Զինդատախազն ու տեղակալները մեկը մյուսի հետևից լքում են պաշտոնները

Զինդատախազն ու տեղակալները մեկը մյուսի հետևից լքում են պաշտոնները

Նորընծա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազությունում փոփոխություններ է սկսել։ Մի շարք պաշտոնյաներ Արթուր Դավթյանի հետ միասին լքել են համակարգը, առաջիններից մեկը, որ լքել էր պաշտոնը, գլխավոր դատախազի արդեն նախկին խորհրդական Արթուր Բաղդասարյանն էր, նա Դավթյանի հետ միասին դիմում է գրել ու հեռացել, այնուհետ հեռացել է նաև խորհրդականներից մյուսը՝ Գոռ Աբրահամյանը, Աբրահամյանի փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել արդարադատության նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ 

Դավթյանի հետ մեկտեղ աշխատանքից ազատման դիմում է գրել և հեռացել զինվորական դատախազը՝ Վահե Հարությունյանը, այժմ  նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվել զինդատախազի տեղակալ Գուգրեն Հակոբյանը, իսկ զինվորական դատախազի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել։ 

Հետարքիր ևս մեկ պաշտոնաթողություն․ Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանին Վարդապետյանը նշանակել է զինդատախազի տեղակալ, սակայն նշանակումից ընդամենը 3 օր հետո Հովհաննիսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու լքել է զինդատախազի տեղակալի պաշտոնը։ 

Զինդատախազի տեղակալներից մյուսը՝ Վահագն Մուրադյանը Վարդապետյանի հրամանով տեղափոխվել է մեկ այլ պաշտոնի․ նա նշանակվել է գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գծով վարչության պետի պաշտոնին։ 

Իր դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է նաև զինդատախազի մեկ այլ տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Սարդարյանը։