Գեղամ Պետրոսյանին կալանքից որոշել է ազատ արձակել ՀՔԾ-ն

«Մարտի 1»-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին ազատ արձակելու որոշումը կայացրել է Հատուկ քննչական ծառայությունը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը։
«Գտել են, որ կալանքի տակ պահելու, ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկա եւ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չեն ներկայացրել դատարան, քանի որ ամսի 4-ին էլ երկամսյա ժամկետը լրանում էր, դրա համար ազատ արձակվեց պարոն Պետրոսյանը»,-նշեց Գեւորգյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ նախաքննական մարմինը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց չէր կիրառում նրա նկատմամբ, պատասխանեց․ «Նախնական շրջանում, քանի որ ոմն ենթասպա Ալեքսանդր տեղեկություններ էր հայտնել, այդ տեղեկությունները ստանալով այնպիսի գործողություններ, քայլեր արվեց Հատուկ քննչական ծառայության կողմից, որը հանգեցրեց նրան, որ պետք է ձերբակալեն Գեղամ Պետրոսյանին, մինչեւ ձերբակալման իրավաչափությունը բողոքարկելը, մինչ դրա քննարկումը, խափանման միջոց կալանավորմամբ հանդես եկան, դատարանն էլ մեխանիկորեն վերցրեց եւ բավարարեց։ Միայն նրա ցուցմունքի հիման վրա են կալանավորել։ Նա ասել էր, որ այդ անձնավորությանը Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների հատման խաչմերուկում ականատես է եղել՝ ինչպես է կրակոցներ արձակել Զաքար Հովհաննիսյանի վրա։ Դեռեւս նախաքննությունը շարունակվում է, ես չգիտեմ՝ ինչ ուրիշ ապացույցներ կարող են ձեռք բերել կամ չբերել, բայց վստահ եմ, որ ապացույցներ չեն կարող ձեռք բերել, քանի որ այդպիսի դեպք իրականության մեջ տեղի չի ունեցել»։
Կարծիքներ