Չկատարված խոստումներ, չիրականացված ակնկալիքներ. քաղաքական դաշտը փակում է 2019-ի էջը

Չկատարված խոստումներ, չիրականացված ակնկալիքներ. քաղաքական դաշտը փակում է 2019-ի էջը

Անցնող տարին լի էր սպասումներով, հետհեղափոխական Հայաստանում բոլորն էին սրտատրոփ սպասում խոստացված փոփոխություններին։ «Թալանված» ու «ավերակված» պետություն ժառանգած իշխանությունները դեռեւս անցած դեկտեմբերին էին նախընտրական խոստումներ տվել, որ Հայաստանը վերածելու են դրախտավայրի՝ հեղեղելու են ներդրումներով, բարեփոխելու են դատաիրավական ոլորտը, ազատականացնելու են տնտեսությունը, վերածնելու են մշակույթն ու կրթությունը։ Ինչ ունենք տարեվերջին, ինչպիսին էր անցնող քաղաքական տարին՝ գնահատում են քաղաքական գործիչները՝ ներկապնակի երկու կողմերից․ սեւ եւ սպիտակ։ Ի դեպ, մեկ օր առաջ «Իմ քայլը», ամփոփելով անցնող տարին, հայտարարեց, որ զարգացումներն ակնհայտ են, եւ որ իրենք պարզճակատ ասում են, որ էականորեն տարբերվում են նախորդներից։

Նիկոլ Փաշինյանին սատարելու վճռականությամբ քաղաքական տարին սկսած «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը խոստովանում է՝ մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեին տարբեր ռեֆորմների հարցում, բայց ցավով արձանագրում է, որ դրանք իրականություն չդարձան․ «Սահմանադրական փոփոխություններ, դատաիրավական բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձեւավորում, իրավապահ համակարգի առողջացում եւ վերափոխում, ինչպես նաեւ նոր Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի ընդունում, կուսակցությունների պետական աջակցության վերանայում, ինչպես նաեւ հարկային օրենսդրության ռեֆորմը, որը 2019-ին ուղղակի կարկատանի ենթարկվեց, որովհետեւ մենք դեռեւս ստվերային տնտեսության համար գրված Հարկային օրենսգրքով ենք ապրում, բայց ուզում ենք ունենալ սպիտակ տնտեսություն: Եվ քանի որ այս խոստումները չկատարվեցին, մենք 2020 թվական ենք մտնում չկատարված խոստումներն իրականություն դառնալու նոր ակնկալիքներով»: Այսինքն՝ չե՞նք կարող տարին հեղափոխական անվանել։ «Հեղափոխությունն ավարտվել է դեկտեմբերի 9-ին, դրանից հետո «հեղափոխություն» բառն օգտագործելն ուղղակի պարապ զբաղմունք է։ Հեղափոխությունն ավարտվել է, մարդիկ պետք է աշխատեն»։

Հեղափոխությանը «ջուր հասցրած» ԲՀԿ-ն էլ դրական տպավորություններով չի փակում անցնող տարվա էջը։ Նաիրա Զոհրաբյանն արձանագրում է՝ այն խնդիրները, որոնք հեղափոխական իշխանությունը դրել էր իր առջեւ, այն խոստումները, որոնցով եկել էին իշխանության, չեն իրականացվել․ «Այո, կոռուպցիայի դեմ որոշակի պայքարն ակնհայտ է, բայց դա սարքել դրոշ եւ ասել, որ բոլոր խնդիրներն ավտոմատ պետք է լուծվեն կոռուպցիայի դեմ պայքարով, մենք էլ տեսնում ենք, որ այդպես չէ։ Որովհետեւ, եթե երկրում չկան ներդրումներ, պարզվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը դրա համար ոչ միայն բավարար, այլեւ խիստ անբավարար պայման է։ Այսինքն՝ հռչակված տնտեսական հեղափոխության դոկտրինը չի կատարվել, բարեկեցության աճ կամ փոփոխություն ՀՀ քաղաքացին չի զգացել։ Երբ որ ՀՀ քաղաքացին կասի, որ ինքն այսօր ավելի լավ է ապրում, քան երեկ, մենք կարող ենք խոսել, որ տնտեսական հեղափոխությունը սկսում է աշխատել»։

Նաիրա Զոհրաբյանը խնդրահարույց համարեց մամուլի հանդեպ թիրախավորված  վերաբերմունքը․ «Քաղաքական առումով ինձ շատ մտահոգում է ատելության այս գերդոզան, որը ես համարում եմ լրջագույն գերնահանջ։ Ատելության այս գերդոզան, որը հետեւողականորեն գեներացվում է, ես սա համարում եմ երկրի ժողովրդավարացման ամենալրջագույն մարտահրավերներից մեկը։ Ինձ մտահոգում է մամուլի հանդեպ այս թիրախավորված վերաբերմունքը։ Ինձ մտահոգում են կուլիսային խոսակցությունները, օրենսդրական այս կամ այն նախաձեռնությունները, որոնցից մամուլը, ազատ խոսքն օրենսդրորեն ճնշելու, «սեղմելու» մտավախություն եմ տեսնում։ Այն վատ ավանդույթը, որը կիրառում էր նախկին իշխանությունը մամուլն իրեն ենթարկեցնելու ուղղությամբ, ցավոք, տեսնում ենք նաեւ այսօր, ամեն դեպքում՝ նման տրամադրություններ կան»։
Մշակութային ոլորտի մասին Զոհրաբյանը կգերադասեր «համեստորեն լռել», «որովհետեւ, եթե մշակույթ ներկայացվեց Հանրապետության հրապարակի մետրոյի այդ անտաղանդ, անճաշակ եւ հակահիգիենիկ գռեհկաբանությունը, եւ եղան մտավորականներ, որոնք դա պաշտպանեցին ու ներկայացրին փորձարարական արվեստ, ուրեմն մենք նվազագույնը կարող ենք խոսել ճաշակի դեգրադացիայի մասին։ Սա վտանգավոր տենդենց է արժեքային համակարգն աղտոտելու եւ այդ համակարգի վրա ցեխ շպրտելու առումով»։ Զոհրաբյանը նկատի ուներ աղմկոտ «Հուզանք եւ զանգ» ներկայացումը։

Արտաքին քաղաքական գործընթացներում, մասնավորապես՝ արցախյան խնդրի կարգավորման բանակցություններում, Զոհրաբյանը ոչ այնքան հետնահանջ, որքան անհասկանալի իրավիճակ է արձանագրում․ «Սկզբում ասվում է, որ բանակցություններ չկան, դրանք ընդամենը կոնսուլտացիաներ են, հետո խոսում են ինչ-որ փաստաթղթերի մասին։ Բայց քանի որ ինֆորմացիայի պակաս կա, ես կդժվարանամ խոսել՝ այս պահին ունե՞նք բանակցություններ, թե՞ դրանք ընդամենը կոնսուլտացիաներ են»։ ԵՄ-ի հետ հարաբերություններում, փոխարենը, դրական տեղաշարժ կա․ «Եվրոպան ակտիվորեն ողջունել է հեղափոխությունը եւ բոլոր հնարավոր միջոցներով կարծես թե պատրաստ է սատարել հնարավոր բարեփոխումներին, որը բերում են հեղափոխական իշխանությունները։ Այս առումով շատ ավելի ակտիվ են կապերը ներկա իշխանությունների եւ ԵՄ տարբեր կառույցների, քան նախորդ իշխանության։ Բայց թե այդ բարեփոխումները որքանով կբերեն էական տնտեսական բեկման եւ փոփոխության, դեռ տեսանելի չէ»։

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր եւ խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը կարծում է, որ ձեռքբերումներ չեն եղել․ «Այս տարվա ընթացքում իսկապես փորձել են Արցախը վերադարձնել բանակցային սեղան, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից այդ փորձերն արվել են այնպես, որ հակառակ արդյունքն է արձանագրվել»։ Նրա խոսքով՝ Արցախը բանակցային սեղան չի վերադարձել, իսկ այն ձեւակերպումները, որոնք օգտագործվել են, բերել են նրան, որ Ադրբեջանը վերակենդանացրել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասկացությունը:
«Կա՛մ մեր իշխանություններն այդ հարցում անկեղծ չէին, կա՛մ էլ բավարար կոմպետենտ չէին միջազգային հարաբերություններում, որպեսզի դա իրականացնեին այնպես, որ տարվա սկզբում ձեւակերպված նպատակն իրականության վերածվեր»:

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Փաշինյանի իշխանության գործունեության ամենաճիշտ «դիագնոզը» տվել է արդեն նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ «կանգ առ եւ սթափվիր» կոչով․ «Նա մի մարդ է, որն ամենաշատ ինֆորմացիայի է տիրապետում եւ ասում է՝ կանգ առ ու սթափվիր»։ Շարմազանովի գնահատմամբ՝ անցնող տարին «սուտ եւ չիրականացված խոստումների, աբսուրդային հայտարարությունների եւ պետական ինստիտուտների վրա հարձակման» տարի էր․ «Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, թռիչքային զարգացում էր խոստանում, ներգաղթ ու ներդրումներ, տնտեսական հեղափոխություն, բայց այդ բոլոր ոլորտներում նա որեւէ դրական, թռիչքային առաջընթաց չի արձանագրել։ Եթե չասենք հակառակը՝ ներդրումները պակասել են, ներգաղթ չկա, թռիչքային զարգացում չկա։ Կա ապրելակերպի թռիչքային բարելավում իր եւ իր թիմի համար։ 10 ամսում 14 անգամ պարգեւատրում են Ազգային ժողովում։

Ըստ մամուլի՝ 2 միլիոն դոլար տրամադրում են վարչապետի առանձնատունը վերանորոգելու համար, 350 հազար դոլար՝ լոսանջելեսյան այցի, 55 միլիոն դոլար՝ նոր ինքնաթիռ գնելու, նախարարների աշխատավարձերը թաքուն 1.5 միլիոն են սարքում։ Շարքը կարելի է շարունակել»։ Աբսուրդային հայտարարությունների մասով էլ հիշեց․ «Տարեսկզբին վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալ են, բայց տարին ավարտվում է, իսկ որեւէ գործակալ բացահայտված չէ։ Հետո իմացանք, որ Արցախում դավադիր ուժեր կան, որ պատերազմ են ուզում, բայց այդպես էլ չբացահայտեցին, թե ովքեր են նրանք։ Եվ այսպես շարունակ»։ Ոչ մի լավ բան չի՞ եղել անցնող տարում։ «Եթե լավ բանն այն է, որ մենք դեռ ձերբակալված չենք, իսկ ձեր խմբագրության վրա դեռ հարձակում չի եղել, ընդունեք, որ լավ բան եղել է»։ Ապա Շարմազանովը թվարկեց այն լրատվամիջոցների անունները, որոնց նկատմամբ ճնշումներ են եղել այս տարի։