Նոր խորհրդարանը նախաձեռնելու է նիկոլական ԱԺ-ի ընդունած օրենսդրության ռեւիզիա

Նոր խորհրդարանը նախաձեռնելու է նիկոլական ԱԺ-ի ընդունած օրենսդրության ռեւիզիա

Երեկ, ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, իրավունքի ուժով արձակվեց ՀՀ Ազգային ժողովը:

Այսպիսով, ավարտվեց այն խորհրդարանի գոյությունը, որը երկու եւ կես տարի առաջ հայության մեծամասնության հպարտության առարկան էր: Երկու տարի չանցած՝ այդ խորհրդարանը, իր ընտրած վարչապետով հանդերձ, վերածվեց համայն հայության արժանապատվության կորստի խորհրդանիշի: Եվ եթե նույնիսկ չլինեին պատերազմն ու «գերագույն գլխավորի» պատճառով (կամ շնորհիվ) մեր խայտառակ պարտությունը, այդ խորհրդարանն ապագայում կկոչվեր հակախորհրդարան: Հակախորհրդարան, որովհետեւ խորհրդարանը կոչված է օրենքներ ընդունել եւ ոչ թե օրենքներ խախտել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Եվ գլխավորը՝ այդ խորհրդարանը բազմաթիվ անգամ խախտել է ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրությունը: Այն ժողովրդի, որ վարչապետի պաշտոնին կառչած անձի կողմից տեղի-անտեղի վկայակոչվում է որպես իշխանություն կրող:  

Նիկոլական խորհրդարանը պատմության մեջ կմնա նաեւ որպես նիկոլական երկոտանի ուսապարկերի բազմության հավաքատեղի: Ուսապարկեր, որոնք նորմալ (ոչ հեղափոխական) պայմանների առկայության դեպքում, ինչպես ասվում է, իրենց ականջները կտեսնեին, սակայն իրենց այնտեղ չէին տեսնի: Նախկինների օրոք ժամանակի ընթացքում դանդաղորեն բարեփոխվող պետական այդ ինստիտուտը 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո վերածվեց փողոց փակողների հավաքատեղիի: Եվ, բնականաբար, այդ բազմության գործունեության հիմնաքարը դարձավ ոչ թե օրենսդրության իրական բարեփոխման նպատակադրումը, այլ գլխավոր ուսապարկի տիրոջ բոլոր ցանկությունների իրականացումը՝ որքան էլ դրանք պետության գործառնությունների տեսակետից լինեին անտրամաբանական եւ կամ նույնիսկ հակատրամաբանական: Նման պայմաններում պրոֆեսիոնալիզմի մասին խոսք լինել ուղղակի չէր կարող:

Եվ պետք է ծագեր 2020 թվականի աշնանային պատերազմը, եւ մենք կրեինք խայտառակ պարտություն, որպեսզի մարդիկ ընկալեին, թե ինչ է իրենից ներկայացնում նիկոլական այդ խառնամբոխը, որը կոչվում է ԻՔ խմբակցություն: Պարտությունը պետք է մեզ ցույց տար, որ այդ խմբակցությունն իր ամբողջության մեջ զուրկ է այնպիսի հատկանիշներից, ինչպիսիք են հայրենասիրությունն ու պարզ մարդկային արժանապատվությունը: Մի խոսքով, այդ խորհրդարանը ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի նորմալ Ազգային ժողովը: Ի դեպ, խորհրդարան ասելով՝ նկատի ունեմ հենց ԻՔ խմբակցությունը, քանի որ դրա ձայների քանակն այնքան մեծ է, որ մնացած խմբակցությունների դերը զուտ դիտորդական է: 

Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո, իսկ դա, համոզված եմ, տեղի է ունենալու ս.թ. հունիսի 20-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որքան էլ որ Նիկոլը փորձի խոչընդոտել դրան, նոր խորհրդարանը նախաձեռնելու է նիկոլական Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական ակտերի իսկական ռեւիզիա (վերանայում եւ փոփոխություն): Դա անհրաժեշտ է, որպեսզի վերականգնենք պետության նորմալ օրենսդրական դաշտը, այն, ինչ հիմնականում առկա էր նախկինների օրոք: