Նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը չհասցրեց պաշտոնավարել

Նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը չհասցրեց պաշտոնավարել

Դեռ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի յոթ մարզերում նոր փոխմարզպետներ նշանակվեցին, որոնք բոլորը ռազմական գործիչներ էին կամ ազատամարտիկներ։

Ավելի վաղ խորհրդարանն  ընդունել էր «Աշխարհազորի ստեղծման մասին» օրենքի նախագիծը, եւ փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում՝ աշխարհազորի կազմավորման պատասխանատվությունը դնելով փոխմարզպետների վրա։ Եւ հատուկ այս գործն անելու համար մարզպետարաններում ավելացվեց եւս մեկ փոխմարզպետի հաստիք։

Այսինքն՝ յուրաքանչյուր մարզում ձեւավորվող աշխարհազորային զորամիավորման հրամանատարը պետք է դառնա փոխմարզպետը, իսկ Երեւանում՝ փոխքաղաքապետը։ Սակայն, մեկ ամիս էլ չի անցել, իսկ այս որոշումն արդեն ժամանակավրեպ է՝ նորանշանակ փոխմարզպետներն անգամ չհասցրեցին աշխատել։

Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուց հետո արդեն անիմաստ է դառնում նորանշանակ փոխմարզպետների հաստիքն էլ, աշխարհազորայինն էլ։ Ինչո՞վ են հիմա զբաղված այդ փոխմարզպետները, արդյոք լուծարվելո՞ւ են այդ հաստիքները, ի՞նչ է անում, օրինակ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որը նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ։

Մեզ հետ զրույցում Պետրոսյանն հստակ ոչինչ չասաց։ «Այդ հրամանով նշանակված եմ, բայց ես հիմա այդ գործը չեմ ստանձնել։  Փոխմարզպետի պաշտոնում ես չեմ լինելու»։ Նաեւ ավելացրեց․ «Եթե աշխարհազորի հրամանատարի տարբերակը միայն կլինի, ուրեմն կորոշենք։ Աշխարհազորի հրամանատար ես միշտ էլ եղել եմ մեր տարածաշրջանում, իսկ քաղաքական պաշտոն չեմ ուզում»։

-Այսինքն՝ առանց ձեր համաձայնությա՞ն եք նշանակվել փոխմարզպետ։

-Մնացածն էական չէ։ Ես սահմանում եմ եղել, նոր եմ եկել։ Պարզ կլինի հետո ես կլինեմ, թե ուրիշ մարդ կլինի։

Այլ հարցերի Պետրոսյանը չպատասխանեց։