Ծափեր՝ արյան ու անբարոյականության

Ծափեր՝ արյան ու անբարոյականության

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի, խայտառակ կապիտուլյացիոն պարտության ամբողջ մեղքը բարդեց նախկինների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ գեներալների վրա, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի։ Թե ինչպիսի զգացողություներ էին ունենում նրա ելույթը լսողները, ցենզուրայի մեջ տեղավորվող բառերով նկարագրելն անհնարին է։ Նրանք չէին կարողանում քաղաքավարության սահմաններում տեղավորվող բառերով նկարագրել Փաշինյանի եւ յուր «ուսապարկերի» ցինիզմն ու լկտիությունը, որը դրսեւորվում էր երեկ խորհրդարանում։

Մարդիկ ամենից շատ վրդովվել էին հոտնկայս ծափահարություններից, որոնք խոսում էին անմեղ զոհերի հիշատակը, գերիների, անհետ կորածների եւ նրանց հարազատների ցավն արհամարհելու մասին։ Իսկ գագաթնակետը Նիկոլ Փաշինյանի ելույթի բոցաշունչ վերջաբանն էր․ «Սիրելի՛ ժողովուրդ, չհուսահատվե՛ք, չվհատվե՛ք: Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետեւ, այո՛, Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, եւ մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ եւ հզոր այդ ապագան»։ Այս խոսքերից հետո «ուսապարկերը» ոտքի կանգնեցին եւ հոտնկայս ծափահարեցին կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրած «հանճարի» մտքերին։

Փորձեցինք ճշտել պատգամավորներից՝ ինչո՞ւ էին այդպես ոգեւորված ծափահարում, հազարավոր զոհերի ու Արցախը հանձնելո՞ւ, եւ՝ մեր երկրի ապագան թուրքերի հետ ու Թուրքիայի տիրապետության տա՞կ է լինելու, թե՞ առանց դրա։ Սակայն նրանք անհոդաբաշխ պատասխաններ էին տալիս՝ չկարողանալով «դուխով» հերքել, որ Հայաստանի ապագան առանց թուրքերի է կամ Թուրքիայի տիրապետությունից դուրս է լինելու։ Հավանաբար, վստահ չէին, որ այդպես չի լինի։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որ սովորաբար ամենից շատ է իր վրա վերցնում Նիկոլ Փաշինյանի ամեն տխմարությունն արդարացնելու ծանր բեռը, երեկ մեր հարցերից ուղղակի հոգեխանգարմունքի մեջ ընկավ։ Նախ վիճեց լրագրողների հետ, հետո որոշեց տեսախցիկների առջեւ ելույթ ունենալ՝ ինքն իրեն վերջում ծափահարել՝ իբրեւ Փաշինյանին սատարում։

«Հայաստանն ու Արցախն ունի ապագա, ծափահարություններ»,- ոգեւորված հայտարարեց ԱԺ փոխխոսնակն ու ինքն իրեն ծափահարելուց հետո հեռացավ: Մենք հարց հնչեցրինք, նորից հետ եկավ, որ պատասխանի մեր հարցին` Հայաստանը թուրքերի՞ հետ ունի ապագա, թե՞ առանց թուրքերի: Հայտարարեց․ «Թուրքիայի հետ ապագա ունեցել են եւ կառուցել են էն մարդիկ, ովքեր որ պատերազմը տանուլ են տվել»։ Նախկինների թեման այս թիմին հանգիստ չի տալիս, որպես կպչուն միտք՝ ուղեկցում է նրանց արդեն 3 տարի։ Նրան հիշեցրինք, որ Արցախը թուրքերին հանձնելու փաստաթղթի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, իրենց օրոք է Արցախը հանձնվել թուրքերին, ոչ թե՝ նախկինների։ «Մեր օրոք ոչ ոք ոչ մի բան չի հանձնել»,- ասաց Ալեն Սիմոնյանն ու մտավ դահլիճ։

ԱԺ մյուս փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ, ով մտքերն ի մի բերելու եւ հոդաբաշխ միտք արտահայտելու լուրջ խնդիր ունի, նախընտրեց ուղղակի փախչել մեր հարցերից, որ չպատասխանի՝ Արցախը հանձնելու եւ հազարավոր զոհերի՞ համար էր ծափահարում, թե՞ այլ բանի։ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանն էլ մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն Արցախի 75 տոկոսը հանձնեց թշնամուն, ինքը դրա՞ համար էր ծափ տալիս, ասաց․ «Ես ծափահարեցի, որ Հայաստանը եւ Արցախն ունենան լավ ապագա»։ Որտե՞ղ, Թուրքիայի տիրապետության տա՞կ, թե՞ Հայաստանի։ «Իհարկե, Հայաստանի»,- հպարտ հայտարարեց Փաշինյանի վաղեմի ընկերը։ «Ուսապարկերի» խմբակցությունից մի իգական սեռի «ուսապարկ» էլ՝ Արփի Դավոյան անունով,  հարցին, թե ինչու էր ծափահարում, ասաց․ «Էդպես էր պետք»։ Հարցրինք՝ Արցախը հանձնելու եւ հազարավոր զոհերի՞ համար էր այդպես պետք, նա պատասխանեց․ «Ծափահարությունները չէին վերաբերում զոհերին կամ Ձեր ասած շահարկումներին»։ Դրանից հետո էլի ինչ-որ անիմաստ մտքեր արտաբերեց՝ ցույց տալով լրագրողների հանդեպ իր ագեսիան, ու հեռացավ։

Նախարարները եւս ներկա էին երեկվա ներկայացմանը, նրանք էլ էին հոտնկայս ծափահարում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ խոստանալով դրանց անդրադառնալ իր առաջիկա ասուլիսի ժամանակ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց՝ ծափահարել է, որովհետեւ համաձայն էր Փաշինյանի հնչեցրած մտքերին։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն  ասաց՝ այո, ծափահարել է, բայց չցանկացավ մանրամասների մեջ մտնել եւ պատասխանել այլ հարցերի։