Ընտրվում են այն անձինք, որոնք կառավարելի կլինեն քաղաքական հարցերում

Ընտրվում են այն անձինք, որոնք կառավարելի կլինեն քաղաքական հարցերում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

- Ինչպես այսօր տեղեկացանք, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրվել փաստաբան Սեդա Սաֆարյանը` Ստյոպա Սաֆարյանի քույրը: Ինչո՞ւ հենց նա:

- Սեդա Սաֆարյանի անձի մասին խոսել չեմ ցանկանում, սակայն հասկանալի է, որ իշխող ուժի համար ցանկալի են կառավարելի յուրայինները, բնականաբար առաջադրվել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Անկախ այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի դատավորը պետք է լինի առնվազն հետագիծ ունեցող մեկը: Սահմանադրական դատարանը պետք է գիտնականների խումբ լինի, մարդիկ, ովքեր գիտական աշխատանքով են զբաղվում….Պատահական չէ, որ ՍԴ-ի համար մշակվել են համապատասխան ցենզեր: Սեդա Սաֆարյանի մասին, նորից եմ կրկնում, չեմ ցանկանում խոսել, չեմ ցանկանում նրան անձնական որակումներ տալ, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով կկատարի որոնողական աշխատանք 2020 թվականին ՍԴ-ի հետ կապված, թե ինչ հետապնդումներ տեղի ունեցավ մեկ տարի շարունակ, ապա կհասկանա, որ այդ անձն ունեցել է իր կարկառուն մասնակցությունն այդ գործում և ՍԴ-ի մասով մի շարք որակումներ է տվել, որոնք առնվազն մտահոգության տեղիք են տալիս մինչ օրս:

- Այսինքն` ստացվում է, որ նա Նիկոլ Փաշինյանի ձեռքում հերթական խամաճի՞կն է լինելու:

- Այո, տեսա քիչ առաջ, որ տիկինը հայտարարել է, թե չեն զղջա իր թեկնածությունն առաջադրելու համար: Կարծում եմ նա բավականին անկեղծ է արտահայտվել: Համոզված եմ, որ նա իր ուժերի սահմանում ամեն բան անելու է, որպեսզի իշխանությունները չզղջան իր նշանակման համար:

- Որոշ իրավաբաններ նշում են, թե ՍԴ դատավոր դառնալու համար նախկինում դատավորի մասնագիտական փորձը պարտադիր պայման չէ:

- Այո, պարտադիր նախապայման չէ, սակայն առնվազն ենթադրվում է, որ այդ պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է ունենա համապատասխան հետագիծ, աշխատանքային փորձ և մասնագիտական հմտություններ: Ես տիկին Սաֆարյանին հիշում եմ մի դրվագով, երբ մասնագիտական այնպիսի որակումներ էր տալիս հենց Սահմանադրական դատարանի մի որոշմանը, որն անգամ ուսանողների համար էր զարհուրելի: Ինձ համար հիմա շատ մտահոգիչ է, որ այս աստիճան հեղինակազրկվում են նման բարձր հեղինակություն պահանջող պաշտոնները:

- Նաև տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում դատվորներ են ընտրվել ՔՊ-ական Արթուր Դավթյանը և Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

- Չպիտակավորելով որևէ մեկին պետք է փաստենք, որ մեր օրերում թեկնածուներին պատահական չեն ընտրում: Ցանկալի են այն անձինք, որոնք կառավարելի կլինեն քաղաքական հարցերում: