ԱԺ-ում իրավիճակ է փոխվել, խորհրդարանական տուրիստից՝ պատանդ

ԱԺ-ում իրավիճակ է փոխվել, խորհրդարանական տուրիստից՝ պատանդ

Երկու օր է, ինչ 8-րդ գումարման Ազգային ժողովը ձեւավորվել է, սակայն խորհրդարանի իշխանական հատվածում արդեն հասկացել են, որ «բանները բուրդ է»․ այլ որակի ընդդիմություն է իրենց բաժին հասել՝ ոչ միայն ավելի արմատական, ավելի կոշտ, քան իրենց դաշնակից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էին, այլեւ ավելի գրագետ ու պատրաստված, ավելի բանիմաց, պառլամենտարիզմի գիտակ, որոնց հնարավոր չի լինի հարմարեցնել սեփական օրակարգին եւ նեղել։ Պարզ է, որ նրանք օր ու արեւ չեն ունենալու նման ընդդիմության հետ համատեղ աշխատանքներում եւ ստիպված են լինելու խորհրդարանական տուրիստի նախկին երանելի կարգավիճակը փոխարինել ծանր աշխատանք կատարող օրենսդիրի գործունեությամբ, որը ստիպված է լինելու կարդալ, ինքնակրթվել, ելույթներից առաջ մտածել, նախքան օրենք ներկայացնելը քննարկել։ Առնվազն պարտավոր են լինելու իրենց ֆիզիկական ներկայությունն ապահովել խորհրդարանում։ 

Այսպիսով՝ անցած երեք տարիներին եւ անգամ դրանից առաջ խորհրդարանական իշխանությունը, բառի բուն իմաստով, կառավարել է ընդդիմությանը, օրենքները հարմարեցրել սեփական գրաֆիկին, կանոնակարգեր ընդունել, որ երբ ուզեն, գան, երբ ուզեն, գնան, եւ օրենքներն էլ քվեարկեն «բիրիքով»՝ որ մի պահ իրենց դրսի գործերից կտրվեն, գան քվեարկեն ու ազատություն ստանան։ Ասենք՝ չնայած այն բանին, որ ԱԺ կանոնակարգը պահանջում է յուրաքանչյուր հարցի քննարկումից անմիջապես հետո քվեարկություն իրականացնել, բայց իշխանությունը հարցերը քննարկել է, հետո փաթեթով դրել քվեարկության՝ այն ժամանակ, երբ հարմար է եղել իրեն, հիմնականում՝ առավոտ շուտ, երբ պատգամավորները գալիս, ներկա են ստանում, իսկ կեսօրից հետո ծլկում հույժ «կարեւոր» գործերով։ Իսկ փակ քվեարկություններն անցկացվում էին նիստին զուգահեռ, որը նույնպես կանոնակարգով չի նախատեսվում։

Մինչդեռ երկու օր է՝ «Հայաստան» դաշինքի քարտուղար, փորձառու պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ կանոնակարգ-օրենքի իմացության մաստեր-կլաս է ցուցադրում խորհրդարանում եւ օրենքի նկատմամբ գենետիկ ատելությամբ լցված իշխանականներին ստիպում, որ առաջնորդվեն դրանցով, կատարեն իրենց պարտականությունները։ Անգամ հարկ եղած դեպքում ընթերցում է օրենքից հոդվածներ ու պարտադրում հավատարիմ մնալ օրենքի տառին։ 

Գործադրված համառ ջանքերը երեկ առաջին արդյունքները գրանցեցին․ ԱԺ փոխնախագահի ընտրությունն իրականացվեց օրենքի տառին համապատասխան։ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկումից անմիջապես հետո, ընդդիմության պահանջով, կազմակերպվեց քվեարկություն, միայն որից հետո խորհրդարանն անցավ հաջորդ հարցի քննարկմանը։ Մինչդեռ նախկինում փոխնախագահների քվեարկությունները կազմակերպվում էին միաժամանակ։ Գուցե ոմանց սա սոսկ տեխնիկական անկարեւոր դետալ թվա, եթե չասենք՝ պարզ ժամավաճառություն, քանի որ երեք փոխնախագահի համար առանձին-առանձին քվեարկության փոխարեն կարելի էր պրոցեսը մեկտեղել, սակայն անգամ իշխանական օրենսդիրները  չէին թաքցնում իրենց ոգեւորությունը եւ մեզ հետ մասնավոր զրույցներում անկեղծանում էին, որ իրենց կոճակ սեղմողներն այսուհետ հնարավորություն չեն ունենալու «դասից շուտ թռնել», որովհետեւ ընդդիմությունն այլեւս առաջվանը չէ։ Իսկ դա նշանակում է, որ պատգամավորները, անգամ չուզենալով, պետք է մնան խորհրդարանի շենքում, մասնակցեն նիստերին «եւ գուցե մի բան սովորեն, ընկալեն»,- խոստովանեց մեր իշխանական զրուցակիցը։

Փաստ է, որ իշխանական խմբակցությունում ձգել են գոտիները՝ հասկանալով, որ նախկին կոմֆորմիստ գործընկերներին փոխարինել են իրական ընդդիմադիրները։

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը, ապա քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցեց 70-ը․ հիշեցնենք, որ «Քաղպայմանագիր» խմբակցությունը 71 պատգամավոր ունի, որոշ տեղեկություններով՝ քվեարկությանը չի մասնակցել գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Իսկ մյուս փոխնախագահ Հակոբ Արշակյանի թեկնածության հարցի քննարկումը չավարտվեց, ըստ ամենայնի՝ այսօր կլինի քվեարկություն։ Երրորդ փոխխոսնակի պաշտոնը, համաձայն օրենքի, ստանձնում է խորհրդարանական ընդդիմությունը․ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների կոմպրոմիսային թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է։ Մի քանի օր առաջ տեղեկություններ ստացանք, որ իշխանությունը չի գնալու առճակատման եւ նրան կընտրի այդ պաշտոնում, չնայած երեկ ՔՊ խմբակցության նիստում քննարկում էին նաեւ Սաղաթելյանի ընտրությունը տապալելու հարցը։ Սակայն ավելի ուշ պարզեցինք, որ նախնական որոշումն ուժի մեջ է։