Մեր պատասխանը «Չեմբեռլենին»

Մեր պատասխանը «Չեմբեռլենին»

Նախ Ադրբեջանի նախագահը, ապա եւ՝ ԱԳՆ-ն հայտարարեցին, թե «գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն»: Նպատակը հասկանալի է՝ «չկա ժողովուրդ, չկա խնդիր»: Այս դեպքում՝ ինքնորոշման իրավունքի իրացման: Այդ հայտարարությունների կապակցությամբ մեզանում հնչեցին հակադարձումներ, երբեմն՝ նույնիսկ չափազանց կոշտ: Բայց դրանք գերազանցապես հուզական էին: Մինչդեռ Ադրբեջանին հարկ է վճարել իր իսկ մանրադրամով: Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ «գոյություն չունի»՝ ինչպես Ալիեւն ու իր ԱԳՆ-ն են ասում, ապա ինչու՞ 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոն որոշել է այն օժտել մարզային լայն ինքնավարությամբ, այսինքն՝ պետական կազմավորման կարգավիճակով: Ինչու՞ Ինքնավար Լեռնային Ղարաբաղի կազմավորման մասին Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հուլիսի 7-ի Դեկրետում սեւով սպիտակի վրա գրվեց, որ այն ստեղծվում է «Ղարաբաղի հայկական մասից»:

Այսինքն, Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինն ընդունեց, որ ընդհանրական Ղարաբաղ կոչվող տեղաշրջանը բաղկացած է երկու՝ հայկական եւ մուսուլմանական մասերից, որոնցից առաջինն օժտվում է պետական կազմավորման՝ ինավար մարզի կարգավիճակով: Նույն Դեկրետում կա մի շատ էական հաստատագրում, որ ինքնավար մարզի հողը, անտառները, ջրերը հանդիսանում են ,,նրանց ներկա տերերի սեփականություն,,: Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինն, այսպիսով, 1923թ. հուլիսի 7-ին հաստատագրել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը հայկական է, որի սեփականատերը նրա բնակչությունն է: Իսկ սեփականատեր բնակչությունը ոչ թե մարդկանց թվաբանական ամբողջություն, այլ հենց ժողովուրդ է: Այս իրավական սահմանումն Ադրբեջանը չեղարկել է 1991թ. նոյեմբերի 24-ին՝ Լեռնային Ղարաբաղի ինավարությունը լուծարելու մասին Գերագույն խորհրդի որոշմամբ, որը ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության ատյանի կողմից ճանաչվել է ոչ օրինական:

Այսպիսով, Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանն Ադրբեջանն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հայրենազրկելու, նրան անկապտելի սեփականության իրավունքով պատկանող տարածքն անեքսիայի ենթարկելու, ԼՂ հայ մեծամասնությունը բռնատեղահանելու, իսկ արցախահայությունը՝ սեփական իրավունքները պաշտպանելու եւ ազգային պետականություն վերահաստատելու նպատակով: Սա է ԼՂ հիմնախնդրի էությունը: Լեռնային Ղարաբաղը հայկական է, այս իրողությունն Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը ճանաչել եւ համապատասխան Դեկրետով հռչակագրել է 1923թ.-ին: Այդ որոշումն ընդունվել է խորհրդային կենտրոնական կառավարության պարտադրանքով: Ներկայումս նույնը պիտի անի միջազգային հանրությունը՝ պարտադրի, որպեսզի Ադրբեջանը վերաճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես հայկական: Մյուս հարցերն ածանցյալ են, ենթակա բանակցությունների սեղանի շուրջ կարգավորման: