը

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի համար դժվար է գնահատականներ հնչեցնել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու ձեռնարկած քայլերի վերաբերյալ։ Խունդկարյանին կաշկանդում են իր զբաղեցրած պաշտոնը, կարգավիճակը։ Բայց նրա ատամի տակ մի բան կար, որը մեզ հետ զրույցում փորձեց արտահայտել, ինչ-որ բան ակնարկել, իսկ երբ խնդրեցինք ավելի պարզ արտահայտվել՝ ցրեց ու թողեց, որ ինքներս եզրակացություններ անենք։ Ապա խոստովանեց, որ իրենք՝ դատավորները, մեզ համար անհետաքրքիր զրուցակիցներ են, ուստի ինքը, դատավորի վարքականոններից ելնելով, շատ բան չի կարող ասել։

Նա, իհարկե, չասաց՝ հանրաքվեին կմասնակցի, թե ոչ, բայց հարցին, թե ինչպես է վերաբերվում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին եւ նրան, որ սա մեկ անձի խնդիր լուծելուն ուղղված քայլ է, որը նաեւ ոտնահարում է Սահմանադրության որոշ հոդվածներ, տվեց բազմանշանակ պատասխան։ «Թույլ տվեք իրավական նրբությունների մեջ չմտնել, բայց, էսպես ասեմ՝ օրենսդրական կարգավորումներն էնպիսին են, որ կարելի էր երկիմաստ դատողություններ անել»,- ասաց պարոն Խունդկարյանը։

Նա սրանով կարծես թե քար նետեց 2015-ին ընդունված Սահմանադրության հեղինակներ Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի բոստանը, որ նրանց գրած Սահմանադրության պատճառով է, որ իրենք հիմա հայտնվել են այս իրավիճակում, նոր իշխանություններն էլ օգտվում են դրանից։ Բայց դա չցանկացավ ուղիղ տեքստով խոստովանել կամ գուցե ա՞յլ բան նկատի ուներ։

- Այսինքն՝ օրենսդրական խնդիրներ կամ սողա՞նցք կար։

- Սողանցք չէի ասի, իմ կարծիքով՝ օրենսդրական խնդիրներ, այո, առկա էին։

- Եվ դրանից, այսինքն, օգտվե՞ց գործող իշխանությունը։

- Ես որեւէ գնահատական չեմ կարող տալ, թե ինչպիսին են եղել իշխանությունների նպատակները, բայց եթե կան օրենսդրական խնդիրներ, այո, այդ խնդիրների կարգավորման համար գործողություններ պետք է իրականացվեին։

- Լավ չհասկացա, կմանրամասնե՞ք՝ ո՞ր խնդիրների կարգավորման մասին է խոսքը։

- Վարքագծային կանոնների սահմանափակումից ելնելով՝ ավելին չեմ կարող ասել։ Նորից եմ կրկնում՝ մենք ձեզ համար անհետաքրքիր զրուցակիցներ ենք։

- Դա նկատում ենք, իհարկե, բայց․․․

- Նկատում եք եւ ընդունում եք։

- Պարզապես Ձեր խոսքը լավ չհասկացա, թե ինչին էր վերաբերում՝ հանրաքվեի անցկացմա՞նը, դրա մեթոդի՞ն, Սահմանադրությա՞նը։

- Իմ խոսքն էդ գործընթացին չէր վերաբերում, իմ խոսքը վերաբերում էր Սահմանադրության անցումային դրույթներին։ Ընդամենը։ Մնացածը թողնում եմ Ձեր գնահատականին։

- Բայց այդ անցումային դրույթները կատարված փաստ են, դրանք կարո՞ղ են հիմա փոխել։

- Թույլ տվեք հարցը թողնել անպատասխան։ Նորից եմ կրկնում՝ դատավորին կաշկանդող վարքագծային կանոններից ելնելով՝ չեմ կարող ավելին արտահայտվել։

- Այսինքն՝ այն պրոցեսը, որ հիմա տեղի է ունենում, իրավակա՞ն է։

- Որեւէ գնահատական չեմ կարող տալ՝ հնարավոր ապագա վեճեր դատարանում հայտնվելու, այդ թվում՝ կարող է կոնկրետ իմ կողմից այդ վեճերին գնահատական տալու առումով․․․ ճիշտ չեմ համարում որեւէ գնահատական տալ։

- Իսկ հանրաքվեի դնելու որոշումը պե՞տք է ստանար Սահմանադրական դատարանի եզրակացությունը։

- Պարո՛ն Մակարյան, որեւէ կարծիք չեմ կարող հայտնել այդ հարցի շուրջ։ Ներողություն։

ՀԳ․ Մենք կփորձենք մարդկային լեզվով գուշակել, թե ինչ նկատի ուներ վճռաբեկի նախագահը։ Ըստ էության, Երվանդ Խունդկարյանին կաշկանդում է այն, որ Սահմանադրության անցումային դրույթներում չամրագրվեցին միատեսակ կարգավորումներ, մասնավորապես՝ վճռաբեկ դատարանի, դրա պալատների նախագահների եւ Սահմանադրական դատարանի նախագահի առնչությամբ։ Այսինքն՝ Սահմանադրության նոր կարգավորումները կասեցրին վճռաբեկ դատարանի, դրա պալատների նախագահների լիազորությունները, ինչի հետեւանքով կայացան ընտրություններ, որոնց արդյունքում արդեն նոր նախագահները պետք է պաշտոնավարեն 6 տարի, թեպետ մինչ այդ նշանակվել էին անժամկետ։

Սա որոշակի դժգոհություններ առաջացրեց ընդհանուր իրավասության դատական համակարգում, մանավանդ, որ վճռաբեկ դատարանի մյուս անդամների ընտրությունը վերապահվեց Ազգային ժողովին, ինչը նվաստացուցիչ եւ կախյալ վիճակ է ստեղծում, քանզի ԲԴԽ-ն ներկայացնում է 3 թեկնածու, իսկ անցնում է նա, ով քաղաքական հենարան ունի։ Իսկ Սահմանադրական դատարանի մասով Հրայր Թովմասյանը գնաց լրիվ այլ ճանապարհով՝ իր համար անցումային դրույթների միջոցով ապահովելով ցմահ պաշտոնավարում։ Եվ նրա այս ագահությունն էլ, փաստորեն, այսօր իր դեմ է շուռ եկել։ Խունդկարյանը, թերեւս, սա էր ակնարկում իր խոսքում։