ԱԳՆ-ից չեն կարողանում «դուխով» ասել՝ Պուտինը կգա՞, թե՞ ոչ

ԱԳՆ-ից չեն կարողանում «դուխով» ասել՝ Պուտինը կգա՞, թե՞ ոչ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նախարար Զոհրաբ Մնացականյանի նման, երեկ դժվարացավ հստակ ասել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կգա՞ Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, թե՞ ոչ։

«Որոշումը, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ին լինելու է ԵԱՏՄ խորհրդի նիստը, կայացրել են անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի ղեկավարը։ Սա այն դեպքը չէ, որ մենք նրան հրավիրել ենք, ինքը պիտի ասի՝ կգա՞, թե՞ չէ։ Սա համատեղ որոշում է, եւ այստեղ նիստ է, իհարկե, մեր նախագահության, որովհետեւ մենք ենք հիմա նախագահում»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ նման խնդիր գոյություն չունի, եւ գալ-չգալն արհեստական հարց է, որ բարձրացվում է մամուլում, եւ դա միայն վնաս է հասցնում։ «Նույնն է, որ ասեք՝ ղազախը գալո՞ւ է, թե՞ ոչ, կամ՝ ղրղզը գալո՞ւ է, թե՞ ոչ։ Այդպիսի խնդիր չկա։ Պետություններն ամենաբարձր մակարդակով համատեղ որոշում են կայացրել, որ հոկտեմբերի 1-ին պիտի լինի նիստ։ Սա այդ դեպքը չէ»,- ասաց նա։ Ըստ Շավարշ Քոչարյանի՝ մենք հրավեր ուղարկել ենք այլ երկրների ղեկավարներին՝ Իրանի նախագահին, Սինգապուրի վարչապետին, բայց ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին, որոնք, ինչպես հասկացանք նրա խոսքից, ուղղակի գիտեն՝ Հայաստանում պետք է անցկացվի նիստ, եւ պիտի գան այդ նիստին։

Մինչդեռ ոլորտից քաջատեղյակ մարդիկ մեզ բոլորովին այլ բան ասացին, որ Շավարշ Քոչարյանը մի փոքր խեղաթյուրում է իրականությունը, թե անդամ պետությունների ղեկավարներին հրավեր չի ուղարկվում։ Իրականում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին հրավեր է ուղարկվում անդամ պետությունների ղեկավարներին, եւ յուրաքանչյուր պետություն, հաստատելով իր մասնակցությունը, ներկայացնում է պատվիրակության կազմը, ժամանման եւ մեկնման ժամանակացույցը, ընդունող երկիր են գալիս մասնակից պետություններից անվտանգության ծառայության, արարողակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, համաձայնեցվում են հյուրանոցները, կազմվում է յուրաքանչյուր պատվիրակության այցի ծրագիրը, որում նշվում են նաեւ երկկողմ հանդիպումները, որ կազմվում են փոխհամաձայնեցմամբ:

Նիստին մնացել է ընդամենը 20 օր, եւ, մեր տեղեկությամբ, դեռ ո՛չ ՌԴ-ից, ո՛չ էլ որեւէ այլ երկրից չեն ժամանել Հայաստան՝ ճշգրտելու վերոնշյալ արարողակարգային եւ տեխնիկական հարցերը։ Մինչդեռ 2013 թվականին, օրինակ, երբ Հայաստան պետք է ժամաներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա այցից ամիսներ առաջ արդեն նախապատրաստվում էին, անգամ Երեւանի փողոցների դիտահորերն էին զոդել, որ ՌԴ նախագահն անվտանգ անցնի դրանց վրայով։ Իսկ հիմա նման «աժիոտաժ» չկա։ Դրա համար էլ ԱԳՆ-ից չեն կարողանում «դուխով» հաստատել, որ նիստը կկայանա, Պուտինն էլ կգա։

Այստեղ հսկայական դեր ունեն նաեւ նախագահող երկրի ԱԳՆ-ն եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Արդեն իսկ կասկածներ ու տպավորություն կա, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կարող է չկայանալ Երեւանում, եւ հնարավոր է այն տեղափոխվի դարձյալ Մոսկվա։ Հիշեցնենք, որ մեկ անգամ նման դեպք արդեն տեղի ունեցել է մեզ հետ, երբ 2016 թվականի ապրիլի 8-ին Երեւանում նախատեսված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի հավաքը չկայացավ, քանի որ Ղազախստանը հրաժարվել էր մասնակցել նիստին:

ՀԳ․ Ի դեպ, ճիշտ է՝ Պուտինը չի գալիս, բայց երեկ տեղեկացանք, որ փոխարենը հոկտեմբերի 6-9-ը Հայաստան է գալու Քիմ Քարդաշյանը՝ «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող եւ պանելիստ։