Արցախահայության արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և ընդդիմության գործողությունների վերաբերյալ

Արցախահայության արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և ընդդիմության գործողությունների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը Արցախի կարգավիճակի «նշաձողը իջեցնելու» վերաբերյալ և դրան հետևած իշխանական պատգամավորների Արցախի վերաբերյալ հայտարարությունները՝ ընդհուպ մինչև Արցախը Ադրբեջանի կազմում բռնակցելու և Արցախը Ադրբեջանի հետ ապագա ունենալու մասին, Արցախում մարդկանց մոտ տագնապ էր առաջացրել:Առանց այդ էլ անորոշությունը էլ ավելի ահագնացավ ու բազմաթիվ հարցադրումներ ու մտահոգություններ առաջացրեց:

Կարծում եմ՝ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀ վարչապետի և իշխող կուսակցության պատգամավորների հայտարարությունները արցախցիներին իրական հոգեբանական տեռորի են ենթարկել: Այն ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան թշնամու հայտնի բարձրախոսային տեռորը, քանի որ արցախցիները գիտակցում են, որ թշամին ամեն մի ստոր քայլի կարող է դիմել ու պատրաստ են դիմակայելու թշնամու բոլոր սադրանքներին ու ճնշումներին, բայց, ահա, Արցախի հայությունը երբեք չի մտածել, որ ՀՀ-ում կարող է գտնվել մի անձ՝ առավել ևս իշխանավոր, ով կարող էր արցախահայության ապագան կապել Ադրբեջանի հետ ու ասել՝ պետք է իրենց իրավունքների հարցում «նշաձող իջեցնել»:

Մարդկանց մոտ ինչ-որ չափի հանգստություն եղավ Արցախի Ազգային ժողովի հայտնի հայտարարությունից և Արցախում «կարմիր գծերի» շուրջ միասնական քաղաքական դիրքորոշման ձևավորումից հետո:

Պետք է նաև ընդգծենք, որ այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ արցախահայերի մոտ որոշակի հանգստություն ու զգուշավոր լավատեսություն է առաջացել:

Հարցախույզ կատարեցինք Արցախում՝ հասկանալու համար, թե արցախցիներն ինչ կարծիք ունեն ՀՀ-ում այսօր տեղի ունեցող իրադարձությունների և ընդդիմության գործողությունների վերաբերյալ:
Մեր հարցին, թե ինպե՞ս են վերաբերվում այս օրերին ընդդիմության գործողություններին Արցախում և ի՞նչ կարծիք ունեն ՀՀ-ում այսօր առկա իրադրության վերաբերյալ, պատասխանները հետևյալն էին.

Շուշանիկ Լալայան, ուսանողուհի

Արցախի կարգավիճակի հարցը կարևոր և բավականին բարդ հարց է։ ՀՀ ներկա իշխանությունները իրենց քայլերով բազմիցս անգամ ապացուցել են, որ չեն կարող լուծել այն։ Իրենց իշխանության օրոք այդպես էլ չեն կողմնորոշվել «Արցախը Հայաստանն է և վե՞րջ»,  պահանջու՞մ են Արցախի անկախության ճանաչում, թե՞ այնուամենայնիվ գնում են «նշաձողի իջեցման»։ Այսպիսի պայմաններում վտանգված է թե Հայաստանի, թե Արցախի ապագան։ Այս օրերին Երևանում տեղի ունեցող խաղաղ ցույցերը մեր ապագայի համար են, այն մեր ժողովրդի հստակ պահանջն է: Սակայն ժողովրդի կողմից ընտրված ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում իրենց իսկ ժողովրդի պահանջը։ Ոտնահարում են ժողովրդի ազատ խոսքի իրավունքը: Այդուհանդերձ, հայի ոգին անկոտրում է, Արցախը և Սփյուռքը Հայաստանի կողքին են։ Ամրապնդելու ենք Հայաստան –Արցախ-Սփյուռք կապը։ Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք։ Հայը հայի արյուն չի թափելու ինչ-որ մեկի քաղաքական հայացքների պատճառով: Մայիսը մարտի մեկ չի դառնալու։

Հերմինե Ավագյան, բանաստեղծուհի

Այսօր Արցախի հայկականությունը վտանգված է, վտանգված է նաև հայոց պետականությունը, լինել-չլինելու սպառնալիքը կախված է մեր գլխավերևում, ուստի հայ մարդը, որտեղ էլ նա ապրի, իրավունք չունի լինել անտարբեր։ Հայաստանում այս օրերին արվող ցույցերը հնարավորություն են տալիս,որ ես էլ միանամ ու արտահայտեմ թուրքացման դեմ իմ կարծիքը։ Բոլոր բազմամարդ ցույցերին մասնակցել եմ, պատահել է՝ երեխաներս էլ են հետս միացել՝ ինքնակամ, առանց ստիպելու,առանց գովազդելու, ուղղակի նրանք, չհասկանալով հանդերձ, զգում են վտանգը։ Ես այլ հարթակ չեմ տեսնում իմ բողոքի ձայնը արտահայտելու համար, դրա համար մասնակցում եմ ցույցերին և ասեմ՝ Արցախից շատ մասնակիցների եմ հանդիպում, ովքեր նույնպես ինքնակամ գալիս են իրենց ոչը ասելու։ Օրհասական օրեր ենք ապրում և անկախ քաղաքական հայացքներից՝ պետք է միավորվենք և տեր կանգնենք մեր երկրին, թե չէ մեր զավակները չեն ներելու մեր անտարբերությունը։ Ես հրապարակ չեմ գնում որևէ քաղաքական գործչի սատարելու համար, ես գնում եմ իմ երկրին, իմ պետականությանը, իմ լինելիության, իմ երեխաների ապագային սատարելու համար։

Անի Բուլղորյան, ուսանողուհի

Ես՝ որպես ապագա իրավաբան չեմ ընդունում ժողովրդավար Արևմուտքի ու իրավապաշտպան կազմակերպությունների լռությունը, որովհետև երբ այլ պետություններում ժողովուրդների դեմ հակաօրինական քայլեր են կատարում կամ պատերազմ է սկսվում, աշխարհով մեկ բոլորը խոսում են այդ մասին և աջակցություն են հայտնում ու  ստանում են այդ աջակցությունը: Բայց այսօր մենք կանգնած ենք մեր հայրենիքը կորցնելու վտանգի առաջ, և մի ողջ ժողովուրդ ոտքի ելած պահանջում են, որպեսզի չխախտվեն իրենց իրավունքները, այդ թվում նաև ապրելու իրավունքը: Սակայն ոչ ոք չի լսում կամ չի ուզում լսել։ Կարծում եմ, որ այս օրհասական պահին բոլորս պետք է միասնական լինենք, չասենք արցախցի կամ հայաստանցի, որովհետև հենց այդտեղից է գալիս պառակտումը։ Արցախը միշտ եղել է հայկական տարածք, կա՛ ու կլինի՛: Անկախ ամեն ինչից՝ արցախահայությունն իր ազատ ապրելու իրավունքը հաստատելու է:

Սոսե Բալասանյան, սամբոյի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ

Արցախը չի քնում մեկ տարի ու յոթ ամիս, որպեսզի «Լաոն զարթնի» ու հայ ազգը գտնի փրկության ճանապարհը: Մենք միասնական մեկ ազգ ենք ու երկու հայկական պետություն, ով  սա գիտակցի, կկարողանա փրկել հայրենիքը ու հայ գենով ժառանգներ կունենա: Կեցցեն Հայաստանում, Սփյուռքում, Արցախում ապրող գիտակից հայերը: Արթուն մնացեք՝ մտքով, գործով, որպեսզի շարունակենք ապրել՝ հաղթական խաղաղություն, միասնական անկոտրում ոգիով: Արցախը հայկական է, Հայաստան է: Պետք է սնվենք մեր հողին կառչած արմատներից, որ նորից չկործանվենք ու չսփռվեք աշխարհով մեկ:

Մերի Դանիելյան, ուսանողուհի

Այս օրերին բոլորիս ուշադրությունը սևեռված է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս շարժումը համարում եմ ոչ թե պարզապես ընդդիմադիր ուժերի, այլ ամբողջ հայության պայքար՝ հանուն փրկության։ Րոպե առ րոպե մասնակիցների թվի աճը խոսում է այն մասին, որ ազգը զարթնում է։ Այս ամենին զուգահեռ, անընդունելի է հայ ոստիկանի անմարդկային վերաբերմունքը խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ուժային կառույցները ևս պարտավոր են ականջալուր լինել իրենց խղճի ձայնին ու ժամ առաջ միանալ համազգային շարժմանը։ Այսօր, երբ հերթական անգամ դրվել է հայի ու Հայաստանի լինել-չլինելու հարցը, մենք պետք է գիտակցենք պահի լրջությունը և գործենք միասնական։ Հիշենք ապրիլյան քառօրյայի օրերը, երբ բոլոր քաղաքական ուժերը՝ մի կողմ դնելով իրենց շահերն ու տարակարծությունները, դարձան միաբան։ Հիշենք Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի եռամիասնությունը, որը ևս մեկ անգամ հաստատեց, որ, իսկապես, փրկությունը հավաքական ուժի մեջ է։ Ուրեմն, սատարենք մեր քույր-եղբայրներին։ Հայրենիքը բոլորիս կարիքն ունի։

Կարինե Հարությունյան, ռեժիսոր

Մտահոգ եմ մեր երկրի՝ Արցախի ու Հայաստանի ապագայի, լինել-չլինելու համար: Այն ինչ հիմա կատարվում է Հայաստանում, իմ կարծիքով, շատ ուշացված է բայց ինչպես ասվում է. ավելի լավ է ուշ, քան՝ երբեք: Հայը պայքարող տեսակ է ու ես ուրախ եմ, որ թեկույզ ուշ, բայց հայը զարթնեց: Անձամբ իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր այսօր վտանգելով իրենց կյանքը, դուրս են եկել պայքարի՝ հանուն հայրենիքի, Հայաստանի ու Արցախի փրկության:

Արշակ Աբրահամյան, ինժեներ

Որտե՞ղ են միջազգային «իրավապաշտպան» կազմակերպությունները։ Ինչու՞ չեն արձագանքում Երևանի փողոցներում հանուն հայրենիքի պայքարող ժողովրդի հանդեպ իրականացվող խայտառակ քաղաքական բռնաճնշումներին։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ «ժողովրդավար Արևմուտքը» բոլոր հնարավոր գործիքակազմերով պաշտպանում է իրեն ձեռնտու նախագծերը (Ստամբուլյան,Լանզարոտեի կոնվեկցիաները), բայց չի ուզում արձագանքել հանուն իր պետականության պայքարող մի ողջ ժողովրդի հանդեպ իրականացվող բռնաճնշումներին։ Լիովին աջակցում եմ ՀՀ ում վերջին օրերին տարբեր ձևաչափերով ակցիաների մասնակցող մեր քույրերին և եղբայրներին։ Կեցցեն երիտասարդները:

Տիրուհի Գասպարյան

Ներկայից մեր հայրենիքում տիրող իրավիճակը բոլորիս է մտահոգում: Եվ ամեն մեկս փորձում ենք մեր փոքրիկ քայլերով օգնել Արցախին և Հայաստանին: Ես հավատում եմ իմ ժողովրդի միասնական պայքարին և հավատում եմ հայրենիքիս փրկությանը: Միանում եմ բոլոր գիտակից այն մարդկանց պայքարին, ովքեր դեմ են գնում «Սորոսի ծրագրին» և պայքարում են մեր հայապահպանության համար: Ամեն ինչ կախված է հենց մեր քայլերից և մեր համառ պայքարից: Հավատում եմ, միանում եմ քեզ իմ գիտակից ժողովուրդ:

Աննա Գրիգորյան, ուսանողուհի

Իմ կարծիքով քաաղաքական այս բարդ և բռնկուն իրավիճակի միակ ելքը սոլիդ իշխանությունն է և միաբան ժողովուրդը։ Կոչ եմ անում բոլորին պահպանել համերաշխություն և գործել միայն ի նպաստ հայ ժողովրդի բարօրության։

Անգելինա Ղուկասյան, ուսանողուհի

Միանգամայն ոգեշնչող է այն ինչ կատարվում է այսօր Երևանում, քանի որ մեր երկրի ապագան կախված է հենց այդ մարդկանցից։ Հայ երիտասարդը պետք է հասկանա, որ Հայաստանն ու Արցախը կապող ուղին կտրվելու դեպքում կտրվելու է նաև ամբողջ հայ ժողովրդի գոյության տեսլականը: Միանգամայն կողմ եմ ՀՀ կառավարությունը փոխելուն ուղղված հայ ժողովրդի փորձերը, և արցախցին նույնպես կանգնած է նրանց կողքին:

Արմեն Պետրոսյան, կիոկուշու կարատեի մարզիչ

Այսօր վտանգված է ոչ միայն Արցախի անկախությունն ու հայկականությունը, այլ նաև Հայաստանի անվտանգությունը և միջազգային հեղինակությունը։ Փրկության շարժումը պետք է վերածվի համազգային դիմադրության, հակառակ դեպքում պետականության կորուստը անխուսափելի է։ Այսօր Հայաստանում ձևավորվել է երկու ճամբար՝ հայոց պետականության, Արցախի հայկականության պահապանների և Հայաստանը կամ ավելի ճիշտ Հայաստանի տարածքը Առաջվոր Ասիայի համար մեծ շուկայի վերածող ապազգային լիբերալ ամբոխի: Ես առաջին ճամբարում եմ, իսկ՝ դու՞:

Վահագն Խաչատրյան, լրագրող

Լիովին աջակցում և ողջունում ենք «Դիմադրության» շարժման գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանից թուրքահպատակ իշխանություններին հեռացնելուն և Հայաստանը թուրքացումից, իսկ Արցախը՝ ադրբեջանականացումից փրկելուն: Այսօր, առավել քան երբևէ կարևոր է, որ իրական մտահոգ քաղաքացիները ոտքի կանգնեն, համախմբվեն և փրկեն այն, ինչի համար տասնամյակներ շարունակ թափվել է մեր եղբայրների արյունը:

Հեղինար Գրիգորյան

Հայաստանյան անհնազանդության ցույցերը Արցախում հույս են ծնում առ այն, որ հնարավոր կլինի հասնել թուրքամետ իշխանության հեռացմանը, որն էլ իր հերթին նոր հույս կծնի առ այն, որ դեռևս ամեն ինչ կորած չէ։  Հայաստանում այժմ վճռվում է Արցախի լինել-չլինելու հարցը: