ՀԷԿ-երից թանկարժեք դետալները դուրս բերեցին, իսկ մշակութային արժեքները մնացին թշնամուն

ՀԷԿ-երից թանկարժեք դետալները դուրս բերեցին, իսկ մշակութային արժեքները մնացին թշնամուն

Պատերազմի հետեւանքով Արցախում բացի մարդկային զոհերից եղան նաեւ մշակութային կորուստներ, ինչն ուղղակիորեն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունների պատասխանատվության ներքո էր։ 

«Էսկալացիան սկսելուց հետո Արցախի մշակութային ժառանգության համար պատասխանատու նախարարությունը Հայաստանի Հանրապետության նախարարության աջակցությամբ պարտավոր էր կատարել Արցախում շարժական մշակութային ժառանգության՝ թանգարանային առարկաների, անշարժ մշակութային ժառանգության, հուշարձանների, հուշարձանային բեկորների էվակուացիա»,-ասում է Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանն ու ընդգծում՝ ինչպես պատերազմական գործողությունների ժամանակ բանակն ունի կոնկրետ գործողությունների պլան, որ հստակ հերթականությամբ պետք է իրականացնի, այնպես էլ մշակութային քաղաքականության համար պատասխանատու նախարարությունը պարտավոր էր համաձայն պլանի իրականացնել մշակութային ժառանգության էվակուցիա, ինչը բազմիցս փորձարկվել է փորձնական տագնապների ժամանակ: 

«Իհարկե, ժառանգության մի մասը էվակուացվել է, սակայն, ցավոք սրտի, ունենք հսկայական մշակութային ժառանգություն, որ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ: Ինչպես նկատեցինք Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող ՀԷԿ-ից եւ այլ ինժեներական հաստատություններից ստացվեց դուրս բերել թանկաժեք դետալներ, բայց բարձր մշակութային արժեք ունեցող թանգարանների ֆոնդերը մնացին, ինչը անկասկած վատ կառավարման հետեւանք է»,-վստահ է նախկին փոխնախարարը:

«Անհասկանալի է նաեւ անփառունակ հայտարարությունը ստորագրելու գիշերը Կառավարության, Ազգային Ժողովի շենքում արված տեսանյութերում մեծանուն նկարիչների կտավներ տեսնելը: Հայաստանի պետական թանգարանների ֆոնդերից բարձրարժեք կտավներ ու այլ թանգարանային առարկաներ ժամանակավոր տրամադրվում է կառավարության տարբեր մասնաշենքերում ցուցադրելու նպատակով, բայց ինչպես բնական աղետների (հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ), այնպես էլ այդ շենքերի հարակից տարածքներում բողոքի ակցաների ժամանակ, երբ կա ռիսկայնություն, որ բորբոքված ամբոխը կարող է շենք մտնել, պետք է այդ արվեստի գործերը էվակուացվեն, ինչը չէր արվել, որովհետեւ ինչպես տեսանք տեսագրություններում թե Կառավարության, թե Ազգային ժողովի շենքում կտավները մնացել էին պատից կախված»,-արձանագրում է Տ․ Գալստյանը: