Գրողների միությունը շենքը վարձով է տվել, բայց գրողների համար փող չունի

Գրողների միությունը շենքը վարձով է տվել, բայց գրողների համար փող չունի

Երեկ Հայաստանի գրողների միության ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ միությունը շրջափակված Արցախի և արցախահայերի բռնի տեղահանության թեմայով մրցույթ է հայտարարել: Մրցանակները սահմանվել են հետևյալ գումարային չափերով.
1-ին մրցանակ – 165 000 դրամ
2-րդ մրցանակ – 100 000 դրամ
3-րդ մրցանակ – 75 000:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է ֆինանսավորում մրցույթը: Սովորաբար նման մրցույթներ հայտարարելիս նշվում է կազմակերպչի, հովանավորի անունը: Նկատենք, որ մրցույթի համար նախատեսված գումարային չափերը բավականին փոքր են: Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթի հեղինակն արցախցի գրող Կիմ Գաբրիելյանն է:

Հարցին՝ Գրողների միությունն ինչո՞ւ չի ֆինանսավորում նման մրցույթները, ի վերջո միության շենքի տարածքի 90 տոկոսից ավելին վարձակալության է տրված տարբեր մասնավոր կազմակերպություններին, ո՞ւմ գրպանն է մտնում այդ գումարը, Միլիտոնյանն ասաց. «Միությանը որտեղի՞ց փող, որ ֆինանսավորի»: Միլիտոնյանը նաև նշեց, որ ընդունվում են բացառապես ՀԳՄ անդամների գործերը: